«Մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, որովհետև շատ դաժան հակահարված կստանա: Անձնապես, բոլորն առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական», կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշ գազալցակայաններում գազի գնի թանկացման վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Նա հայտարարել է, որ կառավարությունը չի արել որեւէ քայլ, որը կարող էր բերել գազալցակայանում գնաճի պատճառի, եւ ըստ այդմ մեծ հավանականությամբ խոսքը որոշ սեփականատերերի մանիպուլյատիվ փորձի մասին է:

Թե հատկապես ովքեր են նրանք, կամ ովքեր կարող են լինել, վարչապետը չի մանրամասնել, սակայն հատկանշական է, որ օգտագործել է «որոշ նախկին օլիգարխներ» արտահայտությունը, թեեւ շեշտել նաեւ, որ իր խոսքը վերաբերում է բոլորին առանց բացառության: Նա ասել է նաեւ, որ զգուշացնում է վերջին անգամ:


Հայաստանում գազալցակայանների բիզնեսը, հատկապես Երեւանում ու երեւանամերձ ռեգիոններում, որտեղ լիցքավորման պահանջարկը բավականին մեծ է, գտնվել է ոչ պատահական մարդկանց ձեռքին: Նախկին իշխող համակարգում այդ գերեկամտաբեր ոլորտը եղել է քվոտավորման ենթակա ոլորտներից մեկը: Ընդ որում, խոսքը նաեւ ստվերային ամենամեծ ոլորտներից մեկի մասին է: Այնտեղ տարիներ շարունակ գործել է այսպես ասած «թեյավճարի» ինստիտուտը, միեւնույն ժամանակ ամիսներ առաջ ՊԵԿ ուսումնասիրությունը պարզել էր, որ եղել է սպառվող գազի թերհայտարարագրման երեւույթ:

Հայկական մամուլում տարբեր տարիներ բազմաթիվ հրապարակումներ են եղել գազալցակայանների սեփականատերերի մասին, որոնց շարքում նշվել են Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի անունները, գազալցակայանի սեփականատեր է Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Ի դեպ, այդ իմաստով շատ խորհրդանշական է հնչում Փաշինյանի հայտարարությունը «կաավարության հակահարվածի ուժը ծնոտին զգալու» առումով: Տարիներ առաջ խորհրդարանում հենց Մհեր Սեդրակյանն էր իրեն հարց տվող լրագրողին սպառնացել, թե ծնոտը կպոկի: Իհարկե, կարող են լինել «ծնոտի» հետ նաեւ տարբեր այլ ասոցիացիաներ:

Բոլոր դեպքերում հատկանշական է, որ վարչապետը կոշտ հակահարվածի զգացողության մասին զգուշացնում է «առանց բացառության»:

Ընդհանուր առմամբ, խնդիրն իհարկե գտնվում է շատ ավելի խորության մեջ, քան վարչապետի եւ նախկին օլիգարխիայի կամ նախկին համակարգի փոխհարաբերությունը, թեեւ այստեղ նույնպես կան համակարգային մետաստազներ, որոնք գործում են նոր իրավիճակի եւ հանրային մթնոլորտի քայքայման ուղղությամբ: Այդուհանդերձ, կոնկրետ գազալցակայանների ոլորտում, ինչպես իհարկե գործնականում գրեթե բոլոր սեգմենտներում, խնդիրը գտնվում է նաեւ Գազպրոմ-Արմենիայի եւ գազալցակայանների սեփականատերերի փոխհարաբերության տիրույթում: Որքանո՞վ է պետությունն արդյունավետ վերահսկում այդ փոխհարաբերությունը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am