«Մենք դա բազմիցս ապացուցել ենք, նաև արցախյան հակամարտության ժամանակ շատ ու շատ գերտերություններ փորձել են մեզ ասել՝ հանգիստ նստեք տեղներդ, բայց ունենք այն իրավիճակը, որով բոլորս հպարտ ենք: Իսկ մնացածի հետ կապված կթողնեմ առանց մեկնաբանության», ի պատասխան «տրանսգենդերի» թեմայով ԵՄ հայտարարության մասին լրագրողների հարցի՝ պատասխանել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

ԵՄ հայտարարությունն անշուշտ առանձին թեմա է, որին դիպուկ արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը: Ըստ երեւույթին, անհրաժեշտ էր մնալ այդ հայտարարության համատեքստում եւ հարցին չտալ ավելորդ սուր, եւ առավել եւս կենցաղայնացված բնույթի հռետորաբանություն, որը գուցե հաճախ տեղին է լինում ներքին կյանքում, սակայն անպատեհ է արտաքին հարաբերություններում: Առավել եւս, երբ խոսքը խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակի մասին է:

Սակայն, տվյալ պարագայում անպատեհ է ոչ միայն ԱԳՆ հայտարարության քաղաքական տրամաբանության շրջանակից դուրս գալը, այլ ընդհանրապես հարցի՝ մտնելով արցախյան հարցի դաշտ:

Ո՞ր գերտերությունն է Արցախի հակամարտության գործընթացում մեզ ասել «հանգիստ նստեք տեղներդ», ինչին մենք ընդդիմացել ենք եւ հաղթել: Դա չափազանց նուրբ խնդիր է եւ այստեղ պահանջվում է կամ շատ հստակ փաստարկված կոնկրետություն, կամ հայտարարությունը կամա թե ակամա պարունակում է իրավիճակի անհարկի նենգափոխման տարրեր:

Որովհետեւ արցախյան հաղթանակը՝ մեր հպարտությունը կերտվել է ոչ թե ի հեճուկս որեւէ գերտերության, այլ գերտերությունների հետ հստակ աշխատանքի շնորհիվ: Դա շատ կարեւոր է նաեւ հարցի հետագա սպասարկման համատեքստում, քանի որ այդ խնդիրը մեզանից պահանջելու է տարբեր ուժային կենտրոնների հետ անընդհատ, շարունակվող աշխատանք:

Անշուշտ, աշխատանք գերտերությունների հետ, ամենեւին չի նշանակում ամեն ինչում լիակատար համաձայնություն: Քաղաքականությունն ինքնին դա ամենեւին չի դիտարկում իբրեւ հաջողության պարտադիր պայման կամ գրավական: Անկասկած, արցախյան հաղթանակների փուլի ամենատարբեր դրվագներում եղել են տարբեր որոշումներ, որոնք հավանություն չեն ունեցել այս կամ այն կենտրոնում: Ավելին, եղել են նաեւ կենտրոններ՝ ինչպես Մոսկվան, որոնք անմիջական զինված մասնակցություն են ունեցել հայկական ուժերի դեմ օպերացիաներում եւ բերել մի շարք շրջանների հայաթափման:

Սակայն, միաժամանակ, համարժեք աշխատանքի շնորհիվ մի շարք հարցերում էլ Մոսկվան ստիպված է եղել գործել հայկական շահի տիրույթում, քանի որ հայկական կողմում եղել են համարժեք իրավիճակներ ձեւավորելու ունակ մտածող թե քաղաքական, թե ռազմական գործիչներ:

Ի վերջո, մեզ ոչ ոք չի ասել «հանգիստ նստեք տեղներդ», իսկ, օրինակ Թուրքիային ասողներ եղել են, ընդ որում ոչ միայն հյուսիսում, ինչպես տարածված է կարծել, այլ նաեւ Արեւմուտքում:

Ընդհանուր առմամբ, ակնառու է, որ լինելով հայկական ինքնիշխան մտքի, կամքի եւ մարտական պատրաստության դրսեւորում, ռազմական հաղթանակը եղել է նաեւ Հայաստան-ուժային կենտրոններ արդյունավետ աշխատանքի գրավական: Ընդհանրապես, ռազմա-քաղաքական հաղթանակները հնարավոր են դառնում միայն այն դեպքում, երբ տվյալ ազգերը կարողանում են այդ հաղթանակները ձեւակերպել եւ տեղավորել համաշխարհային պատմության զարգացման տրամաբանության մեջ, ըստ այդմ տարբեր ուժային կենտրոնների անգամ տարաբնույթ շահերի ընդհանրության տիրույթում:

Արցախի հարցում հայ ժողովրդի հաջողությունը 20-րդ դարի դրա հազվադեպ օրինակներից է, եւ պետք է հուսալ, որ կմնա օրինակ նաեւ 21-րդ դարում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am