Չինաստանում տեղի ունեցած Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ միջազգային համաժողովին Հայաստանի բարձր մակարդակով չմասնակցելու հանգամանքը դարձել է որոշակի հանրային քննարկումների պատճառ: Խոսքը վերաբերում է համաժողովի, որ արդեն երկրորդ անգամ կազմակերպում է պաշտոնական Պեկինը՝ նոր Մետաքսի ճանապարհի նախաձեռնության շրջանակում, որի համար Չինաստանը ծախսում է տասնյակ միլիարդավոր դոլարներ: Ըստ տարբեր գնահատականի, Պեկինը պատրաստ է նախաձեռնության իրականացման համար ծախսել մոտ 100 միլիարդ դոլար:

Տնտեսական այդ նախաձեռնությունն անշուշտ Չինաստանի աշխարհաքաղաքական հավակնության յուրօրինակ դրսեւորում է: Նախաձեռնության առնչությամբ առաջին համաժողովը տեղի ունեցավ 2017 թվականի մայիսի 15-16-ը: Հայաստանն առաջին համաժողովին էլ ներկայացված չէր բարձր մակարդակով՝ թե նախագահի, թե վարչապետի: Ավելին, Սերժ Սարգսյանն այդ օրերին պաշտոնական այց էր կատարել Քաթար: Փաստորեն, Չինաստանի մայրաքաղաքում կազմակերպված համաժողովին Հայաստանը նաեւ թավշյա հեղափոխությունից հետո չմասնակցեց Առաջին դեմքի մակարդակով: Ո՞րն էր պատճառը, դեռեւս պարզ չէ, համենայն դեպս այդ կապակցությամբ մեկնաբանություն պաշտոնական Երեանը գոնե առայժմ չի արել: Մյուս կողմից, ի՞նչ կարող էր ակնկալել Հայաստանն այդ համաժողովից եւ մասնակցությունից, թե առաջին, թե երկրորդ դեպքում: Մեծ հաշվով թերեւս ոչինչ, որովհետեւ Հայաստանը հետ է մնացել իրադարձությունների զարգացումից շատ ավելի վաղ, եւ միեւնույն ժամանակ ունի նաեւ մի շարք օբյեկտիվ սահմանափակումներ, որոնք Երեւանին թույլ չեն տալիս լինել չինական նոր Մետաքսի ճանապարհի նախաձեռնությունների այսպես ասած աշխույժ ռեիմի դաշտում:

Բանն այն է, որ Հայաստանի երթուղին կարող է դիտարկվել Իրանի ուղղությունից՝ դեպի Վրաստան ու Եվրոպա: Սակայն, մինչեւ Իրան հասնելու համար Չինաստանն անշուշտ պետք է «կտրի» շատ երկար ու բարդ քաղաքական ճանապարհ, շատ բարդ ռեգիոններով, միմյնաց հետ բավականին դժվար եւ սուր խնդիրներ ունեցող պետությունների տարածքով: Այստեղ աշխույժ ռեժիմի մասին խոսելը խիստ վաղ է: Մյուս կողմից սակայն, Չինաստանի նախաձեռնությունն անշուշտ չի ենթադրում երևթուղու բացարձակ ուղղակիություն: Այսինքն, չի նշանակում, որ բոլոր երթուղիները պետք է անպայմանորեն սկսեն հենց Չինաստանից: Պեկինի խնդիրն ընդհանրապես համաշխարհային «երթուղային բաժնետիրությունն» է: Ըստ այդմ, այդ տրամաբանությամբ Չինաստանը կարող է հետաքրքրություն ցուցաբերել Իրան-Հայաստան-Վրաստան երթուղու կամ ինչպես իրանական կողմն է մի շարք անգամներ բարձրաձայնել՝ Պարսծից ծոց-Սեւ ծով գաղափարի նկատմամբ: Բայց այստեղ է, որ Հայաստանը կորցրել է տարիներ ու հետ է մնացել, եւ այդ գաղափարի համար Պեկինի համաժողով հասնելը իսկապես իզուր է, իզուր էր թե այսօր, թե 2017-ին: Եվ դա ունի մի շարք տնտեսական եւ քաղաքական, իսկ այժմ արդեն աշխարհաքաղաքական պատճառներ: Պարսից ծոց-Սեւ ծով գաղափարի առումով պետք է դիտարկել թերեւս երկու հնարավոր ենթակառուցվածք՝ երկաթուղի եւ ավտոճանապարհ: 2008 թվականին Սերժ Սարգսյանը հռչակեց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարություն, սակայն Սարգսյանի հույսը թերեւս ռուսական ներդրումներն էին: Զուգահեռ հենց 2008 թվականից ստորագրվեց Հայաստանի երկաթուղին 30 տարով ռուսական հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը: Մի քանի տարի անց Ռուսական երկթուղիների ղեկավար Յակունինը հայտարարեց, որ հայ-իրանական երկաթուղին պատ է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ: Տարիների ընթացքում, երբ պարզ դարձավ, որ ռուսներին դա չի հետաքրքրում՝ դարձյալ մի շարք տնտեսական ու քաղաքական պատճառներով, Սարգսյանը դիմեց չինացիներին: Սակայն, հնարավոր է, որ չինացիների համար կա գործնական քայլի մի կարեւոր պայման:

Եթե Հայաստանի ամբողջ երկաթուղին տրված է ռուսական կառավարման, Պեկինը չունի Հայաստան-Իրան երկաթուղու միլիարդավոր դոլարների ծախսն իր վրա վերցնելու շարժառիթ: Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, ապա այստեղ գործ ունենք Հյուսիս-Հարավի տարիներ շարունակ գործնականում խայտառակ շինարարության հետ, որը այլ բան չէր, քան Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը սպառվող ներքին ռեսուրսների պայմաններում արտաքին խոշոր վարկի ներգրավումով սնուցելու նախագիծ:

Այդպիսով, իրականում կարեւոր եւ նշանակալի գաղափարը վերածվել է հենց այդօրինակ շահադիտական մի աղբյուրի, ինչի մասին են հուշում թավշյա հեղափոխությունից հետո հարուցված մի շարք քրեական գործեր, որոնք վերաբերում են նախկին տարիներին այդ ճանապարհի խայտառակ շինարարությանը: Այդպիսով, Երեւանը չինական նոր Մետաքսի ճանապարհի նախաձեռնության աշույժ ռեժիմում հայտնվելու համար ունի հենց իր ներսում անցնելու բավականին կարեւոր ճանապարհ, իհարկե զուգահեռ աշխատելով թե Իրանի, թե Չինաստանի հետ: Թավշյա հեղափոխությունը տվել է դրա նոր ու լավ հնարավորությունը, եւ անկասկած շատ կարեւոր է, թե ինչ աշխատանք է ընթանում այդ ուղղությամբ:

Նյութի աղբյուրը՝ 1in.am