Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահազանգ ԿԳ նախարարին!!!
Պարոն Հարությունյան, վերջերս հայտարարեցիք, որ բուհերի հենակետային ավագ դպրոցներում սեպտեմբերից գիտելիքների գնահատման կրեդիտային համակարգ է ներդրվելու, որի վերաբերյալ քննարկումներին սպասում են ավագ դպրոցների տնօրենները։ Արդեն ապրիլ ամիսն է, սակայն ո՛չ կրեդիտային համակարգի մասին քննարկումները կան, ո՛չ փաստաթղթի վերջնական տարբերակը։ Ինչպե՞ս եք պատկերացնում սեպտեմբերից այն ներդնել, չէ՞ որ դա մի գործընթաց է, որի վերաբերյալ տեղեկացված չեն ո՛չ մանկավարժները, ո՛չ աշակերտները, ո՛չ նրանց ծնողները, այսինքն նախ վերապատրաստումներ պետք է անցնեն մանկավարժները, տեղեկացված լինեն աշակերտները, ծնողները։ Ընդհանրապես, կրթության ոլորտում տարօրինակ վիճակ է ստեղծվել, նախարարի մակարդակով արվում են հայտարարություններ, բայց Կրթության ազգային ինստիտուտի լուծարման շեմին, դպրոցների տնօրեններն ու մանկավարժները չգիտեն, ո՞ւմ դիմեն, ո՞վ է կոմպետենտ պատասխանել այս կամ այն կրթական խնդրի բովանդակային լուծումը գտնելուն։ Կոնկրետ, կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված, այդպիսի վիճակում ենք Հերացի ավագ դպրոցում»։