«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աժ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով մեղադրյալներից Արաքս Դիլանյանը բողոք է ներկայացրել գործը վերաբացելու դեմ:

Ինչպես հայտնի է, իրավապահները դեռ փնտրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար մեղադրվող Արամ Հարությունյանին՝ նրա նկատմամբ հայտարարելով հետախուզում: Այդ գործով անցնում է նաև Դիլանյանը:

Գործը վերաբացելու դեմ իր կարծիքն էր հայտնել նաև Սիլվա Համբարձումյանը` նշելով, որ գործը կարճել է այն ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. քաղաքական կամք չի եղել այն բացահայտելու:

Սակայն զարմանալի է, որ Արամ Հարությունյանի վերաբերյալ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել` ապացույցների անբավարարության հիմքով: Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին:

Թարմացնենք գործարար Համբարձումյանի հիշողությունը, որ Գևորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է եղել 2015 թվականից մինչև 2016 թվականը և գործը մինչև վերջ չի տարել, քանի որ հրաժարական է տվել դատախազի պաշտոնից: Աժ նախկին պատգամավորի կաշառքի գործը կարճել է ներկայիս դատախազ Արթուր Դավթյանը և կրկին վերաբացել է հեղափոխությունից հետո:

Հետաքրքիր է, թե ինչու է Սիլվա Համբարձումյանը փորձում այս պատմությունից փրկել Արթուր Դավթյանին: Միգուցե այս իրավիճակում գործում է այն խնդիրը, որը երեկ Ազգային ժողովում բարձրացրեց Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը, երբ դիմեց վարչապետին` նշելով. «Մենք պիտի պաշտպանենք, որպեսզի մարդու ոտի տակ փոս փորողների նոր ինստիտուտ չձևավորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: