Այսօր ավտոբուսը սարսափելի ծանրաբեռնված էր: Շնչելու օդ չկար: Ռոսիայի կանգառում մի կերպ, ուղևորների միջով ճանապարհ բացելով, խցկվելով կարողացա իջնել:

Միշտ մի քանի կանգառ առաջ ձեռքումս պատրաստ պահում եմ գումարը, որ պիտի տամ վարորդին իջնելիս: Գումարը տվեցի, մանրը վերցրեցի ու իջա:

Մտքերով ընկած մանրը դրեցի գրպանս ու զգացի, որ գրպանումս ինչ-որ բան կա: Ա՜յ քեզ բան, այն, որ ավտոբուսում գողություն են անում լսել էի, բայց, որ գրպանումդ բան են դնում, չէի լսել:

Հանեցի տեսնեմ թուղթ է, վրան համար էր գրված ու գեղեցիկ ձեռագրով գրված էր՝ զանգահարիր ինձ:

Դե արդեն պատկերացրեք ինչեր անցան մտքովս… գուցե այն շլացուցիչ կազմվածքով շիկահե՞րն էր նամակը գրողը, որ մի պահ նայեց ինձ ու հայացքը արագ թեքեց:

Քայլում էի դեպի տուն ու արդեն մտովի հազար անգամ խոսել էի հետը, խոսակցությունը ամեն անգամ տարբեր ընթացք էր ստանում…

Վերջապես հասա տուն: Տան ճանապարհը դեռ այսքան երկար չէր եղել ինձ համար:

Արագ բարձրացա տուն: Տանեցիներին առանց բարևելու, առանց կոշիկներս հանելու, գրեթե վազելով հասա սենյակս ու դուռը կողպեցի ներսից…

Մի քանի վայրկյան արագ ինձ տրամադրեցի ու զանգահարեցի: Լսափողի միջից շատ նուրբ կանացի ձայն լսվեց.

-Ալո… Ես էլ որքան կարող էի առնական ձայնով ասացի.

-Բարև Ձեզ, կասե՞ք ով է խոսում: -Սա ավելորդ քաշի դեմ պայքարի կլինիկայից է, ինչո՞վ կարող ենք օգնել…

Դե իհարկե… ինձ երբեք ոչ-ոք նման «կոմպլիմենտ» դեռ չէր արել… 

Աղբյուրhttps://goodinfo-24.ru/%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%A2%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%AB%D6%84%D5%B6-%D5%A7%D6%80-%D5%B8%D6%80-%D5%B7%D5%B6%D5%B9%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D6%85%D5%A4/