«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 20-օրյա այցով ԱՄՆ մեկնած ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, մեր տեղեկություններով, իրականացրել է նախատեսված մաքսիմում-ծրագիրը՝ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, բավականին հանգանակություն է արել՝ մոտ մեկ միլիոն դոլարի հասնող։ Ամերիկահայ համայնքն էլ մեծ ցնծությամբ է ընդունել նրան. մեծ ակտիվությամբ մասնակցել են նրա հանդիպումներին, ընդ որում՝ սփյուռքի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք սովորաբար համատեղ միջոցառումներից խուսափում են։

Համայնքը մեծ ծրագիր է կազմել, այդ թվում՝ զբոսանքների եւ մեծարումների, որ վարչապետի տիկինը գոհ վերադառնա ԱՄՆ-ից։ Բայց որոշ քաղաքական շրջանակներ, այնուամենայնիվ, զարմացած են վարչապետի տիկնոջ այս աննախադեպ ակտիվությունից, ինչը, որպես կանոն, առաջին տիկնանց բնորոշ չէ. նրանք առավելագույնը սահմանափակվում են իրենց ամուսիններին ուղեկցելով, այլ ոչ թե ինքնուրույն վոյաժների մեկնելով։ Սա ենթադրությունների տեղիք է տվել, որ Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականություն կամ Մեհրիբան Ալիեւայի հետքերով՝ կարիերա անել։


Մեզ ասացին, որ ԱՄՆ կոնգրեսում նրա հետ հանդիպել է գրեթե նույն կազմը, ում հետ Արարատ Միրզոյանն էր ժամանակին հանդիպել, որոնք Թրամփի «ոչ սիրելի» դեմոկրատներն են, միայն մեկ հանրապետական է ներկա եղել: Ի դեպ, Կոնգրեսում հանդիպումն էլ է տարակուսանքի տեղիք տվել։ «Կարո՞ղ էիք պատկերացնել, որ, ասենք, Ռիտա Սարգսյանը կամ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը մեկնեին ԱՄՆ եւ հանդիպումներ ունենային Կոնգրեսում»,- հարցնում էին մեզ։ Բացի այդ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքը 2 շաբաթ լիովին կաթվածահար է եղել՝ դեսպանն այս ընթացքում գրեթե դեսպանություն չի մտել, ողջ օրն Աննա Հակոբյանին է ուղեկցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում