Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, հայտարարել է, թե չի հասկանում պաշտպանության նախարար Տոնոյանի հայտարարությունը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» սկզբունքի վերաբերյալ: «Վիճակն էն է, որ հիմա ամուր նստել ենք պաշտպանության գծում, բայց ես չեմ հասկանում` ինչպես կարելի է հարձակվել, հարվածել, իհարկե, կարելի է։ Ադրբեջանը նավթի բոչկի վրա է նստած, ամեն հեկտարի վրա նավթի վիշկեք են, կարանք իսկանդերով խփենք, բայց հարձակվելը, կներեք, միայն մեր բանակով, մեր ռեսուրսներով չենք կարող։ Դիվանգիտությունը պետք է աշխատի այստեղ», ասում է գեներալը tert.am-ին:

Դիվանագիտությունն անշուշտ պետք է աշխատի եւ անվտանգության ու պատերազմի սպառնալիքները չեզոքացնելը պետք է առաջին հերթին դիտարկվի քաղաքական-դիվանագիտական ճակատում: Դա անխոս, եւ գեներալն իհարկե իրավացի է: Բայց, հենց այդ համատեքստում էլ իրավացի է պաշտպանության նախարարը, որի հայտարարությունը տեղավորվում է դիվանագիտության համար անհրաժեշտ ռազմավարության շրջանակում: Որովհետեւ, չի կարող արդյունավետ աշխատել դիվանագիտություն, որն օժտված չէ ամուր ռազմական թիկունքով, որն անհրաժեշտ պահին կարող է ապահովել հարձակում:

Ինչ խոսք, կարող է, թե չի կարող, սա է հարցը, եւ փորձառու Կոմանդոսը խոսում է դրա մասին: Բայց, այդտեղ էլ հենց տարօրինակ է, որ դրա մասին խոսում է փորձառու Կոմանդոսը, որն անցել է Արցախի առաջին պատերազմ, որը՝ ըստ տարածվող տեղեկությունների, կազմակերպել է Շուշիի ազատագրման օպերացիան: Որովհետեւ, Շուշիի աշխարհագրական դիրքն ու հայ-ադրբեջանական ուժերի հարաբերակցությունը դիտարկող ցանկացած մարդ այդ ժամանակ կտար, ու թերեւս մինչեւ հիմա տալիս է հարցը՝ ինչպե՞ս կարելի էր մտածել Շուշին գրոհելու մասին:

Բայց, հայկական ուժերը մտածել են եւ իրականացրել: Անկասկած, այստեղ իրենց դերը խաղացել են ռազմականից բացի մի շարք այլ գործոններ: Բայց, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին, այդ հայտարարությունը կառուցվում է ոչ զուտ հայ-ադրբեջանական ռազմա-տեխնիկական բալանսի պարզ թվաբանության եւ սպառազինության հատկանիշների համեմատության վրա:

Ու գործոնների այդ լայն համախմբի տրամաբանության ներքո է նաեւ արվում այդ հայտարարությունը, որը գործնականում սկսել է դեռեւս 2018 թվականի մայիսից, երբ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը, դիմելով վարչապետին, հայտարարեց, որ հայկական բանակի հետագա կառավարումը պետք է լինի այն սկզբունքով, որ Հայաստանի վարչապետին անհրաժեշտության դեպքում տա նաեւ ուժի դիրքից բանակցելու հնարավորություն:

Ինչքանով է ամուր լինելու այդ մոտեցումը, անկասկած սա լրջագույն աշխատանքի եւ քննարկումների խնդիր է: Ի վերջո, այդ հայտարարություններն ամենեւին չեն նշանակում հակառակորդի թերագնահատում: Ավելին, հենց իրավիճակի համարժեք գնահատումն է անհրաժեշտ դարձնում, որ հայկական կողմը որդեգրի հարձակողական ռազմավարություն: Ադրբեջանն իր ռազմավարությամբ չի թողնում այլընտրանք: Այլ հարց է, թե նոր մոտեցումների եւ ռազմավարության հարցում հայկական կողմը որքանով կլինի արդյունավետ: Ու պետք է խոսել իհարկե այդ մասին, արդյունավետությունը պարբերական քննության ենթարկելու եւ դրա ավելի ու ավելի բարձրացմանը նպաստելու համար:

Բայց ինչի՞ համար հայտարարել, թե միայն մեր ուժով չենք կարող հարձակվել: Հայտարարել այդ մասին, օրինակ հակառակորդին հղման հնարավորություն տալու՞ համար, այն էլ հեղինակավոր հղման:

Լեգենդար գեներալին անուղղակի պատասխանել է Հայաստանի վարչապետը, ընդհանրապես անդրադառնալով Հայաստանում տարածված «ռեալ պոլիտիկի» սինդրոմին, ավելի շուտ՝ դրա անհամարժեք ընկալման սինդրոմին:

«Թվում էր՝ չկա ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն մեր ժողովրդի համար, բայց Ղարաբաղյան պատերազմում էլ, ինչպես Սարդարապատի ճակատամարտում, տեղի ունեցավ այն, ինչը թերևս հակառակ էր բոլոր վերլուծություններին ու սառը հաշվարկներին, որովհետև սառը հաշվարկները, որպես կանոն, հաշվի չեն առնում ոգու և միասնության ուժը, որ հայ ժողովուրդն ուներ 1988 թվականից, և թույլ տվեք ասել՝ ունի նաև այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում», ԵԿՄ համագումարում իր ելույթում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Ոգու եւ միասնության ուժն անշուշտ չափելի չէ: Բայց այստեղ իհարկե յուրաքանչյուր ժողովրդի, հանրության, պետության էլիտայի հավակնություն ունեցող շրջանակների առանցքային հարցն է՝ աշխատել այդ ոգին «սառը հաշվարկներով» զսպելու՞, թե՞ գեներացնելու փիլիսոփայությամբ: Առաջինի դեպքում ժողովուրդներն ու պետությունները վերածվում են այլոց հաշվարկների օբյեկտի: Սուբյեկտ դառնում են այն հանրությունները, որոնք կառուցվում են ոգի գեներացնելու, ոչ թե հանրություններին թերարժեքության բարդույթով վարակելու եւ այն սառը հաշվարկի տակ հրամցնելու տրամաբանությամբ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am