Որպես հայ մտավորականության ներկայացուցիչներից մեկը՝ ներքոշարադրյալ բովանդակությամբ բաց նամակ ես վաղուց գրած կլինեի, բայց դա չեմ արել՝ մտածելով, որ անիմաստ է ձայն բարբառո հանապատի:

Այսօր հույս կա, ուստի կփորձեմ բարձրաձայնել մտավորականներիս հրատապ ակնկալիքները: Տա Աստված, որ հույսներս ի դերև չելնեն:

Հայտնի է, որ մտավորականությունը ազգի սերուցքն է, քանի որ ժառանգորդաբար իր ուսերին է կրում ազգի ստեղծած գիտությունն ու մշակույթը, զարգացնում, կատարելագործում ու փոխանցում հաջորդ սերունդներին: Մտավորականները պատրաստում են կադրեր, որ երկրի գիտությունը, արտադրությունը, արդյունաբերությունը զարգացնեն, բարիք ստեղծվի, ժողովուրդը բարեկեցիկ կյանքով ապրի, գիտությունը, մշակույթը, արվեստը ոչ միայն պահպանվեն, այլև միջազգային ասպարեզում մրցունակ ու ճանաչելի լինեն:

Մտավորականներս միշտ գիտակցել ենք մեր գործի կարևորությունը, պատվով ենք ծառայել մեր երկրին ու ժողովրդին և ծառայում ենք: Սակայն արդյո՞ք արժանանում ենք համապատասխան ուշադրության: Ցավոք, ո՛չ:

Եթե համառոտ վերհիշենք անցած տարիների վերաբերմունքը մեր նկատմամբ, ապա պիտի արձանագրենք հետևյալ ցավոտ փաստերը:

Հասարակության ուշադրությունը շեղելու համար անընդհատ խոսվել է մեր կոռումպացված լինելու մասին՝ նույնիսկ առանց անմեղության կանխավարկածի: Պետական բարձրաստիճան այրերն ու չինովնիկները անխնա, օրը ցերեկով անպատիժ թալանել են երկիրը, բայց կոռումպացված են հայտարարվել դասախոսները: Օրինակ՝ ինչ-ինչ հաշվարկներ արեցին, եզրակացրին, որ դասախոսները, ընդունելության քննությունների հետ կապված իրենց ռեպետիտորական (կրկնուսույցի) աշխատանքով ու հանձնաժողովներին մասնակցելով, ահռելի, ֆանտաստիկ գումարներ են վաստակում, ուստի պետք է դրա դեմն առնել. ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ դասախոսի գրպանը հանկարծ գումար մտնի. բա իրե՞նք…

Եվ լուծեցին հարցը. բացեցին ԳԹԿ, ծնողներին համոզեցին, որ ավելորդ գումար չծախսեն կրկնուսույցների վրա. դրա կարիքը չկա. դիմորդները համապատասխան տեղերը կդնեն խաչերը: Գիտելիք պետք չէ. թող դասախոսը մաշկից դուրս գա, մասնագետ սարքի: ԳԹԿ-ն, որի գլխին կանգնած էր «Կառավարիչը», հավաքեց մասնագետներին, հանձնարարեց, որ շտեմարաններ կազմեն, ամեն մեկին մոտ հարյուր հիսունից երկու հարյուր հազար դրամ տվեցին, «ցտեսություն» ասացին, շտեմարանները հրատարակեցին ամեն առարկայից մոտ քսան հազար տպաքանակով, տարիներով վաճառեցին երեք հազար հինգ հարյուր դրամով ու գումարը դրեցին իրենց գրպանները: Այնուհետև «մարդկային գործոնը» վերացնելու համար, այսինքն՝ մասնագետին մեկուսացնելու նպատակով հայտարարեցին միասնական քննություններ ու կոռուպցիան «վերացրին»… Ինչպե՞ս:

Այսպես. «հիմնավորեցին», որ առարկայական հանձնաժողովները (թվով՝ մոտ տասներկու) անվերահսկելի են, մանավանդ որ քննություններն անցկացնում են դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ: Ուստի հանրապետությունով մեկ առանձնացրին մոտ հիսուն և ավելի դպրոցներ, տարբեր հաստատություններ, նախարարությունը ԳԹԿ-ի հետ միասին ուղարկեց վերահսկիչներ, որոնք անաղարտ կենսագրություն ունեին և ունեն. համարյա «սուրբ են»: Քանի որ մասնագետներ չեն, մտածում են երկրի ապագայի, կադրերի մասին…

Բայց ինչո՞ւ այսպես… Հանրապետության մտավորականին ոչ միայն պետք է հացից կտրել, այլ անհրաժեշտ է նաև վարկաբեկել:

Ա՛խր, պատճառը կամ նպատակը ո՞րն է: Հտևյալը: Տարիներ առաջ որոշ դասախոսների նկարներ, այն էլ՝ մեծ ֆորմատով, մի գիշերում հայտնվեցին մայրաքաղաքի տարբեր մասերի պատերին. կարծես ընտրությունների նախօրյակ լիներ: Նկարների տակ գրել էին՝ «կաշառակեր»: Ամենամոտավոր հաշվարկներից երևաց, որ ծախսվել էր առնվազն մի քանի միլիոն դրամ: Ուսանողին որտեղի՞ց այդքան գումար: Ի՞նչ փաստեր կային նման «պոռթկումի» համար: Ոչ մի փաստ չկար, բայց ակցիան անհրաժեշտ էր:

Այնուհետև: Չէին զլացել, հեռուստասերիալ էին նկարահանել, որտեղ հերոսներից մեկը՝ աները, դասախոս էր, փեսան՝ ոստիկան: Եվ ի՞նչ կերպարներ էին մարմնավորում անտաղանդ դերասանները: Անհնար է երևակայել. դասախոսը՝ կաշառակեր, փեսան՝ ընտանիքում նրան վերահսկող սուրբ, անբասիր ոստիկան: Ու սա պրոպագանդվում էր ամիսներ շարունակ:

Այսպիսի վիրավորական, նսեմացնող գործողություններ շատ են ձեռնարկել մեր դեմ, կարելի է էլի թվարկել, բայց բավարարվենք այսքանով, քանի որ դիրքորոշումն ակնհայտ է: Բացի հասարակության ուշադրությունը շեղելուց էլ ի՞նչ նպատակ էր հետապնդում նման թշնամական վերաբերմունքը մտավորականներիս նկատմամբ. ինչո՞ւ այսքան դաժան…

Բանն այն է, որ եթե մտավորականներս ի վիճակի լինենինք իրագործել մեր առաքելությունը՝ կադրեր պատրաստեինք, ապա երկիրը ոտքի կկանգներ. մի բան, որ անհրաժեշտ էր խափանել, որ վերածվենք ոչ թե ստեղծողի, այլ սպառողի:

