Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ԳԱԼԱ-ին մանրամասներ հաղորդեց մարտի 29-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել Գյումրիի թիվ 24 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ:

Գաբրիելյանը հայտնեց, որ որդուն կախված վիճակում հայտնաբերել է մայրը: Որեւէ գրություն չի հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Որեւէ վարկած, թե ինչը կարող էր 10-ամյա տղային դրդել ինքնասպանության, իրավապահ մարմիններն առայժմ չունեն:

ՇՄ դատախազն ասաց, որ այս պահին քննչական կոմիտեի կողմից կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անձին ինքնասպանության հասցնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարցին, թե մայրը որդու պահվածում արդյոք նկատե՞լ է արտառոց վարքագիծ, ունի՞ վարկածներ, թե ինչն է տղային դրդել նման քայլի, Կարեն Գաբրիելյանն ասաց, որ մայրը դեռեւս ի վիճակի չէ ցուցմունք տալու: