Կոտայքի բնակչուհին սոցցանցում հանդես է եկել տղամարդու անվան տակ, Արամուսի բնակչուհուն խոստացել ամուսնանալ։Փաստինֆո»-ի հաղորդմամբ` խարդախության յուրօրինակ դեպք է գրանցվել Կոտայքում. Երիտասարդ կինը սոցցանցում կեղծել է իր տվյալները, հանդես եկել որպես տղամարդ, ամուսնանալու խոստում տվել ու գումար հափշտակել:

Քրեական գործի տվյալների համաձայն`խարդախ կնոջ «թակարդն» է ընկել Արամուսի մի բնակչուհի, ում հետ կեղծ տղամարդն սկսել է հաղորդակցվել «Համադասարանցիներ» սոցցանցում, ուղարկել հաղորդագրություններ:

Տարիների ընթացքում շահել է նրա վստահությունը, խոստացել ամուսնանալ ու տարբեր պատրվակներով գումար պահանջել: Ընդհանուր առմամբ` դյուրահավատ կնոջից կարողացել է հափշտակել 7 մլն դրամ:

Ի վերջը կեղծիքը բացահայտվել է: Իրավապահներին հաջողվել է պարզել սոցցանցում «Արտեմ Ադամյան» անվան տակ հանդես եկող իրական անձին`Կոտայքի բնակչուհու ինքնությունը ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: