Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։ Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։

Հիշեցնենք,որ ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ «ֆեյքերի» դեմ վարչապետի հանձնարարականից հետո մեկ անձ՝ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերը, ձերբակալվել է։

Նշված անձի կալանավորումից հետո բավական երկար ժամանակ է անցել, սակայն ԱԱԾ հրաժարվում է մանրամասններ տրամադրել հանրությանը ձերբակալված անձի մասին։ Օրերս մենք հարցում էինք ուղարկել ԱԱԾ մամուլի ծառայաությանը, սակայն մեզ այնտեղից պատասխանել էին, որ մանրամասնները կլինեն առաջիկայում։ Այս պահին դեռևս անհասկանալի է, թե ինչու՞ ԱԱԾ թաքցնում ձերբակալվածի ինքնությունը։

Politik.am-ին հաջողվեց պարզել՝ ով է ձերբակալված անձը։ Նրա ազգականներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ ասաց, որ ձերբակալված անձը Արմեն Աբ Ավագին է, Հայաստանի և Իրանի քաղաքացի։


Առաջին օրը ձերբակալվածի ազգականները տեղյակ չեն եղել, թե իրավապահները ինչի համար են տարել նրան, սակայն հետագայում պարզել են, որ նա է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի համակարգողներից մեկը։