Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Նայեմն այցելել է Երևան և Ֆեյսբուքի իր էջում գրառում կատարել Զվարթնոց օդանավակայանում սահմանի հատման ժամանակ միջադեպի վերաբերյալ:

Նայեմը պատմում է, որ սահմանին ներկայացրել է անձնագիրը, սակայն երկար ստուգումից հետո սահմանապահները հայտնել են, որ տվյալների բազայում «մուտքի արգելքի» նշում կա:

Որոշ ժամանակ անց եկել են միգրացիոն ծառայության ևս երկու աշխատակիցներ և քաղաքավարի բացատրել, որ արգելքը «երրորդ երկրի պահանջով է»:

Նայեմը նշում է, որ արգելքը դրվել է Ռուսաստանի Դաշնության պահանջով ՌԴ պատժամիջոցների ցուցակի ու Հայաստանի սահմանապահ ծառայության բազայի ներդաշնակեցման շրջանակում:

Բոլոր հանգամանքները պարզելուց և Ուկրաինայի դեսպանի միջամտությունից հետո Նայեմին թույլ են տվել մուտք գործել Հայաստանի տարածք, իսկ Ուկրաինայի հյուպատոսական ծառայությունը խորհուրդ է տվել տեղաշարժի մասին տեղյակ պահել դեսպանատանը և այցի ավարտին օդանավակայան մեկնել դեսպանի կամ հյուպատոսի ուղեկցությամբ: