«Ես չեմ ուզում առհասարակ նման հայտարարություններ մեկնաբանել։ ՀՀ-ում 2018 թվականի ապրիլի հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու կամ սարքելու դեպքեր չեն եղել։ Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն, և ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային նշանակությունը։ Այն մեղադրանքը, որը առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, հիմնավորված է ցուցմունքներով, կատարված առերեսումներով։

Բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին՝ մի քիչ համբերել, երբ գործն արդեն կուղարկվի դատարան, որտեղ բոլորդ և հանրությունը հնարավորություն կունենան ծանոթանալ այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում, որից հետո բոլորը կարող են գնահատել այդ ապացույցների իսկությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, որ իր դեմ հարուցված գործը շինծու է։

Հարցին՝ ինչո՞ւ է ազատ արձակվել ՊՎԾ պետի տեղակալ Սամվել Ադյանը, նա պատասխանեց, որ ենթադրել է, որ հարցը շահարկման առարկա է դառնալու, այդ պատճառով էլ ԱԱԾ մամուլի ծառայությանը հանձնարարել է հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։

«ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչը, ինչպես նաև գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը, և դատարանը նպատակահարմար է գտել ազատ արձակել պարոն Ադյանին։ մենք ներկայումս բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան և կսպասենք դատարանի որոշմանը։ Տարոն Ավետիսյանի հետ էլ կապված՝ գնահատվել է նախաքննության ընթացքում կատարված աշխատանքները։ Անկեղծ՝ շատ մանրամասն չեմ տիրապետում քննչական կողմի քննությանը, եթե նպատակահարմար են գտել ազատ արձակել, ուրեմն ազատ են արձակել»,- նշեց ԱԱԾ պետը։

Նա հորդորեց չշահարկել այս գործը, և որպես ԱԱԾ պետ՝ պարտավոր է օրենքով սահմանված իր լիազորությունները կատարել՝ անկախ այն հանգամանքից, թե մեղադրվող անձն ով է՝ բարեկամը, թե զինակից ընկերը։


«Եթե նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցները թույլ տան անօրինականություններ, պետք է պատժվեն, և նրանց պատիժը պետք է լինի ավելի խիստ»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանի գործով զբաղվում ոչ թե Հատուկ քննչական ծառայությունը, այլ ԱԱԾ-ն, Արթուր Վանեցյանն ասաց՝ քանի որ քրեական գործը հարուցվել է, և ի սկզբանե մեղադրանքը Դավիթ Սանասարյանի նկատմամբ չի հարուցվել, այլ հարուցվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից անօրինականություններ իրականացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու հիման վրա։

«Այդ ժամանակ ՀՔԾ-ի սուբյեկտ չէր հանդիսանում այդ քրեական գործով անցնող անձը, այդ պատճառով էլ գործը գտնվում է ԱԱԾ վարույթում։ Որևէ խնդիր չեմ տեսնում, եթե գործը տեղափոխվի ՀՔԾ-ի վարույթ»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։