Ցածր աշխատավարձը, ավելի ստույգ՝ աղքատավարձը, ընկճված, անհեռանկար վիճակը, հետապնդումները, նվաստացուցիչ վերաբերմունքն ու գործողությունները հանգեցրին նրան, որ երկրին անհրաժեշտ շատ առաջատար մասնագետներ չդիմացան այս ամենին, հեռացան հայրենիքից: Հեռացան ցավով, կսկիծով, վիրավորված, հուսալքված, չգնահատված: Մի մասը դա արեց, քանի որ ընտանիքը կանգնած էր կործանման եզրին, մյուս մասը մտածեց՝ «մի կյանք ենք ապրում», երրորդի նյարդերը տեղի տվին. հույսի շող չէր երևում: Պատճառները շատ էին:

Քսանմեկերորդ դարի սկզբին նաև հայ մտավորականը պանդուխտ դարձավ:

Մենք մնացինք: Ես մնացի, քանի որ հարազատ պապերս ճակատամարտերում կռվել են այս երկրի համար, արյուն են թափել: Ինձ ժառանգած երկիրը ո՞ւմ թողնեի, գնայի: Իրավունք չունեի պապերիս հիշատակին այդպես վերաբերվելու:

Ես կռվելու չգնացի, չնայած գիտեմ՝ որոշ մարդիկ կուզեին, որ գնայի ու հերոսի մահով մեռնեի: Ռազմաճակատ չմեկնեցի այն գիտակցությամբ, որ այստեղ իմ կարիքը կա: Թերևս չսխալվեցի, քանի որ տասնամյակների ընթացքում կադրեր տվեցի՝ ուսուցիչներ, դասախոսներ, փոխնախարարներ, պատգամավորներ (անվանական չնշեմ), որոնք, անկախ ասպարեզից, կարգին հայերեն գիտեն:

Ես մենակ չեմ, ինձ հետ են այն մտավորականները, ովքեր տարբեր ասպարեզներում ունեն իրենց ծառայությունները: Դրանք գուցե մի քանի անգամ ավելին են, քան իմը: Գնահատող է պետք: Ըստ որում՝ ոչ այնքան արածը, այլ ավելի շատ այն, ինչ կարող ենք անել: Մեզ պետք չէ, որ որևէ մեկը, նույնիսկ պետությունը մեզ պահի: Մեզ անհրաժեշտ է, որ մեզ չխանգարեն աշխատել, ստեղծել, ստեղծագործել. գոնե նվազագույն պայմաններ ստեղծեն, որը իշխանավորների իրավասությունն է:

Համոզված եմ, որ մեր՝ մտավորականներիս բանակի շատ ներկայացուցիչներ անթիվ-անհամար ասելիքներ ունեն, և կարծում եմ՝ կասեն, պարզապես պետք է վստահ լինեն, որ ասածը տեղ կհասնի: Կերևա…

Առաջարկություններից մի քանիսը համառոտ շարադրեմ:

Սկսեմ դպրոցից: Դպրոց չկա: Այս պնդման ապացույցն է այն, որ նախարարությունը հայտարարեց, թե հայերենի քննությունը դպրոցականները պետք է հանձնեն միասնականի նման, որ իրենց դպրոցներում, բայց շատ ժամանակ չանցած՝ հրաժարվեց այս մտքից: Ի՞նչն էր պատճառը: Շուտ գլխի ընկան, որ աղետի առաջ կհայտնվեն, քանի որ հավանաբար քննություն հանձնողների առնվազն կեսից ավելին բացասական գնահատական կստանա. գիտելիք չկա: ԳԹԿ-ն նույնիսկ ներկայացուցիչ չուղարկեց, որ ուսուցիչները հանգիստ կարողանան օգնել երեխաներին. հանկարծ արտառոց դեպքեր չլինեն:

Մի բան ևս չմոռացան անել. դպրոցներին զգուշացրել էին, որ նախորդ տարիների նման չափը չանցնեն՝ առավելագույն գնահատականները չշարեն, միջիններով բավարարվեն: Բայց դրանից ոչինչ չի փոխվի: Ինչպես որ մինչև հիմա էին «տասնինը», «քսան» գնահատականներով եկողները միջինից ցածր բարդության թելադրություն գրելիս երեսուն-քառասուն ուղղագրական, կետադրական սխալներ անում, այնպես էլ հիմա են անելու: Համոզվելու համար կարող եմ սեպտեմբերին հրամցնել ապացույցները:

Պատճառները շատ են. աշխատավարձ, դասարաններում երեխաների քանակ, կադրերի ճիշտ ընտրություն և այլն, և այլն: Այս բոլորն ընդունելի են, սակայն կան ավելի կարևոր հարցեր, խնդիրներ: Ի՞նչ դասագրքերով են ուսուցանում և ի՛նչ գիտելիքներ ունեն ուսուցիչները:

Այստեղ երկար-բարակ հնարավոր չէ վերլուծել դասագրքերի բովանդակությունը, սակայն վստահ կարելի է արձանագրել, որ հայոց լեզվի բոլոր նոր դասագրքերի համար անհրաժեշտ է մրցույթ հայտարարել, ընդգրկել փորձառու մասնագետներին, շահագրգռել, կարգին վարձատրել (ի դեպ), հրաժարվել հրատարակչություններին ընդգրկելու արատավոր պրակտիկայինց: Առայժմ նոր դասագրքեր գրելու վերաբերյալ մենք՝ մասնագետներս, ոչ մի լուր չունենք:

Ուսուցիչների գիտելիքները կատարելագործելու համար ևս, որքան մեզ հայտնի է, ոչ մի նախաձեռնություն չկա, մինչդեռ կարիքը կա: Հասկանալի է, որ մենք ունենք հարուստ գիտելիքներ ունեցող, լավ պատրաստված ուսուցիչներ, որոնց մի մասին նույնիսկ բուհերն են հրավիրում դասավանդելու: Սակայն նրանք ի՞նչ տոկոս են կազմում: Թերևս, ոչ զգալի: Ուրեմն ճնշող մեծամասնությունը մեր կարիքն ունի: Իսկ ո՞վ պետք է կազմակերպի մեր հանդիպումը, եթե ոչ շահագրգիռ գերատեսչությունները: Ըստ որում՝ մենք կարող ենք ուսուցիչների գիտելիքները ոչ միայն հարստացնել, այլև որակավորել. որոշակի տևողությամբ դասընթացներից հետո համապատասխան գերատեսչության ներկայացուցիչների հետ անաչառ քննություն ընդունենք և երաշխավորենք կամ չերաշխավորենք ունկնդրին:

Շա՞տ գումար է պետք այս ամենը կազմակերպելու համար: Իհարկե, ո՛չ: Անհրաժեշտությունը կա, կազմակերպող չկա: Մինչդեռ դպրոցականներին գիտելիքներ տալու, ուսուցիչներին կատարելագործելու, դասախոսների վիճակը մի քիչ շտկելու մասին մտածելու դեպքում կարելի է այս ամենը անել:

Չեմ կարող չխոսել տարիներ առաջ ընդունված չարաբաստիկ որոշման մասին, ըստ որի բավական թվով բուհերում հայերենի քննության միավորները համարվեցին ոչ մրցութային: Անդառնալի հետևանքների բերած այս որոշումն ընդունելու սկզբին ես ականատես եմ եղել:

1995-ին, երբ ես նախորդ տարիներին չընդունված դիմորդներից հայոց լեզվի քննություն էի ընդունում, կրթության, գիտության նախարարը՝ երջանկահիշատակ պրն. Գնունին, ինձ շտապ կանչեց նախարարություն: Ռեկտորներից մեկը (չեմ հիշատակում՝ ով) մեծ աղմուկ էր բարձրացրել: Պատճառն այն էր, որ նախորդ օրերին իր բուհ դիմած դիմորդներից շատերն էին «անբավարար» գնահատական ստացել: Գոռգոռում էր ու դժգոհում, որ իր բուհը տուժում է հայոց լեզվի քննության պատճառով, որ իրեն չի հետաքրքրում իր ուսանողների՝ հայերենի իմացությունը, իր համար կարևորը բուհի տված մասնագիտությունն է, պնդում էր, որ նախարարն ինձ կարգադրի՝ իր բուհ ընդունվող դիմորդներին, ինչ գնով էլ լինի, դրական գնահատական նշանակեմ: Ես ասացի՝ առավելագույնը կարող եմ հնարավորինս խմբագրել թույլ տված սխալները. ավել պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի: Այդ ռեկտորը նեղացած թողեց-գնաց: Նախարարն ինձ հետ համաձայն էր: Բանն այն է, որ այդ ռեկտորը կռիվն անում էր ռուսերենով, և երբ հետո դա ակնարկեցի, ավելացրի. երևի ուզում է, որ իր բուհի շրջանավարտներն էլ մայրենի լեզվով չտիրապետեն իրենց մասնագիտությանը: Նախարարն այս դեպքում էլ համաձայնվեց: Բայց երբ այդ ռեկտորը նոր ուսումնական տարվա սկզբին իր պես մտածող ուրիշ ռեկտորների հետ մեծ գրոհ կազմակերպեց, հաղթանակի հասավ. հայոց լեզվի միավորը դարձավ ոչ մրցութային, ու քննությունը տեղափոխվեց դպրոց, որի հետևանքի մասին արդեն ասացի: Բայց իրական ողբերգությունն այն է, որ դպրոցում հայերեն չսովորած մարդիկ այդպես էլ ամբողջ կյանքում չեն տիրապետում մայրենի լեզվին. ժամանակ չի լինում, համապատասխան հիմք չեն ունենում սովորելու համար: Սրա ապացույցը հետևյալն է. խոսում է մեկը հեռուստատեսությամբ, ակնհայտ է, որ տիրապետում է իր մասնագիտությանը, բայց իր կամքից անկախ՝ խայտառակ է լինում, քանի որ չի գիտակցում, թե ինչ անգրագետ է խոսում, ինչքան սխալներ է թույլ տալիս, ինչ տարրական բաներ չգիտի: Խղճում ես նման մարդկանց: Բայց նրանք մեղավոր չեն: Մեղավոր են նրանք, ովքեր հայերենի իմացությունը կապել են ընդունելության քննությունների հետ ու համարել, որ իրավունք ունեն մարդկանց կյանքը խեղաթյուրելու, զրկելու նրանց մայրենի լեզուն իմանալու, քաղցրությունն զգալու, հաճույքը վայելելու երջանկությունից:

Այս ամենը ծնել է մի պարադոքս (տարամտություն): Բայց ոչ թե սովորական, այլ սահմռկեցուցիչ պարադոքս է սա: Ինչո՞ւ: Բանն այն է, որ դպրոցը հայոց լեզու չի սովորեցնում (փաստերն են վկայում), այսինքն՝ դա պիտի անի բուհը, որ հայ մտավորականն ամբողջ կյանքում անգրագետ չմնա: Մյուս կողմից՝ հայտարարում են՝ քանի որ դպրոցում անցնում են հայոց լեզու, բուհում այլևս հայոց լեզու սովորելու կարիք չկա: Ստացվում է, որ հայոց լեզվի նկատմամբ խաչակրաց արշավանք են հայտարարել ու նպատակ են հետապնդում, որ հայը հանկարծ հայերեն չսովորի: Էլ ինչպե՞ս հայ մնա: Դա պաշտոնատար անձանց չի հետաքրքրում: Ինչպե՞ս ենք դա գլխի ընկնում: Հումանիտար ֆակուլտետներում հայոց լեզու անցնում էին չորս տարի, այժմ դարձրել են մեկ տարի: Ոչ հումանիտար ֆակուլտետներում անցնում էին երկու տարի, այսօր՝ մեկ տարի: Ֆակուլտետների ղեկավարները պնդում են (ինչպես հիշյալ ռեկտորը), որ կարևորագույնը իրենց մասնագիտական առարկաներն են, և հասել են նրան, որ առարկան ավարտվում է ոչ թե քննությամբ, ինչպես որ պիտի լիներ, այլ՝ ստուգարքով: Հիմա էլ պտտվում են լուրեր, որ կարող է հասցնեն մեկ կիսամյակի կամ էլ առհասարակ չուսումնասիրեն մայրենի լեզու. դպրոցի չտված գիտելիքները բավարար են:

Խելագարվել կարելի է: Ո՞վ է իրավունք տվել մեր լեզվի հետ այսպես վարվել, ի՞նչ տեսակ հայ են սրանք: Հային զրկում են հայերեն մտածելու և խոսելու հնարավորությունից: «Արդարանում են», ասում են՝ «դպրոցն է մեղավոր»: Դպրոցն ասում է՝ «Բուհն ինչո՞վ է զբաղված. թող հայոց լեզու սովորեցնի»:

Կեցցե՛ ձեր «տրամաբանությունը»: Հայոց լեզուն դարձել է անտեր գլուխ: Ու պատճառը նա է, որ դպրոցը ի վիճակի չէ այսօր հայոց լեզու սովորեցնելու, իսկ բուհը չի հասցնում դա անել, քանի որ ուսանողները հիմք չունեն, նվազագույն գիտելիքներ չկան, ժամանակն էլ չի հերիքում արդյունքի հասնելու: Ո՞վ է տուժում: Ապագա հայ մտավորականն է զրկվում իր մայրենի լեզվով մտածելու, ստեղծագործելու երանելի հնարավորությունից:

Ինձ կարող են հակադարձել, ասել՝ «ի՞նչ դասագրքով եք սովորեցնում, ի՞նչ գիտելիք եք տալիս»…

Նախ ասեմ ոչ մասնագիտական ֆակուլտետների մասին: Այստեղ տարիներ շարունակ անցնում էինք հայոց լեզու: Վերջին տարիներին դժգոհություններ եղան, թե իբր վերոհիշյալ պատճառով դա տեղին չէ, լավ կլինի, որ ըստ մասնագիտությունների՝ նաև տերմինաբանական գիտելիքներ տանք:

Սկսեմ վերջից: Մասնագիտական տերմիններին անդրադարձը միակողմանի է, քանի որ այդ դեպքում կարող է խոսք լինել առանձնապես տերմինաշինության հմտությունների վերաբերյալ, իսկ բուն բովանդակայինը նեղ մասնագիտական ասպարեզ է: Սա վերաբերում է, օրինակ՝ տնտեսագիտության, կենսաբանության, քիմիայի և այլ բնագավառներին: Իրավագիտության դեպքում, ասենք, ավելի ընդունելի է, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է օրենքներին, որտեղ կան տրամաբանական, հոգեբանական մեկնաբանություններ և այլն:

Անմիջապես ավելացնեմ, որ տերմինաբանությունը մեր ամենախոցելի կողմն է, այն եզակի ասպարեզներից է, որտեղ մենք շատ ենք հետ մնացել, ուստի խիստ հրատապ է այս ուղղությամբ զբաղվելը և՛գիտատեխնիկական, և՛ բժշկագիտական, և՛ մշակույթի ու այլ բնագավառներում: Բառարաններ ստեղծելը օդի ու ջրի նման անհրաժեշտություն է: Դա պետք է անեն նեղ մասնագետներն ու լեզվաբանները համատեղ, ինչպես քսաներորդ դարասկզբին արել են Մանուկ Աբեղյանն ու ժամանակի լավագույն իրավաբանները միասին ու ստեղծել իրավագիտական բառարան, որը արդեն շուրջ հարյուր տարի է՝ այս ասպարեզի առանցքում է: Անհրաժեշտ է կազմակերպել, գումար տրամադրել. խայտառակ վիճակ է:

Ինչ վերաբերում է լեզվին, ապա քննադատությունները հասցրին նրան, որ ստեղծվեցին նոր դասագրքեր, որտեղ հայոց լեզու չկա: Իբր շեշտը դրվեց խոսքի վրա, բայց այստեղ էլ գնացին ոճագիտության ուղղությամբ, որը խոսքարվեստ չէ, այլ՝ գրականագիտություն: Բանավեճի արվեստին, գիտական խոսքին, խոսքային էթիկետին նվիրված հատվածները դրությունը չեն փոխում:

Ասածս այն է, որ երկրի բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների համար անհրաժեշտ է ստեղծել միասնական դասագիրք կամ դասագրքեր և՛ հայոց լեզուն պատշաճ դասավանդելու, շոշափելի արդյունքի հասնելու նպատակով, և՛ հռետորական արվեստ սովորեցնելու համար:

Առաջինի մասին՝ քիչ հետո: Երկրորդի մասին՝ հետևյալը: Մեզանում ցավոք սխալ են թարգմանում ու հասկանում культура речи բառակապակցությունը՝ որպես տերմին: Այստեղ речь–ը ոչ թե խոսքն է, այլ «խոսելը», իսկ культура–ն էլ ոչ թե «մշակույթը», որը հոգևոր, գիտական, մշակութային ժառանգությունն է, այլ հենց «կուլտուրան», որից, չգիտես ինչու, պարզապես խորշում են մաքրամոլները (պուրիստները): Այսպիսով, ռուսներից շատ անհաջող ձևով օգտվում են՝ խոսելու կուլտուրային վերաբերող թեզերը կիսատ-պռատ ներկայացնելով որպես խոսքի մշակույթ, մինչդեռ մեր միջնադարյան համալսարաններում մենք «ճարտասանություն» առարկա էինք դասավանդում, որը համարվում էր արվեստների արվեստը, քանի որ ընդգրկում էր և՛ փիլիսոփայությունը, և՛ լեզուն, և՛գրականությունը, և՛ երաժշտությունը միաժամանակ:

Այսօր ճարտասանությունը, հռետորական արվեստը, խոսելու կուլտուրան, ինչպես էլ անվանելու լինենք, շատ է առաջ գնացել: Իսկ մենք որտե՞ղ ենք մնացել: Հայտնի է, որ այս բարդ գիտությունը, որը ամենաառաջին հիմնադիրներից մեկի՝ Ցիցերոնի ժամանակներից մինչև օրս տարբեր ճակատագրեր է ունեցել, ծաղկում է ապրել միայն այն հասարակության մեջ, որը ժողովրդավարական է եղել: Դա այդպես է, քանի որ միայն ժողովրդավարական իշխանություններն են հանդուրժում ճշմարտությունը: Իսկ հռետորական արվեստը գիտություն է տրամաբանության, ճշմարտության, բարոյականության, խղճի, մարդկայինի ու գեղեցիկի մասին:

Այսօր մենք համընդհանուր ճանաչում ու ընդունելություն ունեցող ճարտասանության բուհական դասագիրք չունենք: Եղածները նորից տեղային բնույթ են կրում և հազիվ թե համապատասխանեն միջազգային նորմերին:

Որքան էլ փիլիսոփաները պնդեն, որ այս գիտության ակունքներից սկսած՝ ճարտասանությունն իրենց ասպարեզն է, այնուամենայնիվ առանց լեզվաբանների նրանք հազիվ թե հաջողեն: Համենայնդեպս, մինչև օրս այդպես է:

Իսկ այս գիտությունը շատ կարևոր է, քանի որ մտավորականին սովորեցնում է հմտություններ՝ ինչպես կառուցել խոսքը, որ այն տրամաբանական, ճշմարիտ լինի, ինչ հնարներ կիրառել, որ ազդեցիկ լինի, ինչ կառուցվածք ընտրել, որ նպատակային լինի, ինչ միջոցներ կիրառել, որ համոզիչ լինի և այլն, և այլն:

Ասում են՝ մի անգամ Լինկոլնը շատ դժգոհ է մնացել իր ելույթից: Որքան էլ շրջապատի մարդիկ փորձել են նրան համոզել, որ ամեն ինչ հիանալի է եղել, նա չի համաձայնվել: Ասել է.

Ես առաջին անգամ իմ ժողովրդի առջև ելույթ ունեցա՝ առանց նախապատրաստվելու:
Ինքն իրենից գոհ չի եղել: Հետագա ամբողջ կյանքում չի ներել ինքն իրեն:

Մենք Լինկոլն չենք: Բայց դա չի նշանակում, որ պատասխանատվության զգացում պիտի չունենանք մեր խոսքի համար, չպիտի հարգենք մեր ունկնդրին: Սա նաև արժանապատվության հարց է:

Այժմ՝ հայոց լեզվի բուհական դասագրքերի մասին: Հպարտությամբ կարող ենք հայտարարել, որ արևելահայերենի քերականագիտական ուսումնասիրությունը երկար տարիներ աշխարհի ոչ մի լեզվի ուսումնասիրությանը չի զիջել. հավասար իրավունքով կանգնած է եղել բոլորի կողքին: Դա այդպես էր քսաներորդ դարի մեր մեծանուն գիտնականների՝ Մանուկ Աբեղյանի, Էդուարդ Աղայանի, Գևորգ Ջահուկյանի և այս հրաշալի պլեադայի մյուս բոլոր ներկայացուցիչների անխոնջ, հայրենանվեր աշխատանքի շնորհիվ: Բոլորին թվարկել այստեղ հնարավոր չէ: Նրանք մեծ լումա ունեն այս գործում, քանի որ հայոց լեզուն ուսումնասիրել են տվյալ ժամանակին հայտնի ամենաառաջավոր մեթոդներով:

Անցել են տասնամյակներ: Աշխարհի լեզվաբանական միտքը առաջ է գնացել: Բայց դա արտացոլվե՞լ է հայերենագիտության մեջ: Փա՜ռք Աստծուն, որ կան մասնագետներ, որոնք հետ չեն մնացել, ստեղծագործել են ու այսօր էլ դիմանում են մրցակցությանը: Սակայն նրանց ստեղծածը դժվարությամբ է ասպարեզ մտնում. հնի դիրքերն ուժեղ են: Ցավով պետք է արձանագրել, որ մեր այսօրվա նորմատիվ քերականության մեջ նույնիսկ Մ. Աբեղյանի, Էդ. Աղայանի, Գ. Ջահուկյանի՝ անցյալ դարի գիտական նվաճումներից համարյա բան չկա, եղածն էլ խեղաթյուրված է:

Ամենաարտառոցն այն է, որ կան մարդիկ, որոնք հայտարարում են, թե Ջահուկյանն անցած էտապ է: Խոսքը մեծավաստակ Գևորգ Ջահուկյանի գիտական ժառանգության մասին է, որը խորությամբ ուսումնասիրելու համար գուցե մեկ հարյուրամյակը չբավարարի: Հայոց լեզվի նրա ստեղծած տեսությունը նորմատիվ քերականության մեջ տեղ չի գտել:

Ուրեմն ի՞նչ փաստի առաջ ենք կանգնել: Այն, որ անհրաժեշտ է ստեղծել գրական արևելահայերենի ու արևմտահայերենի բուհական նոր դասագրքեր, այդ նպատակով մրցույթ հայտարարել, ընդգրկել ողջ ներուժը: Այսօր միասնական ծրագրով ստեղծված գրական արևելահայերենի բուհական դասագիրք չկա, ամեն բուհ իր կազմած, նախընտրած դասագրքով է առաջնորդվում. Սփյուռքում արևմտահայերենի վեց դասագիրք կա շրջանառության մեջ, վեցն էլ տարբեր կերպ են ներկայացնում բայը: Մեր բուհերում դասավանդվող արևմտահայերենի միասնական դասագիրք գոյություն չունի:

Սա վերաբերմո՞ւնք է լեզվի նկատմամբ:

Հանրահայտ է՝ լեզուն ազգի գոյության պայմանն է. լեզուն կա՝ ազգը կա, լեզուն չկա՝ ազգը չկա:

Է՛լ չանդրադառնանք ստեղծված իրադրության պատճառներին. դա ակնհայտ է:

Այսօր անհրաժեշտ է ստեղծել դպրոցական և բուհական նոր դասագրքեր, ըստ որում՝ միասնական գիտական սկզբունքներով: Դրա համար պետք է մրցույթ հայտարարել, գիտական անաչառ քննարկումներ կազմակերպել, ընդգրկել երկրի կարող, փորձառու մասնագետներին, ստեղծել նաև այլընտրանքային (ալտերնատիվ) դասագրքեր, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Սա անհրաժեշտ է անել նաև այն պատճառով, որ հայերենի քերականության դասավանդման նոր հայեցակարգ գոյություն ունի:

Ակնարկեմ հետևյալը: Մինչև այսօր գործող դասագրքերը և ձեռնարկները ստեղծող հեղինակները քառասուն և ավելի տարի առաջ կարգին վարձատրվել են. ստացել են մի քանի տասնյակ հազար ռուբլի (երևի արժե հիշել ռուբլու գնողունակության մասին), վերահրատարակելիս՝ ևս մի քանի հազար: Այսօր դասագրքի համար հեղինակին վճարում են երեք հարյուր հազար դրամ, ու քանի որ միասնական ծրագիր չկա, ուստի նախարարությունը ստեղծածդ կարող է նաև չհաստատել որպես դասագիրք: Ձեռնարկ գրելու համար ընդհանրապես չեն վարձատրում: Ուրեմն պետք է աշխատավարձովդ գոյատևես կամ չգոյատևես:

Նոր դասագրքեր ստեղծելուց բացի՝ կա նաև դասագրքեր թարգմանելու պրակտիկա: Այսօր ֆակուլտետներ կան, որտեղ դասախոսներն ուսանողներին հանձնարարում են օգտվել օտարալեզու մասնագիտական գրականությունից, քանի որ դրանք թարգմանած չկան: Կան նաև թարգմանածները, որոնք ահավոր բան են: Առհասարակ, և՛ գիտական-մասնագիտական, և՛ գեղարվեստական թարգմանության վիճակը մեզանում խայտառակություն է: Եթե թվով շատ քիչ շնորհալի թարգմանիչներն էլ չլինեին, որոնք հիմնականում գեղարվեստական գրականութան թարգմանությամբ են զբաղված, ապա կարելի էր ցավով խոստովանել, որ մենք վերջնականապես կործանված ենք: Եվ այն էլ մենք, որ այս ասպարեզում աշխարհահռչակ ավանդույթներ ենք ունեցել:

Թարգմանությունն անհրաժեշտ է, քանի որ ուրիշ ժողովուրդների գիտական առաջընթացներին, մշակութային նվաճումներին հաղորդակցվելու և մերը նրանց մատուցելու հնարավորություն է տալիս: Հակառակ դեպքում՝ մենք մեկուսացած ենք աշխարհից, մի բան, որ անթույլատրելի է:

Քննությունների մասին: Գուցե պետությունն ընդհանրապես վերացնի ընդունելության քննությունները, որ այս չարաբաստիկ հարցը մեջտեղից դուրս գա: Բայց այս դեպքում ովքե՞ր կհայտնվեն բուհի նստարանին: Ուսանողներ, որոնց գիտելիք տալը, այնուհետև լավագույններին ընտրելը երկար տարիներ կտևի, որի ժամանակը չկա:

Տարիներ առաջ բուհերում բարձր մրցույթ կար, այսօր չկա: Այն ժամանակ դա գիտելիքների մրցույթ էր, գիտելիք, որ տալիս էին ռեպետիտորները (կրկնուսույցները): Այսօր գիտելիք չկա, մրցույթ էլ չկա: Եվ դրա պատճառը դիմորդների քանակի պակասը չէ, քանի որ այդ դեպքում պակաս թվով դիմորդների միջև գիտելիքների մրցույթ կլիներ, այսինքն՝ բարձր միավորներով փոքր քանակությամբ դիմորդներ կմրցեին: Մինչդեռ ընդունվում են ամենացածր միավորներով: Ուրեմն մենք դատապարտված ենք մաշկից դուրս գալ ու փորձել գիտելիք տալ այնպիսի ուսանողների, որոնցից մասնագետ կստացվի, թե չի ստացվի՝ հայտնի չէ: Սա պետակա՞ն մոտեցում է: Ապագա սերունդներին ո՞վ է հայոց լեզու և գրականություն սովորեցնելու:

Բերեմ ակնառու օրինակ: Հայոց լեզու ես դասավանդել եմ տարբեր ֆակուլտետներում, նաև՝ իրավագիտության ֆակուլտետում: Քանի որ իրավագիտության ֆակուլտետում դեռ մրցույթ կա, ուսանողներն ուրիշ կերպ են ընկալում ասածներս, հարցեր են տալիս, խորանում. այսպես ասած՝ պարապած են: Մյուս ֆակուլտետներում, ցավոք, այլ է վիճակը: Մինչդեռ տարիներ առաջ հրաշալի ուսանողներ կային: Նրանք բուհ էին գալիս անհրաժեշտ պաշարով, հետո մրցակցության մեջ էին բարձր գնահատականներ ստանալու, մասնագիտական կրթություն ձեռք բերելու համար, որը հենց որակյալ մասնագետներ պատրաստելու երաշխիք էր:

Ինչո՞ւ այսօր այդպես չէ: Տարիներ շարունակ ընկան ռեպետիտորների (կրկնուսույցների) հետևից և վերացրին այս ինստիտուտը: Ամբողջ աշխարհում այդպիսի բան չկա: Ի վերջո, ի՞նչ է նշանակում ծնողին զրկել սեփական իրավունքից, երբ նա ուզում է իր երեխային գիտելիքով ապահովել:

Զարմանալի «տրամաբանություն» է գործում այստեղ: Պետությունը արհեստավորին թույլ է տալիս, որ իր ունեցած արհեստով գոյությունը պահպանի, քանի որ աշխատատեղ դեռ չկա, վոկալիստին թույլ է տալիս երգեցողության քննությանը նախապատրաստի իր դիմորդին, նկարչին թույլ է տալիս, ճարտարապետին, քանդակագործին՝ նույնպես, դերասանին չի արգելում վարպետաց դասեր տալ, իսկ մյուսներին հետապնդում է: Ո՞ր օրենքով, ինչո՞ւ: Ինչո՞ւ չեն կարող մյուս առարկաների մասնագետներն էլ իրենց գիտելիքով, իրենց ժամանակի, նյարդերի, առողջության հաշվին ապրել, օգուտ ու գիտելիք տալ դիմորդներին, մանավանդ որ պետությունը նույնիսկ գոյատևելու համար անհրաժեշտ աշխատավարձ չի կարողանում ապահովել:

Սա ի՞նչ խտրական, կողմնակալ ու անարդար վերաբերմունք է մտավորականներիս նկատմամբ: Երևի մի պատասխան կա. կոռումպացված ենք: Բայց ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ…

Բանն այն է, որ այս անհեթեթ «մեղադրանքը» մինչև օրս շարունակվում է: Չգիտեմ՝ գիտակցված, թե առանց գիտակցելու, բայց նման մոտեցում որդեգրողները շարունակում են նպատակ հետապնդել, որ մտավորականը չշնչի, իր գործը չանի, երկիրը մնա նույն վիճակում, դիմորդը գիտելիք չունենա, մտավորականը՝ հեղինակություն, հանկարծ չվերականգնվեն ակնածանքն ու պատկառանքը, որ մի ժամանակ կային: Այսպես ո՞ւր կհասնենք…

Ցավոք, առայժմ այդպես է:

Շտեմարանների մասին, որոնց կարևորությունը դժվար է թերագնահատել: Քանի դեռ դպրոց չկա, ու այն վերականգնելու աշխատանքները դեռ չենք ձեռնարկել, անհրաժեշտ է ընդունելության քննությունները շտեմարաններով անցկացնել, բայց՝ ոչ այս շտեմարաններով և ոչ էլ այս կարգով: Թերևս, ամենաարդարը կլիներ այն, որ բուհերն ընդունեին քննությունները, իրենք ընտրեին լավագույններին, իրենք էլ պատասխան տային իրենց պատրաստած կադրերի համար, ինչպես որ նախկինում էր: Այսօր բուհերն առավել, քան երբեք շահագրգռված են դրանում: Ցավոք անվստահություն կա, որ առաջ չկար: Քննությունները վերահսկելի են, կան հազար ու մի մեխանիզմներ: Օրինակ՝ կարելի է վերացնել գնահատականի անձեռնմխելիությունը, սեպտեմբերի սկզբին մի քանի օրում վերստուգել գնահատականները, մեկ-երկու միավորի տատանումը թույլատրելի համարել, արտառոց դեպքերում սահմանել ցանկացած պատիժ: Մենք մեզ վրա վստահ ենք: Այսօրվա պայմաններում վերահսկողություն սահմանել պարզապես անհնար է:

Հնարավոր է նաև կենտրոնացած քննություններ անցկացնել, ինչպես որ արվում էր: Բուհերին թույլ տալ նախապես նշել իրենց բարձրագույն շեմը, այնուհետև լրացուցիչ հարցազրույցի հնարավորություն տալ, որպեսզի թափուր տեղերի համար միջին գնահատական ստացած դիմորդներից բուհերն ընտրեն իրենց պահանջները բավարարողներին: Տարբերակներ կան:

2001-ին մենք կազմեցինք շտեմարան, անցկացրինք ընդունելության քննություններ, հետո առաջարկեցինք կատարելագործել մեր կազմած շտեմարանը, բայց չհամաձայնեցին. ըստ երևույթին՝ նախատեսել էին ստեղծել նորը՝ այժմ գործողը: Ինքնագովություն չեմ անում: Մինչ օրս մեր կազմած շտեմարանը մասնագետները համարում են վարժությունների լավագույն ժողովածուն: Այդ մասին է վկայում նաև այն, որ «Զանգակ» հրատարակչությունը մինչև հիմա ամեն տարի այն վերահրատարակում է՝ թվագրելով 2006 թվական (ի դեպ, այդպես է վարվում, որ հեղինակներիս չվճարի. շտեմարան հրատարկողների սկզբունքն է դա): Հայոց լեզվից ընդունելության քննություններին նախապատրաստվող դիմորդները մինչև օրս օգտագործում են մեր շտեմարանը:

Մեզ հրավիրեցին, որ մասնակցենք այօրվա գործող շտեմարանը կազմելու աշխատանքներին: Մենք հրաժարվեցինք: Պատճառը մեծամտությունը չէր, այլ այն, որ սկզբունքներին էինք դեմ: Նախ՝ ասվում էր, թե կազմում են շտեմարան հայոց լեզվի քննության համար, բայց իրականում ընդգրկել էին միաժամանակ երեք առարկա՝ հայոց լեզու, հայ գրականություն, ոճագիտություն: Դա մեզ համար անընդունելի էր. մենք չէինք ուզում պատասխանատու լինել մյուս առարկաների համար: Երկրորդ՝ կտրականապես դեմ էինք հայ գրականությունից հարցեր ընդգրկելուն, քանի որ համոզմունք ունեինք, որ ոչ բովանդակային հարցերով անհնար է գիտելիք ստուգել: Գրականությունը պատկերավոր մտածողություն է, գեղարվեստ է, ստեղծագործական վերլուծություն է ենթադրում, մինչդեռ ընդգրկված հարցերը ոչ մի ընդհանուր բան չունեին դրանց հետ: Երրորդ՝ լեզվի հետ կապված հարցերը համամասն չէին, արհեստականորեն բարդացրած էին:

Ի վերջո, մեր բացասական դիրքորոշման ամենակարևոր հիմնավորումն այն էր, որ չի կարելի հայոց լեզվից քննություն ընդունել՝ առանց հնարավորություն տալու, որ դիմորդը գոնե մեկ նախադասություն գրի: Հայոց լեզվի այդպիսի քննություն չէր կարող լինել: Բայց եղավ: Եվ տեսանք, թե ինչ աղետալի հետևանքներ ունեցանք: Այսօր խաչերով հայոց լեզվի քննություն հանձնած ուսանողներից մեծ մասի գիտելիքները շատ հեռու են բավարար լինելուց: Նրանց ճնշող մեծամասնությունը ցավոք չի կարողանում ինքնուրույն մի էջ նյութ շարադրել: Սա ի՞նչ անուն ունի…

Իհարկե անհրաժեշտ է նոր շտեմարան կազմել, կառուցվածքը, սկզբունքները, չափանիշները փոխել, հարկ եղած դեպքում հայ գրականությունից հարցեր ընդգրկել, բայց՝ այլ մոտեցմամբ: Անհրաժեշտ է մրցույթ հայտարարել և ընտրել լավագույն առաջարկը: Ժողովուրդն անում է՝ «հացը հացթուխին թխե՛լ տուր, մի հաց էլ ավել տո՛ւր»:

Ուսումնական տարին ավարտվում է, իսկ հաջորդ ուսումնական տարվա սկզբին որևէ բան փոխելու մասին ոչ մի լուր չկա: Եթե նախատեսվում է ստեղծել նոր շտեմարան, իսկ դրա անհրաժեշտությունը կա, ապա ամենաուշը մինչև նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները այն պետք է դիմորդի սեղանին լինի: Ժամանակ չի մնում:

Ուզում եմ շեշտել հատկապես հետևյալը: Ե՛վ դպրոցական, և՛ բուհական ծրագրերով հայոց լեզվի ուսուցումը պետք է լինի ցանկացած իշխանության ուշադրության կենտրոնում: Լեզուն տրամաբանություն է: Առանց լեզվի մտածել հնարավոր չէ: Ազգն առանց մայրենի լեզվի դատապարտված է կործանման:

Իհարկե, երկիրը ձեռնարկել է տնտեսական հեղափոխություն: Հասկանալի է՝ ահռելի գումարների խնդիր կա: Բայց հրատապ են նաև վերն արծարծված հարցերը, որոնք մեծ ծախսեր չեն պահանջում:

Հիշեցնեմ: Դրանք են. առաջարկում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողովներ, ընդգրկել փորձ ունեցող գիտնականներին և ուսուցիչներին, մրցույթ հայտարարել, ստեղծել դպրոցական և բուհական նոր հիմնական ու այլընտրանքային (ալտերնատիվ) դասագրքեր: Ուսուցիչների գիտելիքները հարստացնելու նպատակով ընդգրկել երկրի առաջատար մասնագետներին, դասընթացներ կազմակերպել, ընտրել լավագույն մանկավարժներին: Մրցույթ հայտարարել և նոր սկզբունքներով շտեմարաններ կազմել:

Ժամանակակից պահանջներին համապատասխանող հռետորական արվեստի հիմնական և այլընտրանքային դասագրքեր ստեղծել, որոնք պարտադիր կլինեն բոլոր բուհերի համար: Խմբագրել թարգմանած դասագրքերը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել նոր թարգմանություններ: Ստեղծել տերմինաբանական նոր բառարաններ, որոնց կարիքը կա բոլոր ասպարեզներում:

Ներկայացրի կուտակված խնդիրներից մի քանիսը: Լեզվի հետ կապված շատ ուրիշ հարցեր էլ կան: Կարևոր եմ համարում էլի մի-երկուսի մասին նշել:

Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետն աղետալի վիճակում է: Սկզբնավորվելու օրվանից նման վիճակ չի եղել: Միշտ մեծ մրցույթ է եղել: Այս տարի քառասունից մի քիչ ավել ընդունելություն է եղել: Եվ դա այն դեպքում, որ համարյա այդքան էլ դիմորդ է եղել: Սա աղետ չէ՞:

Ինչո՞ւ է այսպիսի վիճակ ստեղծվել:

Բանասիրական ֆակուլտետում սովորող և այնուհետև ավարտող երիտասարդ աղջիկներն ու տղաները մատուցող են աշխատում կամ աման են լվանում: Շրջանավարտներից հարյուրից մեկին է հաջողվում կա՛մ որպես ուսուցիչ որևէ դպրոցում տեղավորվել, կա՛մ որպես խմբագիր՝ ինչ-որ հիմնարկում, և դա այն դեպքում, երբ դպրոցների մասին արդեն ասացի, իսկ գրագետ խմբագրի կարևորության մասին կարելի է դատողություն անել՝ ելնելով գոնե հեռուստաալիքների «գրագիտությունից»: Է՛լ չեմ խոսում տարբեր հիմնարկների մասին, որոնք խմբագրի կարիք չունեն, քանի որ գումար են տնտեսում:

Տասնյակ հազարավոր ձեռագիր հուշարձաններ, որոնք գրաբար են, մինչև օրս կարոտ են արևելահայերենի վերածվելու. գիտության, մշակույթի ամենատարբեր ասպարեզների վերաբերող այդ գանձարանները հասու չեն ժամանակակից գիտությանը, մասնագետներին: Այսպես կարելի՞ է վերաբերվել մեր ժառանգությանը: Արդյոք չի՞ կարելի որոշակի գումար տրամադրել, շրջանավարտներին գրաբար սովորեցնել, մասնագիտական բաժին բացել և գիտական ու մշակութային մեր հարստագույն գանձարանը մասնագետներին հասու դարձնել ու հարստացնել մեր գիտությունն ու արվեստը: Իհարկե հնարավոր է:

Խոսքը ո՛չ ավել, ո՛չ պակաս աշխարհի հայերենագիտության կենտրոններից մեկի մասին է: Բայց, ցավոք, աղետալի, անհեռանկար վիճակում գտնվող կենտրոններից մեկի մասին: Բանն այն է, որ ոչ միայն ընդունելությունն է այս վիճակում, այլ նաև հայերենագիտության ապագան:

Ի՞նչ կադրեր կարող ենք մենք պատրաստել և ինչպե՞ս, երբ այս վիճակն է, երբ դիմորդ չկա, ընտրության հնարավորություն չկա, երբ երիտասարդ աղջիկների վրա ես հույսդ դնում, իսկ նրանք ամուսնանում, ընտանիք են կազմում ու հաճախ մոռանում գիտության մասին: Տղաներ համարյա չեն ընդունվում, քանի որ հեռանկար չկա. ընտանիք պահելու պատասխանատվություն կա:

Բայց ողբերգությունն այսքանով չի ավարտվում: Բացի այն, որ այսօր կադրեր պատրաստելու հնարավորություն չկա, պետությունը մեզ զրկում է նաև հետագայում կադրեր պատրաստելու հնարավորությունից:

Անհասկանալի մտածելակերպ գոյություն ունի: Երբ որևէ երկրում վաթսունվեց տարեկան նախագահ են ընտրում, ասում են՝ ուժերի ծաղկուն շրջանում է, կկարողանա կարգին ղեկավարել, փորձառու է, իմաստնացած, մինչդեռ գիտության ասպարեզի մարդկանց զառամյալ են համարում. ուղարկում են տուն, որ գնա, նստի տանը ու մեռնի: Պատրաստվում են ընդունել օրենք, ըստ որի հիմնարկի ղեկավարությունը թոշակի տարիքի մասնագետների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքելու, սահմանվելու է տարիքային ցենզ, որից հետո թոշակառուն նաև գիտության ասպարեզում ղեկավար պաշտոն վարելու իրավունք չի ունենալու, այսինքն՝ համարվելու է անպիտան մարդ այն դեպքում, երբ հասել է իմաստնության տարիքի և հնարավորություն պիտի ունենար առավելագույնը տալու իր ժողովրդին:

Սա ի՞նչ է նշանակում: Թերևս, միայն մի բան. գլխատել հայերենագիտությունը: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ ո՛չ երիտասարդ կադրեր հնարավոր կլինի պատրաստել, ո՛չ էլ իրագործել այն ծրագրերը, որոնց մասին նշեցի: Սա մղձավանջ չէ՞:

Հայրենիքը մեզանով չի սկսվել, մեզանով չի ավարտվելու: Լեզուն ազգի գոյության պայմանն է: Փա՜ռք տանք Աստծուն, որ միայն լեզվաբաններս չենք այսպես մտածում. կան պետական մտածելակերպ ունեցող հայրենանվեր մտավորականներ, որոնք գիտակցում են հայոց լեզվի կարևորության աստիճանն ու նաև գիտականորեն հիմնավորում:

Ուզում եմ այստեղ ներկայացնել ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի գիտաշխատող, դոցենտ Մարիետտա Կարապետյանի տարբեր հոդվածներից մի ծաղկաքաղ:

«Մանկահասակ երեխայի ուղեղը ձևավորման ու զարգացման ընթացքում տարբեր տեսակի՝ լսողական, տեսողական, շոշափման, հոտի, էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և այլ ազդակներով ստանում է ինֆորմացիա, որը պահպանվում է ուղեղի բջիջներում: Մեծ նշանակություն ունի ձայնային-լսողական, այսինքն՝ հնչյունային-խոսքային ազդակը, այլ կերպ ասած՝ լեզուն, որը ձևավորում է լեզվամտածողությունը: Ներկայումս հայտնի են ուղեղի այն բաժինները, որոնց հետ առնչվում են մարդու խոսքային հիշողությունը, խոսելու կարողությունը, բառընտրությունը, խոսքընտրությունը և այլն:

Կլինիկական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու խոսքային գործառույթի համար հիմնականում պատասխանատու է ուղեղի ձախ կիսագունդը, իսկ աջը կարգավորում է տեսողական և տարածական փորձի հետ կապված հմտությունները: Աջ կիսագնդի օգնությամբ մարդը շրջապատն ընկալում է ավելի որոշակի ու պատկերավոր: Ձախ կիսագնդի օգնությամբ մարդը վերլուծում և ընդհանրացում է աջ կիսագնդի կողմից ստացած տվյալները, իսկ խոսքի միջոցով դա կարողանում է արտահայտել ու հաղորդակցվել ուրիշների հետ: Ուղեղի միջկիսագնդային այդ անհամաչափությունը (ասիմետրիա) հիմնավորված է ուղեղում կատարվող անատոմիական ու կենսաքիմիական գործընթացներով, որոնք տեղի են ունենում երեխայի անհատական զարգացման ընթացքում փուլ առ փուլ՝ սկսած 2-3 ամսականից մինչև 15 տարեկանը: Դիտարկումները ցույց են տալիս, որ գոյություն ունի որոշակի կապ մայրենի լեզվի և ուղեղում կատարվող փոփոխությունների միջև: Օտարալեզու մտածողությունը փոխում է ուղեղի ֆունկցիոնալ կառուցվածքը, որն էլ իր արտահայտությունն է ունենում մարդու ազգային կեցվածքի, ավելի ճիշտ՝ մտակեցվածքի՝ մենթալիտետի վրա: Հիշյալ անհատները հաճախ զուրկ են լինում իրենց ժողովրդին հատուկ մի շարք ընդհանուր հոգեբանական առանձնահատկություններից, փոխվում է նրանց արտաքինը, շարժուձևը: Հետևաբար, օտար երկրում որևէ ազգի ուծացումը պայմանավորված է ոչ միայն օտար մշակութային միջավայրի ազդեցությամբ, այլև ունի կենսաբանական մեխանիզմներով գործող խոր հիմքեր, որոնք անխուսափելի են դարձնում ուծացումը, եթե ազգը չի պահպանում իր էթնիկ և, որ ամենակարևորն է, լեզվական ավանդույթները:

«Լեզվի, բառի, խոսքի հետ չի կարելի անպատիժ կատակել. մարդու խոսքը անտեսանելի, անշոշափելի կապող օղակ է մարմնի և հոգու միջև» (Վ. Ի. Դալ):

ԴՆԹ-ն կառուցված է մարդկային խոսքի օրենքներով (կամ՝ հակառակը): ԴՆԹ-ն ընկալում է մարդու խոսքը: Կենսաբանների ու մաթեմատիկոսների համատեղ ջանքերով պարզվել է, որ խոսքային և գենետիկական տեքստերն ունեն միևնույն չափագրությունը (геометрия): Հետազոտողները հատուկ սարքի միջոցով էլեկտրամագնիսական ալիքների վերածած խոսքը բեռնել են սոլիտոններին (հատուկ ալիքներ): Անեծքով ու հայհոյանքով բեռնված ալիքները հետազոտվող բույսի սերմերի վրա թողել են 2000 ռենտգեն ճառագայթման ազդեցություն. բոլոր սերմերը ԴՆԹ-ի բազմաթիվ վնասվածքների հետևանքով մահացել են, չեն ծլել, իսկ հատուկենտ ծլածներն էլ ունեցել են բազմաթիվ գենետիկական շեղումներ: Մի քանի սերունդ հետո բույսը լրիվ այլասերվել է, կորցրել է ժառանգական հատկանիշները: Վերոհիշյալ հետազոտության սահմաններում կատարել են հակադարձ փորձը: Օրհնանքի բառերի ազդեցությամբ 10000 ռենտգեն ուժի ճառագայթում ստացած բույսի սերմերի կտրտված քրոմոսոմները ԴՆԹ