Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարց հղեց՝ ինչ է արվում այժմ՝ բանակում հակամարտության հետ կապ չունեցող դժբախտ դեպքերը նվազեն: Փաշինյանը նշեց, որ սա ամենակարևոր հարցերից մեկն է, մեր բանակի ամենացավոտ խնդիը: «Մի ժամանակ ասում էին՝ բանակը մեր սրբությունն է, եկեք նման բաների մասին չխոսենք: Ես ասում եմ, ո՛չ, բանակը մեր սրբությունն է և պետք է սրբենք այն, մաքրենք վատ բարքերից: Ինձ շատ հետաքրքիր էր, թե իմ որդին ինչպե՞ս է ծառայում բանակում: Եվ ես անկեղծ ասած մի քիչ չարաշահել եմ ու խնդրել եմ ինձ տեղեկացնել, թե ինքն ինչպես է ծառայում: Իմ որդին մասնակցում է բոլոր աշխատանքներին, այդ թվում և տարածքը մաքրելու, որովհետև եթե ես, լինելով Հայաստանի վարչապետը կարող եմ Երևանի կենտրոնում վերցնել ծխախոտի մնացորդն ու հավաքել տարածքը, ապա իմ որդին պետք է ոչ թե ամաչի, այլ հպարտանա նույնիսկ տարածքը մաքրելուց:

Ես հույս ունեմ, որ մյուս զորամասերում էլ կլսեն, որ վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը զապադլո չի, ավել անելը «զապադլո» չի, կոկիկ լինելն ու շարքային նորմալ զինվոր լինելը «զապադլո» չի, ներողություն այս բառի համար: Այս ամենը կօգնի, որ բոլորը հասկանան, որ իրավիճակ, այո, փոխվել է»,- ասաց Փաշինյանը: