1977 թվականի օգոստոսի 12-ին Արտաշատի շրջանի գյուղերից մեկում մի գյուղացի իր հողամասում աշխատելիս անծանոթ տղամարդու կտրված գլուխ հայտնաբերեց: Ահաբեկված գյուղացին ահազանգեց Արտաշատի ՆԳ բաժին:


Մի քանի օր անց հարևան գյուղում ևս մի գյուղացի իր հողամասում տղամարդու կտրված ոտքեր գտավ:

Դատաբժիշկը եզրակացրեց, որ հայտնաբերված գլուխն ու ոտքերը նույն տղամարդունն են:

Արտաշատի շրջանի հիշյալ գյուղերի դաշտերում վարժեցրած շների մասնակցությամբ որոնողական աշխատանքներ կատարվեցին: Երկու գյուղերի սահմանային թփուտներում շները հայտնաբերեցին սպանված տղամարդու իրանն ու մյուս մարմնամասերը:

Կատարվածն արտառոց էր: Մասնատված տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները որոշ ժամանակ արդյունք չէին տալիս: Վերջին երկու ամսվա ընթացքում անհետ կորած որևէ տղամարդու վերաբերյալ հայտարարություն չէր եղել:

Տարածաշրջանում օպերատիվ աշխատանքները սկզբում արդյունք չէին տալիս, թվում էր՝ գործի բացահայտումը փակուղի է մտել: Մի օր էլ տեղեկություն ստացվեց, որ Արարատի շրջանի գյուղերից մեկում մի քանի տարի առաջ բնակություն հաստատած երիտասարդ ամուսինները հյուր են ունեցել, որի տարիքն ու արտաքինի նկարագրությունը ինչ-որ չափով մոտ էին մասնատված տղամարդու տվյալներին…

Երիտասարդ ամուսինները՝ Վարդանն ու Հայկուշը, Արարատի շրջան էին եկել ու բնակություն հաստատել Վրաստանի սահմանամերձ գյուղերից մեկից: Վերջին շրջանում նրանց հյուրն էր եղել Վարդանի հայրը, որը, ըստ ամուսինների հավաստիացումների, մեկնել էր Կ.՝ իր տուն:

Անմիջապես այդ բնակավայր գործուղվեց օպերատիվ խումբ, որը պարզեց, որ Վարդանի հայրը տանը չէ՝ նա համագյուղացիներին ասել էր, թե որդու տուն է մեկնում ու դեռ չէր վերադարձել որդու տանից…

Օպերատիվ խումբն այդ բնակավայրում աշխատելով՝ պարզեց, որ Վարդանի ծնողներն այնտեղ մեծ ու հարուստ տունուտեղ ունեին: Մի քանի տարի առաջ Վարդանի մայրը մահացել էր: Վարդանը հոր առաջ պահանջ էր դրել՝ տունը կտակել իրեն՝ ի՞նչ իմանաս՝ ի՞նչ կարող է պատահել: Բայց հայրը մերժել էր Վարդանի պահանջը՝ ասելով, թե ունեցվածքը զավակների միջև հավասարաչափ է բաժանելու:

Վարդանը նեղացել էր հորից, կնոջը վերցրել ու տեղափոխվել էր Արարատի շրջան…

Մի քանի տարի հայր ու որդի չէին հանդիպել: Բայց ծնողը կարոտել էր որդուն, որոշել էր այցելել, տեսնել՝ ինչպե՞ս է ապրում:

Նրան լավ էին ընդունել, հայրը մտածել էր՝ որդին խելքի է եկել: Մեկ շաբաթ անց հայրը որդուն ու հարսին իր գոհունակությունն էր հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստվել էր մեկնել իր տուն:

Երեկոյան սեղան էին նստել, հրաժեշտի ճաշկերույթ էին արել, որի ավարտին որդին հոր հետ առանձնացել ու նույն պահանջն էր առաջ քաշել՝ տունն ամբողջությամբ կտակել իրեն:

Հին վեճը հոր և որդու միջև նորից ծայր էր առել: Հայրը նախատել էր որդուն ու պնդել, թե հայրական տանից բաժին պիտի ստանան բոլոր զավակները…

Հոր և որդու վեճը թեժացել էր: Վեճի ընթացքում Վարդանը դանակի հարվածներով սպանել էր հորը: Իսկ հետո մասնատել էր դիակը, մարմնամասերը հարևան շրջանի դաշտերում «շաղ էր տվել»՝ մտածելով, թե կենդանիները կհոշոտեն, սպանությունը չի բացահայտվի…

Հոր մարմնամասերը դաշտերում ու թփուտներում շաղ տալուց հետո Վարդանը շարունակել էր առերևույթ անվրդով ապրել սովորական առօրյայով ու մտորել, թե ինչպես է տեր դառնալու հայրական տանը և ունեցվածքին…

Երբ Վարդանին հարցուփորձ էին արել հոր գտնվելու վայրի վերաբերյալ, նա ներկայացրել էր, թե հորը ինչպես կարգն է՝ ճանապարհել է՝ ջերմորեն հրաժեշտ է տվել ու նստեցրել է համապատասխան ավտոբուսը, հայրն էլ տեղ է հասել ու զանգ է տվել…

Վարդանին տարել էին դիահերձարան՝ անհայտ տղամարդու դիակի ճանաչման գործողության շրջանակներում: Եվ Վարդանը, արդեն անկարող լինելով ստել, ճանաչել էր հորը…

Շուտով նա փոխել էր ցուցմունքները, խոստովանել էր, որ ինքն է սպանել հորը, մասնատել է դիակը: Որպես սպանության դրդապատճառ՝ նշել էր հետևյալը. «Կնոջս առաջարկություն էր արել, ես էլ չդիմացա, աչքերիս առաջը սևացավ…»:

Սակայն գործի քննության ընթացքում ներկայացված հանգամանքը չհաստատվեց: Հիմնավորվեց, որ սպանությունը կատարվել է ժառանգության ու կտակի վերաբերյալ վիճաբանության ժամանակ…

Վարդան Դ.-ն դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չճանաչեց ու չզղջաց:

Գերագույն դատարանը նրան մեղավոր ճանաչեց հորը դիտավորյալ սպանելու համար ու դատապարտեց 13 տարի ազատազրկման: