Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Գորգիսյան, այսօր, ԱԺ բարձրագույն ամբիոնից, արել եք հետևյալ հայտարարությունը. «Մենք կրթության ոլորտում ունենք ահռելի խնդիրներ: Բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ»:
Մի կողմ դնենք, որ խախտել եք մարդու հիմնարար իրավունքներ:

Մի կողմ դնենք, որ խախտել եք Սահմանադրական՝ անձի գաղտնիության իրավունք: Մի կողմ դնենք, որ կրկնել եք էժանագին, պոռնիկ կայքերի տարածած նյութը, որով թիրախ են դարձրել այդ երեք աղջիկներին (16-18-տարեկան՝ տարբեր հրապարակումներով, տարիքի հետ կապված՝ գործի ընթացքը փոխվում է):

Հիմա, արել եք պնդում, որ դասի ընթացքում, կրկնում եմ՝ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ: Դասի ընթացքը ենթադրում է ակադեմիական 45 րոպե: Այսինքն, անուղղակի հավաստում եք տալիս առ այն, որ ՀՀ-ում, որևէ դասի ընթացքում, հանրակրթական դպրոցում, տեղի է ունեցել օրգիա: Այլ բան, թե այդ հավաստիացումը Ձեզ որտեղից: Ոստիկանությունն իր չափաբաժին պատասխանն ունի տալու: Դուք հասկանու՞մ եք, որ օրեր շարունակ, երեք աղջիկների դեմ սանձազերծված ու ուղղորդված թիրախի անառողջ մաս եք կազմում: Հիմա, կա՛մ հրապարակում եք այդ մանկավարժների ցուցմունքները, որոնք ըստ Ձեզ, հայտարարել են, թե՝ ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ(ուհի), կա՛մ կրում եք ողջ քաղաքական պատասխանատվությունը, դրանից բխող էժանագին հնարքների համապարփակ բնութագրերով, որոնց կանդրադառնամ հաջորդիվ:
Հարգանյոք՝
ՀՀ քաղաքացի Վահրամ Թոքմաջյան»: