ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած՝ «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին նախագծի»՝ օրակարգում չընդգրկելուց հետո խորհրդարանում կրքերը թեժացան: Նաիրա Զոհրաբյանը սուր ելույթ ունեցավ՝ դիմելով ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի պատգամավորներին. «Մենք ասում ենք՝ առաջնագծում չպետք է ծառայեն 18 տարեկանները, այլ՝ բացառապես պայմանագրայինները: Հարցը քննարկել ենք ինչպես պայմանագրայինների, այնպես էլ ռազմական ոլորտի մասնագետների հետ.... Մենք չենք պայքարում հեղափոխության դեմ, այն միայն ձերը չի, մի սեփականաշնորհեք ու մի դարձրեք հանրությանը ամբոխ՝ սոցցանցերում զոմբիական հրահանգներ տալով, թե հարձակվել ենք հեղափոխության դեմ: Ասում ենք՝ եկեք քննարկենք, նորմալ նախագիծ է, բայց դուք «ոչ» եք դակում»:

Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը՝ կրկին դիմելով մեծամասնությանը. «Խնդրում եմ ձեր մասնագիտական պատրաստվածությունը բարձրացրեք, որ ԱԺ-ում ու հանրությանը մոլորության մեջ չգցեք՝ նախագծերն անվանելով պոպուլիզմ»:

Ի պատասխան՝ ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Լուրջ ե՞ք ասում, թե ով է ավելի մոտ ժողովրդին: Ակնհայտ է, որ մարտավարությունն ընտրված է սաբոտաժ անելու, հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի որոշումներ բերելու, որոնք, իրենք էլ չեն պատկերացնում՝ ինչպես են իրականացնելու»: Աղմուկ բարձրացավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների շարքերում:

Ելույթի համար ձայն խնդրեց Նաիրա Զոհրաբյանը. «Համազասպ, մի քիչ զուսպ եղեք, էն ինչ այսքան տարի արել է ԲՀԿ-ն, ձեր քաղաքական փոքր կենսագրությունը թույլ չի տալիս այն գնահատել ու հասկանալ: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, հարց՝ որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը, հաստատ՝ ոչ այս դահլիճում»:

Ելույթ ունեցավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ու դիմնելով «Իմ քայլին»՝ ասաց. «Սաբոտաժ, հա՝ սաբոտաժ: Հեղափոխությունն ավարտվել ա, դուք 88 մանդատ ունեք, գործ արեք, ո՞վ ա ձեզ սաբոտաժ անում: Էսօր երկրում չկա մի ուժ, որ կարող ա սաբոտաժ անեն»:

«Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանը խոսքն ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որի ընթացքում դահլիճից արձագանքեցին Գևորգ Գորգիսյանն ու Էդմոն Մարուքյանը. «Պարոն Գորգիսյան, լռեք: «Դու» չի, «դուք» ա ձեզ համար, փոխեք ձեր հռետորաբանությունն ու ոճը, եթե չփոխեք էս ամենը, մենք կփոխենք մեր ոճը: Չեմ ուզում որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին... Ինչ վերաբերում է Ձեզ, պարոն Մարուքյան, մի հակաճառեք տեղից»: