«Հաց բերող» Արթուր Սարգսյանի փեսան՝ Ջեք Կայաջյանը, Լոս Անջելեսում հավակնում է քաղաքային խորհրդի անդամ դառնալ, ինչը բարձր պաշտոն է համարվում ԱՄՆ-ում։

Կայաջյանը «Հաց բերողի» աղջկա՝ Արուսի ամուսինն է։ Նրանք ամուսնացել են 2017թ․և ունեն մեկ որդի։

Araratnews.am-ի տեղեկություններով՝ Արուսը մոր հետ տարիներ առաջ տեղափոխվել է ԱՄՆ և այնտեղ մեծացել, բայց հոր՝ Արթուր Սարգսյանի հետ կապը շարունակվել է։

Ինչ վերաբերվում է Արուսի ամուսնուն՝ Ջեքին, նա ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում։ Աշխատել է Լոս Անջելեսի քաղաքապետարանում, քաղաքի փաստաբանական բյուրոյում և հասարակական տարբեր կազմակերպություններում՝ աջակցելով տարբեր համայնքներին։

Իր ինքնակենսագրականից հայտնի է դառնում, որ Ջեքի հայրը կոշիկի բիզնեսով է զբաղվել և տղային փոքր տարիքից սովորեցրել է սեփական քրտինքով գումար վաստակել, ինչը Ջեքը բարձր է գնահատում։

Ջեքը մեծ ներդրում ունի նաև հայկական համայնքի տարբեր խնդիրները վեր հանելու հարցում։ Մասնավորապես Հայաստանից ԱՄՆ գնացած և այնտեղ հաստատաված համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել է անգլերեն լեզվի դասընթացներ, որ վերջիններս ավելի հեշտ ինտեգրվեն հասարակությանը։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 4-ին։ Կայաջյանին աջակցում է ոչ միայն Լոս Անջելեսի հայ համայնքը և հայ քաղաքական գործիչները, այլև ԱՄՆ-ում հայտնի քաղաքական գործիչներ, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Նշենք, որ քարոզարշավին ակտիվ մասնակցում է Արուսը։ Ջեքի թեկնածության պաշտոնական էջում Արուսի և որդու հետ բազմաթիվ նկարներ կան։