«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կադրային ու կանոնադրական փոփոխություններ են սպասվում: ՔՊ վարչության անդամներից ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը գլխավորում է կանոնադրության, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ծրագրի նոր տարբերակների նախագծերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը:

Բացի այդ, ԵԿՄ վարչության նախագահ ընտրվելուց հետո Սասուն Միքայելյանը հայտարարել է մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին, որպեսզի ԵԿՄ-ն չկուսակցականացվի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ Միքայելյանի հրաժարականի դեպքում փոխնախագահ Սուրեն Պապիկյանը կղեկավարի կուսակցությունը, մինչեւ իրենք նոր համագումար հրավիրեն, նոր վարչության կազմ ու վարչության նախագահ ընտրեն. «Այսինքն` մենք այդտեղ պարտադրված չենք արագ վարչության նախագահի ընտրություններ կազմակերպել, որովհետեւ կա վարչության նախագահի տեղակալ, որը որ վարչության նախագահի բացակայության ժամանակ պարտականությունները կատարում է»: ՔՊ համագումարը հնարավոր է անցկացվի ամռանը, թեեւ կոնկրետ օրը դեռ որոշված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում