Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո Ալիեւը հայտարարեց, թե թույլ չի տվել փոխել բանակցային ձեւաչափը: Հայաստանի վարչապետը դրան ի պատասխան հայտնեց, որ Բաքուն փաստորեն նենգափոխել է իրողությունը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վիեննայում բարձրացրել է Արցախը բանակցային ձեւաչափ վերադարձնելու հարցը ու Երեւանի համար դա անշեղ գիծ է:

Առավել հետաքրքիր էր Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել՝ ավարտվել է միայն դրա առաջին փուլը, սակայն պատերազմը շարունակվելու է: Վիեննայից հետո մարտաշունչ հայտարարությամբ աչքի ընկավ նույնիսկ Ալիեւի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան, ասելով, թե Ադրբեջանի դրոշը ծածանվելու է Արցախում:

Մինչ այդ իհարկե Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանն էր հայտարարել, որ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը մերժված է եւ հայկական զինուժն ու պետությունը առաջնորդվում են «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքով: Նիկոլ Փաշինյանը Երեւանում հայտարարեց, թե պաշտոնանկ կաներ պաշտպանության նախարարին, եթե նա հայտարարեր այլ բան:

Վիեննայի հանդիպումից հետո հնչած զուսպ տոնայնությամբ կարծիքներն ու մարդասիրական նախաձեռնությունների շուրջ պայմանավորվածության մասին խոսակցութունները կարծես թե չեզոքացան, այդպես էլ մանրամասնած չլինելով, թե ինչի վերաբերյալ էին դրանք: Արդյոք Բաքուն հերթական անգամ հրաժարվեց Վիեննայից, թե՞ Ալիեւի եւ Ալիեւայի հայտարարությունները Վիեննայի վերաբերյալ Բաքվում առաջանալիք հարցերը զսպելու համար էին:

Իսկ հարցեր առաջացնում էր թերեւս Նիկոլ Փաշինյանի ելույթը Վիեննայում, որը հանդիպման տոնայնության, մթնոլորտի, շեշտադրումների մասին է, եւ որը փաստացի նաեւ որոշակի ասելիք էր Ադրբեջանի հանրությանը, ինչին անդրադարձել եմ Վիեննայից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին ուղերձն ադրբեջանցիներին. Հաղթանակը հոդվածում:

Ալիեւն իհարկե այնքան է փակել Ադրբեջանի հանրությանը, որ գործնականում զրկել է հրապարակային հարցերի հնարավորությունից, սակայն մյուս կողմից հարցերն առաջանում են, այդ թվում ոչ միայն հանրային, այլ իշխանական կուլիսներում, ու կարեւոր չէ՝ դրանք հնչում են, թե ոչ: Ալիեւն անշուշտ հասկանում է, որ հարցերն առկա են եւ ձեւավորում են տրամադրություններ, առանց այդ էլ տարիներ ի վեր բավական հակասական իշխանական համակարգում:

Համենայն դեպս, խոսելով պատերազմի առաջին փուլի ավարտի մասին, Ալիեւը թողնում էր զինվորականության առաջ արդարանալու տպավորություն, թե ինչու չի պատերազմում: Ըստ այդմ նա փորձում էր ցույց տալ, որ բանակցությանը «հաղթում» է: Սակայն հատկանշական է, որ նա իջեցրել է իր «հաղթանակի» նշաձողը եւ փաստորեն հասցրել այնտեղ, որ ձեռքբերում է դիտարկում Արցախի վերադարձ թույլ չտալը:

Հատկանշական է նաեւ, որ նախկինում զգալիորեն ավելի հանդուրժողության դիրքերում մնացող Մեհրիբան Ալիեւան էլ դրսեւորել է մարտաշունչ հռետորաբանություն, թերեւս ամուսնու հետ ներկլանային պայմանավորվածության արդյունքում, հաշվի առնելով այն, որ Մեհրիբանը լինելով Ալիեւա, այդուհանդերձ երկրորդ բեւեռի՝ Փաշաեւների կլանի ներկայացուցիչն է:

Ալիեւը գործնականում ստիպում է Փաշաեւներին հավասարապես ստանձնել պատասխանատվություն Վիեննայի համար, ադպիսով կանխելով գործընթացը երկրի ներսում իր դեմ օգտագործելու, միաժամանակ էլ զուգահեռաբար միջազգային հանրության մոտ իրենից ավելի կառուցողական եւ հանդուրժող երեւալու հնարավորությունը: Առավել եւս, որ Ալիեւի համար միջազգային իրավիճակը չափազանց անբարենպաստ է, Բաքվում իշխանական ստատուս-քվոյի միջազգային առանցքային դերակատարները գտնվում են հարաբերությունների սուր պարզաբանումների փուլում, եւ Վիեննայում նա գործնականում ժամանակ էր շահում ոչ թե պատերազմի պատրաստվելու, այլ իշխանությունը պահելու համար:

Դա անշուշտ չի նշանակում, որ Հայաստանն ու Արցախը երբեւէ պետք է դադարեն պատրաստվել պատերազմի, պարզապես զուգահեռաբար ներկայում Երեւանն ու Ստեփանակերտը ունեն քաղաքական կարեւոր որոշման խնդիր՝ պահե՞լ Ալիեւին, թե՞ ոչ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am