Հայաստանն աշխուժորեն քննարկում և հեգնում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դիմումը Ռուսաստանին, որով նա քաղաքական ապաստան է հայցում այդ երկրում: Որքան էլ Հայաստանում հեգնեն այդ փաստը, այդուհանդերձ պետք է արձանագրել, որ Միհրան Պողոսյանը գործում է ժանրի կանոններին լիարժեքորեն համահունչ: Ի վերջո՝ նա նախկին մի համակարգի ներկայացուցիչ է, որի գլխավոր հովանավորը եղել է ռուսական համակարգը:

Ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, առաջնորդվելով այդ տրամադրությամբ և մտայնությամբ, այժմ դիմում է այդ համակարգի պաշտպանությանը՝ նաև հաշվի առնելով այն, թե ինչպես են այդ պաշտպանությունը վայելում Միքայել Հարությունյանը, Վահագն Հարությունյանը՝ Մարտի 1-ի գործով, նաև ինչպես է այդ պաշտպանության մեդիահմայքը վայելում Ռոբերտ Քոչարյանը: Ըստ այդմ՝ ԴԱՀԿ նախկին պետն ունի բոլոր հիմքերը անկեղծորեն կարծելու, որ Ռուսաստանին ուղղված դիմումն ունի բավարարվելու շանս:

Այլ հարց է իհարկե, թե իրականում կա՞ այդ շանսը, թե՞ ոչ: Որովհետև Պողոսյանը գործում է ժանրի, ասել է թե՝ իներցիայի կանոններով: Սակայն Ռուսաստանը խախտել է իներցիան, ձերբակալել է հետախուզվող Պողոսյանին: Հիմա, քաղաքական ապաստան հայցելով, Պողոսյանն ուզում է ասել՝ Ռուսաստան, սխալվել եք, այդ ես եմ՝ Միհրանը Պողոսյան: Սակայն ըստ երևույթին պետք է նրան փոխանցել, որ Ռուսաստանն այդ հարցերում երբեք չի սխալվում, չի շփոթում, հետևաբար եթե բանն ապաստանն է, ապա ԴԱՀԿ նախկին պետը ձերբակալվելուց հետո թերևս պետք է Հայաստանում ապաստան հայցի, քանի որ այդպիսի դեպքերում Ռուսաստանում հազիվ թե նա լինի ապահով վիճակում:



Այդ կապակցությամբ արդարադատության գեներալին թերևս պետք է հայտնել բոլորովին թարմ դեպքը թալիշների առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդայի հետ կապված, որը Մոսկվայի թողտվությամբ «առևանգվեց» ռուսական բանտից և հանձնվեց Ադրբեջան: Դա այն դեպքում, երբ Աբոսզոդան էլ էր Ռուսաստանում պաշտպանություն փնտրում, իհարկե՝ ոչ թե օրենքից պաշտպանություն՝ ինչպես Պողոսյանը, այլ Ալիևի հետապնդումներից: Բայց Ռուսաստանը դաժան վարվեց այն մարդու հետ, ով համոզված էր, որ Ռուսաստանում ինքը պաշտպանված է:

Այնպես որ, Աբոսզոդայի օրինակը պետք է հիշեցնել Պողոսյանին, ընդ որում՝ ոչ միայն, այսպես ասած, պատկերավոր կամ ալեգորիկ իմաստով, որովհետև Մոսկվայում մեկ էլ կարող են հիշել պանամական օֆշորի պատմությունը՝ եթե արդեն չեն հիշել, ու նաև այն, որ այդ պատմությանը կողք կողքի էին հայտնվել այդ օֆշորում հաշիվներ ունեցող Պողոսյանի և Ալիևի անունները: Չէ՞ որ ինքը՝ Պողոսյանը, այդ սկանդալից հետո հայտարարեց, թե չի ուզում արատավորել իր և Հայաստանի անունը, ու քանի որ նույն սկանդալում Ալիևի անունն էլ կա, նրա կողքին չմնալու համար հրաժարական է տալիս ԴԱՀԿ պետի պաշտոնից: Հասկանալի է, որ դա թատրոն էր հետո Հայաստանի խորհրդարանի պատգամավոր դառնալու համար, բայց ինչ իմանաս, թե ինչ ներկայացում կարող է բեմադրել Ռուսաստանը՝ օֆշորի սիամականների համատեքստում:

Այնպես որ՝ Պողոսյանը շատ ավելի ապահով կլինի Հայաստանի բանտում, քան Ռուսաստանում՝ նույնիսկ ազատության մեջ:

Նյութի աղբյուրը՝ 1in.am