Շոտլանդիայի Գլազգո քաղաքի բնակչուհի, 18-ամյա Էմմալուիզ Լեգեյթն իր հղիության մասին իմացավ ծննդաբերությունից 45 րոպե առաջ։

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, Էմմալուիզը առաջնեկի ծնվելուց հետո հակաբեղմնավորիչներ էր ընդունում եւ չէր ծրագրում երկրորդ երեխան ունենալ։ 2018 թվականի հուլիսի 17-ի առավոտյան նրա փորը հանկարծ կլորացավ, թեեւ դեռ նախորդ օրվա երեկոյան լրիվ հարթ էր։ Աղջիկը շտապօգնություն կանչեց եւ 45 րոպե հետո Սիարա անունով մի առողջ մանկիկ լույս աշխարհ բերեց։

Էմմալուիզի խոսքով՝ մինչ այդ նա մի փոքր գիրացել էր եւ փորձում էր նիհարել, բայց փորը բոլորովին հղի կնոջ փորի նման չէր։

«Ես հղիության թեստ չեմ արել։ Ոչ մի նշան չկար։ Ոչ մի։ Բժիշկները չեն կարողանում բացատրել, թե ինչու ես փոր չունեի,- պատմում է Էմմալուիզը։- Նրանք միայն ենթադրում են, որ երեխան կարող էր մեջքի կողմում գտնված լինել։ Այդպես հաճախ է լինում»։

Նրա խոսքով՝ իր հղիության ժամանակ նրա սիրտը չի խառնել, ուտելիքի հանդեպ նախասիրություններ չեն առաջացել, ավելին՝ չի զգացել, թե ինչպես է երեխան «խաղում»։ Իհարկե, դաշտան մի քանի ամիս չի ունեցել, բայց Էմմալուիզը կարծել է, թե դա հորմոնալ հակաբեղմնավորիչների կողմնակի հետեւանք կարող էր լինել։

Երկրորդ երեխայի ծնվելուց հետո Էմմալուիզը ներարգանդային պարույր է դրել եւ սկսել է կանոնավորապես հղիության թեստ անցկացնել։