Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով արխիվները բացելու թուրքական հերթապահ կոչերը։

«Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ։ Այն սոսկ մի ցավալի իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ շատ ծանր պայմաններում»,- հայտարարել է Էրդողանը, ապա անդրադարձել Թուրքիային մեղադրողներին, հայտնում է Ermenihaber-ը:

«Թուրքիային մեղադրողներին հիշեցնում ենք, որ նրանք պատասխանատու են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմներում զոհված 70 մլն մարդկանց համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պիտի որ դա լավ իմանա։ Պարոն Մակրոն, Ֆրանսիայում ապրող շուրջ 700 հազար հայերին ուղերձ հղելը բնավ չի փրկելու քեզ։ Քաղաքականության մեջ նախ սովորիր լինել ազնիվ»,- հորդորել է Թուրքիայի նախագահը:

Ապրիլի 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն է եղել այդ ժամանակաշրջանի համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարությունը խստորեն դատապարտել են Թուրքիայի նախագահի վերոհիշյալ հայտարարությունը։

«Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ: Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը և արժանապատվության հարգումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ամենակարևոր գործիքներն են», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: