«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիա կատարած ԱԺ նախագահի մեծածավալ-ներկայացուցչական այցին ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովից որևէ մեկը չի մասնակցել, դա նորմա՞լ եք համարում՝ հարցրինք համանուն հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանին։

«Նորմալ եմ համարում, որովհետև, ըստ էության, այցն ինքնին և ամբողջովին եվրաինտեգրման հարցերով չէր, այն բազմազան էր, այդ թվում և` տնտեսական, դրա համար կարևոր էր, որ Բաբկեն Թունյանն ու Ծովինար Վարդանյանը պատվիրակության կազմում լինեին»:

Մամուլում բոլորովին այլ ինտերպրետացիա եղավ` Արման Եղոյան-Արարատ Միրզոյան «խնդրով» բացատրվեց այն։ «Ես տեղյակ չեմ` կա՞ նման թնջուկ, թե՞ ոչ, գոնե ես չեմ նկատել»:

Ի դեպ, բավականին հետաքրքիր են դասավորվում նաև հարաբերությունները «նախկինների» հետ. օրերս կազմակերպված ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված կոնֆերանսին «նախկինների» հետ էիք մասնակցում, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ մատնանշեց ՍԵՊԱ-ի «վրա» նախկինների աշխատանքը, ընդմիջմանը` զրույց, բարև-բարլուս, «իրավիճա՞կ է փոխվել»։

«Գիտեք` Եվրանեսթ գնալուց առաջ էլ Մխիթար Հայրապետյանը, այո, հանդիպեց Արմեն Աշոտյանին, դա շարունակական աշխատանք էր, և ես վստահ կարող եմ ասել, որ այն ժամանակ, երբ պարոն Աշոտյանն էր ղեկավարում Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունը, բավականին աշխատանք էր տարվել, և այդ աշխատանքն ինստիտուցիոնալ մակարդակում պահպանել էր պետք. ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համաձայնագրի դեպքում ևս, երբ խնդիրը վերաբերում է պետական շահին` նախկին, նոր տարբերակումներ երբեք չեն լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: