Մոսկվայում ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կազմակերպած Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ադրբեջանական և հայկական կողմերը շարունակում են հակասական հայտարարություններ անել ընթացող բանակցությունների բովանդակության մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե կողմերը քննարկում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը 2016 թվականին Ռուսաստանի կողմից արված առաջարկների հիման վրա։

Պաշտոնական Երևանը, սակայն, ասում է, որ մասնավորապես Մոսկվայի վերջին հանդիպմանը քննարկված բոլոր թեմաները արտացոլված են երեք արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ։ Իսկ ըստ այդ հայտարարության՝ հանդիպման մասնակիցները քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հեռանկարները։ Ինչ վերաբերում է բուն հիմնախնդրի կարգավորման կամ հանգուցալուծման բովանդակային կետերին՝ նշվում է, որ «տեղի է ունեցել մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ»։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքերով՝ ներկայումս կարգավորման որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում, քննարկումները բովանդակային հարցերի շուրջ շարունակում են ընթանալ «միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում»: Բայց Մամեդյարովն այնպես է ներկայացրել Մոսկվայի բանակցությունները, թե կողմերը քննարկել են կարգավորմանը վերաբերող շատ կոնկրետ խնդիրներ. «Օրինակ, Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հետ կապված հարցեր, մենք առաջին հերթին բարձրացնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և հարկադրաբար հեռացած մարդկանց վերադարձի հարցերը: Այս չորս հարցերի շուրջ մենք բազմակողմանի քննարկումներ ունեցանք: Կարծում եմ՝ համաձայնեցինք շարունակել քննարկումները»։

Ապրիլի 24-ին լրագրողների խնդրանքով այս թեմային և, մասնավորապես, այսպես կոչված՝ «Լավրովի պլան»-ին վերաբերող հարցին անդրադարձել է նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, թե «որևէ փաստաթուղթ մենք այս պահին, այսօր չենք քննարկում»։


Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

– Պարոն Տարասով, Մամեդյարովն ասում է, թե այսօր սեղանին դրված են 2016 թ. ռուսական առաջարկները, հայկական կողմը հերքում է, իսկ Լավրովը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այս տեղեկությունը։ Ո՞վ է ի վերջո ստում։

– Նախ, բանակցությունները փակ են, և կան որոշակի պարտավորություններ՝ չհրապարակելու տեղեկությունը։ Հակամարտող կողմերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միշտ հանդես են եկել հակասական հայտարարություններով։ Համատեղ հայտարարությունները շատ քիչ են։ Մնացականյանն իր մեկնաբանությունն է ներկայացնում, իսկ Մամեդյարովը առաջինը տեղեկության արտահոսք կազմակերպեց՝ հայտարարելով, թե իբր քննարկվում է 2016 թվականի տարբերակը, բայց ի՞նչ տարբերակ է դա, այն նախագիծը, որը ստացել է «Լավրովի պլան» անվանո՞ւմը. այն բնության մեջ գոյություն չունի, քանի որ Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հերքել է դա։ Իսկ ամերիկացի համանախագահը հայտարարեց, թե «սեղանին դրված առաջարկների համալիրը, որը կարելի է պայմանականորեն կոչել «Լավրովի պլան», բայց դա «Լավրովի պլան» չէ, պարզապես մենք ենք այդ աշխատանքային անվանումը տվել դրան»։ Այսինքն՝ սա, կարծես, իսկական «աբրակադաբրա» լինի։ Սա՝ առաջինը։

Երկրորդը, միջնորդներն ըստ երևույթին փորձում են պարզել երկու կողմերի դիրքորոշումները։ Բայց քանի՞ անգամ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ սկսած 1994 թվականից, ինչքա՞ն կարելի է ուսումնասիրել նրանց դիրքորոշումները։ Ընդհանրապես բանակցային ողջ գործընթացի հիմքում ընկած են ընդամենը 5-6 բազային փաստաթղթեր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ կողմերը չեն մշակել ընդհանուր հայեցակարգային ապարատ։ Եթե այս հասկացությունը թարգմանենք ավելի հասկանալի լեզվի՝ սա, կոպիտ ասած, նշանակում է, որ եթե մենք երկուսով նայում ենք պատուհանին, ես ասում եմ, որ սա պատուհան է, իսկ դուք ասում եք՝ սա դուռ է, ապա մենք երբեք համաձայնության չենք հասնի։ Եվ այսօր հրապարակայնորեն այսպիսի շիզոֆրենիկ դիրքորոշում է արտահայտվում։

Այդուհանդերձ, փորձառու դիվանագետները հասկանում են, որ բանակցությունները շարունակվում են, նրանք խոսում են ինչ-որ բանի մասին։ Փաստ է այն, որ Մնացականյանը և Մամեդյարովը հանդիպում են։ Փաստ է այն, որ հանդիպում են նաև Փաշինյանն ու Ալիևը։ Նշանակում է՝ կա բանակցությունների առարկա, բայց այն խնամքով թաքցվում է, և բոլորս էլ հասկանում ենք, որ եթե չլիներ քննարկման կոնկրետ առարկա՝ բանակցություններ տեղի չէին ունենա։ Ի՞նչ կա այս ամենի ետևում՝ ոչ ոք չգիտի, այդ թվում նաև ես։

– Բայց այս հանդիպումներն էլ կարող են իրենց բացատրությունն ունենալ։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ կողմերը քննարկում են իրադրությունը շփման գծում, անվտանգության հետ կապված հարցերը, լարվածությունը նվազեցնելու հարցը և փորձում են ինչ-որ կերպ պահպանել երկխոսությունը, ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը։

– Եթե խոսում ենք անվտանգության հետ կապված հարցերին՝ Դուշանբեում «ոտքի վրա» պայմանավորվեցի՞ն լարվածությունը շփման գծում նվազեցնելու մասին, և այնուամենայնիվ, կողմերը պահպանում են համաձայնությունը, ստեղծվել է «օպերատիվ կապ»։ Ահա և ձեզ արդյունք։ Սա կոնկրետ պայմանավորվածություն է, թեև այն փաստաթղթով ամրագրված չէ։ Այս պրոցեսի հետագա տրամաբանությունը ենթադրում է, որ կարող են լինել պարտավորեցնող բնույթի համաձայնագրեր։ Հետո հայտարարեցին, որ կողմերը պայմանավորվել են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին գարնանային, դաշտային աշխատանքների ժամանակ, որպեսզի թե՛ այս և թե՛ այն կողմի գյուղացիները կարողանան աշխատել։ Այս առաջարկը Փաշինյանն արեց, և կարծես թե Ադրբեջանը համաձայնել է։ Բայց պետք է մի կարևոր բան հասկանանք, որ սա շատ բարդ կոնֆլիկտ է և այն պետք է քայլ առ քայլ լուծել։ Սա շատ բարդ գործընթաց է, բայց ինձ թվում է՝ գլխավոր հարցն այն է, որ եթե նախկինում Սերժ Սարգսյանն ու Ալիևը իրենց խաղն էին խաղում, ապա հեղափոխական Փաշինյանը հեղափոխական ոչինչ չառաջարկեց և չդրսևորեց իրեն որպես հեղափոխական Ղարաբաղի հարցում, բացի այն հայտարարությունից, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է և պետք է մասնակցի բանակցություններին։ Այնուամենայնիվ, նա շարունակում է բանակցել հին ձևաչափով, և իր այս դիրքորոշումը անհասկանալի է անձամբ իմ համար։ Սա ևս քննարկման փակ թեմաներից է։

– Այնուամենայնիվ, Փաշինյանը որոշ նոր գաղափարներ է առաջարկել։ Օրինակ, առաջարկեց նստել սեղանի շուրջ հակամարտության բոլոր երեք կողմերով և համաձայնել, որ խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ կարգավորման մասին։ Հայտարարեց, թե կուզենար դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել նրա հետ, կուզենար, որ երկխոսություն սկսվի «երկու երկրների կառավարությունների, ժողովուրդների, երիտասարդների միջև, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է»։

– Եկեք իրատես լինենք։ Լենինն էլ ժամանակին դեկրետ ստորագրեց խաղաղության մասին։ Բոլորը պատերազմում էին, իսկ նա դեկրետ ստորագրեց խաղաղության մասին, խոսում էր զինաթափման մասին։ Եվ ի՞նչ էղավ հետո։ Դա դեմագոգիա է, հասկանո՞ւմ եք։ Կամ այդ կոչը՝ եկեք նախապատրաստենք ժողովուրդներին խաղաղության։ Իսկ ինչպե՞ս նախապատրաստենք, նշե՛ք՝ կոնկրետ ինչպես, հրաման տվեք ԶԼՄ-ներին, որ ադրբեջանցիները վատ բաները չգրեն հայերի մասին, հայերն էլ՝ ադրբեջանցիների մասին։ Դա կոնկրետ որոշումներ է պահանջում, իսկ մնացյալը դեմագոգիա է։

– Իսկ ի՞նչ անել, շարունակել ատելության քարո՞զը։

– Գիտեք, կան նման իրավիճակից դուրս գալու որոշակի տեխնոլոգիաներ։ Եթե կողմերն ունեն պայմանավորվելու իրական ցանկություն՝ նրանք պայմանավորվում են։ Եթե կողմերը փորձում են դանդաղեցնել բանակցությունները՝ նրանց նկատմամբ ճնշում են, ստիպում են բանակցել, բայց նրանք պատրաստ չեն բանակցություններին, նրանք խաղում են բանակցություններ։ Եթե կողմերից մեկը ավելի վճռականորեն է հարցը բարձրացնում՝ ասելով, որ ինքն ուզում է բանակցել, բայց բանակցությունները չեն կայանում, նա մեղադրում է հակառակորդին բանակցությունները տապալելու մեջ, և սկսվում է պատերազմ։ Բայց խնդիրն այն է, որ կողմերի թիրախային դիրքորոշումները աղոտ են, անորոշ։

– Իսկ ի՞նչ կարելի է պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ, որը շարունակում է պնդել, թե կքննարկի հիմնախնդրի կարգավորման ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության տրամաբանության մեջ։

– Ահա, Ադրբեջանը այնպիսի հայտարարություն է արել, որը բացառում է փոխզիջումը։ Այստեղից հարց է առաջանում՝ ընկերնե՛ր, ինչի՞ մասին եք այդ դեպքում խոսում 3-4 ժամ։ Ինչի՞ մասին են 3-4 ժամ խոսում Մնացականյանն ու Մամեդյարովը, ինչի՞ մասին են խոսում Փաշինյանն ու Ալիևը։ Ընդհանուր առմամբ նրանք բանակցել են շուրջ 20 ժամ։ Ինչի՞ մասին են խոսել 20 ժամվա ընթացքում։ Նարդի՞ եք խաղում, կոնյա՞կ եք խմում։ Ինչի՞ մասին եք խոսում։

– Հենց դա է խնդիրը՝ կողմերը սկզբունքորեն իրար հակասող մոտեցումներ ունեն թե՛ բանակցությունների ձևաչափի և թե՛ հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերի շուրջ, բայց այնուամենայնիվ, կողմերը հանդիպում են, զրուցում են։ Օրինակ, Փաշինյանը Վիեննայի հանդիպումից հետո ասաց, թե «չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն, բայց սկսվել է մի պրոցես, որ մեզ հնարավորություն է տալիս խոսել օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին», սկսվել է «խոսակցություն»։ Նա այսպես մեկնաբանեց։

– Դրա համար էլ ուզում եմ կրկնել այն, ինչ ասել եմ նախկինում՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ նպատակով եք մտնում բանակցությունների մեջ։ Եթե ձեր նպատակն է պարզապես խոսել, հետո բացատրել, թե ինչ էիք 3 ժամ խոսում…

– Իսկ ի՞նչ նպատակ այսօր կարող է ունենալ Հայաստանը. կանխել նոր պատերազմը։ Այլ նպատակ պարզապես չեմ տեսնում։ Համաձայն չե՞ք։

– Նպատակը պարզ է. հայերը մասնակցում են բանակցային գործընթացին, որ կանխեն պատերազմը։ Այո, պրոցեսն ունի որոշակի տրամաբանություն։ Բայց եթե Ադրբեջանը հայտարարում է, որ ես կքննարկեմ միայն այն տարբերակները, որոնք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում են, և դուք գնում եք բանակցելու, նշանակում է՝ դուք համաձայնվում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին։ Սա առաջին տարբերակն է։ Երկրորդ տարբերակը՝ հնարավոր է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն հայտարարում է, որ չի ընդունի որևէ տարբերակը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին, բայց փակ բանակցությունների ժամանակ քննարկում է փոխզիջումային տարբերակներ։ Այս պարագայում ևս դուք գնում եք բանակցությունների։ Իսկ երրորդ տարբերակը՝ եթե կողմերը միմյանց բացառող դիրքորոշումներ ունեն՝ այդ դեպքում ինչի՞ մասին կարելի է խոսել։ Նրանք խճճվել են։ Փաշինյանն ու Ալիևը խճճվել են իրենց գործողություններում և հայտարարություններում ամբողջությամբ։ Եթե փորձեք իրար կողք շարել նրանց բոլոր հայտարարությունները և փորձեք ամենապարզունակ սիլլոգիզմ կառուցել դրանցից՝ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Թե՛ Երևանը և թե՛ Բաքուն դեմագոգիայով են զբաղված։ Ես նկատի ունեմ հրապարակային հայտարարությունները։ Ես 100 տոկոսով համոզված եմ, որ ինչ-որ պրոցես է ընթանում, բայց չգիտեմ, թե դա ինչ պրոցես է։

– Պարոն Տարասով, բայց հայկական կողմի մտադրությունները՝ լինի երկրի ղեկավարը Փաշինյանը, թե Սարգսյանը, քիչ թե շատ պարզ են՝ պահպանել ստատուս-քվոն։

– Սպասեք, հարգելիս։ Ենթադրենք՝ մենք զրուցում ենք, և ես ասում եմ, որ կխոսեմ քեզ հետ միայն այն դեպքում, երբ պահպանվի իմ երկրի տարածքային ամբողջականությունը, այլ սկզբունքների շուրջ ես քեզ հետ չեմ բանակցում։ Եվ դու սկսում ես խոսել ինձ հետ, և ես եզրակացնում եմ, որ դու համաձայն ես իմ սկզբունքների հետ։ Այդպես չէ՞։

– Ո՛չ։

– Ահա, տեսնում եք՝ համաձայն չեք։ Այս պարագայում կարելի է եզրակացնել, որ եթե ես հրապարակայնորեն այնպիսի դիրքորոշում եմ արտահայտում, որին դու սկզբունքորեն դեմ ես, բայց այնուամենայնիվ, շարունակում ես շփվել ինձ հետ, ապա դա նշանակում է, որ ես ենթատեքստերով եմ խոսում քեզ հետ։ Բայց ամեն դեպքում կան փոխզիջումային տարբերակներ, որոնք արժե քննարկել։ Այդ դեպքում կա հիմք որոշակի երկխոսության համար։ Բայց դրա մասին կրկին հրապարակայնորեն չի բարձրաձայնվում։ Ահա և ձեզ գաղտնի դիվանագիտության հնարքները։ Բայց թե կոնկրետ ինչի՞ մասին են խոսում կողմերը, ի՞նչ հարցեր են քննարկում, օրինակ՝ Քարվաճառի շրջանի կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, երկու, հինգ, թե յոթ շրջաններ, ոչ ոք չգիտի, հասկանո՞ւմ եք։ Մնացածը ենթադրություններ են, դատողություններ և այդ ենթադրությունների հետ դժվար է վիճել, քանի որ յուրաքանչյուրն իր ձևով է պատկերացնում այս պրոցեսը։

– Այս համատեքստում մեկ այլ կարևոր հարց կա, եթե տրամաբանորեն վերլուծենք պրոցեսը։ Ալիևը, պաշտոնական Բաքուն Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բաց տեքստով հույս էին հայտնում, որ Հայաստանի նոր ղեկավարությունը ավելի «կառուցողական» կլինի Ղարաբաղի հարցում և կհանձնի Ղարաբաղը։ Որքան էլ սա պարզունակ ու անհեթեթ հնչի, այնուամենայնիվ, Բաքվում իսկապես նման պատրանքներ կային։ Բայց Փաշինյանը ավելի ուշ մի քանի հայտարարություններով հստակեցրեց, որ չի պատրաստվում անտրամաբանական զիջումներ անել։ Հետևաբար, ի՞նչ քայլեր կձեռնարկի Բաքուն այսուհետ. կշարունակի երկխոսե՞լ, թե՞ կվերադառնա իր ավանդական «ռազմական դիվանագիտությանը»։

– Բայց ի՞նչ կապ ունի Բաքուն։ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, իշխանությունից հեռացվեց նախկին վարչակարգը։ Ալիևը կարող էր օգտվել իրավիճակից և հարված հասցնել։ Հայաստանը առաջնորդ չուներ. նախկին առաջնորդը հեռացվել էր, իսկ երկրորդը դեռևս չէր հաստատվել։ Բայց Ալիևը հանկարծ հանդիպում է Փաշինյանի հետ Դուշանբեում, պայմանավորվում է նրա հետ մի քանի հարցերի շուրջ և սկսում է աջակցել նրան։ Ո՞ր հայ քաղաքագետը կպատասխանի՝ ինչո՞ւ Ալիևը մինչև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները հանդիպեց Փաշինյանի հետ Դուշանբեում՝ դրանով ամրապնդելով Փաշինյանի դիրքերը։ Օրինակ, մենք Մոսկվայում այդպես չենք կարծում։ Իսկ Ալիևն ասում է, թե կան շանսեր, որ Հայաստանի նոր կառավարությունն ինչ-որ փոխզիջումներ կանի և այլն։ Ինչո՞ւ, ի՞նչն է հիմք տվել նրան այդպես մտածելու։ Նշանակում է՝ Ալիևը դեռևս հույսեր է կապում Փաշինյանի հետ։ Ադրբեջանական կողմի պահվածքը անհասկանալի է։ Ցանկացած ստրատեգ գիտի, հասկանում է, որ եթե հակառակորդ երկրում ապակայունացման շրջան է՝ հարկավոր է հարված հասցնել։ Նրանք երեք-չորս շրջան կգրավեին երեք օրում։

– Դժվար թե…

– Սարգսյանը կորցրել էր իշխանությունը, իսկ Փաշինյանը դեռ չէր եկել։ Ի՞նչն էր պատճառը։ Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք դա սխալ էր։ Ըստ ամենայնի, ոչ, դա մարտավարություն էր, ադրբեջանական կողմն ուզում էր օգնել Փաշինյանին ամրապնդելու իր իշխանությունը։ Հիմա նա արդեն եկել է իշխանության և ընթանում է երկխոսություն։ Գուցե Ալիևն ինչ-որ հիմքեր ունի ենթադրելու, որ Փաշինյանն ինչ-որ զիջումներ կանի։ Հնարավոր է՝ նաև Փաշինյանը հիմքեր ունի կարծելու, որ Ալիևը զիջումներ կանի։ Բայց սրանք ընդամենը տեսություններ են։

– Դժվար թե Ադրբեջանը հարձակման դեպքում կարողանար հաջողության հասնել, որովհետև հավանաբար հիշում եք՝ ինչ զարթոնք էր այդ օրերին ապրում Հայաստանի ժողովուրդը, ինչպիսի ոգի կար, ինչ մթնոլորտ էր տիրում հրապարակում, փողոցներում և ամենուրեք, ինչքան համախմբված էր ժողովուրդը… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե այդ իրավիճակում արտաքին սպառնալիք առաջանար՝ հատկապես Ադրբեջանի կողմից. այդ հզոր ոգին ու ոգեղենությունը ուղղվելու էր արտաքին թշնամու վրա։ Ու թերևս Ալիևն այդքան կարճատես չէ, այդ ամենը հասկանում էր։

– Ոգին, այո, շատ բարձր էր, բայց իրերին պետք է իրատեսորեն նայել։ Գուցե նրանք չհաղթեին պատերազմում, բայց քիչ արյուն չէին թափի։

– Իսկ Վիեննայի գագաթնաժողովից անմիջապես հետո Մոսկվայում արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու նպատակը ո՞րն էր։ Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ ի՞նքն է «առաջին ջութակը» Մինսկի խմբում, թե՞ մյուս համանախագահներն էլ հավանություն էին տվել այդ հանդիպմանը։

– Մինսկի խմբում համանախագահող մյուս երկու երկրների նախագահները՝ Մակրոնը և Թրամփը, թքած ունեն Ղարաբաղի վրա, նրանք չեն զբաղվում այս հարցով, քանի որ Ղարաբաղը շատ հեռու է իրենցից։ Իսկ Պուտինը զբաղվում է, քանի որ այն մոտ է մեզ։ Եթե պատերազմը Մերձավոր Արևելքից տեղափոխվի Հարավային Կովկաս, դա ուղղակիորեն կազդի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Ռուսաստանի վրա։ Մենք պետք է կանխենք իրադարձությունների նման ընթացքը։ Սա է հարցը։ Երկրորդը, Ռուսաստանի համար մեծ հաշվով միևնույն է՝ ում կպատկանի Ղարաբաղը, Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին։ Մենք չենք պատրաստվում գրավել Ստեփանակերտը և միացնել Ռուսաստանին։

– Այստեղից էլ հարց՝ հաշվի առնելով արտգործնախարար Լավրովի այս վերջին ակտիվությունը՝ կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։

– Հայաստանի և Ադրբեջանի համար Մոսկվայի դիրքորոշման վտանգը կայանում է հետևյալում՝ եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել, և եթե հարավից, հատկապես Իրանից ապակայունացման վտանգ ստեղծվի և դա սկսի ազդել Անդրկովկասի վրա Արաքս գետի երկայնքով, ապա այդ պարագայում ռուսները դուրս կգան Արաքս՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, և չեն պաշտպանի ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ հայերին, նրանք կպաշտպանեն միայն իրենց և իրենց ազգային շահերը։ Եվ այս գործոնը զսպում է բոլորին։ Ռուսներն ասում են՝ համաձայնության հասեք, պայմանավորվեք, մենք պայման չենք թելադրում։ Բայց եթե համաձայնության չհասնեք, և մեր քթի տակ պատերազմ սկսվի՝ այդ պատերազմը վտանգավոր է մեզ համար, և մենք թքած ունենք ձեզ վրա, մենք մեր խնդիրներն ենք լուծելու։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am