«Հրապարակ» թերթը գրում է.

Ռուսաստանը լավ իմացող հայ փորձագետին հարցրինք` ինչպե՞ս է գնահատում Մեդվեդեւի այցը Հայաստան։ «Նորմալ, կառուցողական»։ Իսկ միջադե՞պը, որը սոցցանցերի քննարկման թեման է դարձել։ «Նախ` ռուսերենի մասով որեւէ խնդիր չկար, բացատրություն տրվել է, երկրորդ․ Մեդվեդեւն ընդամենը հումոր արեց, գիտեք` նա սիրում է կատակել. հիշում եք` Ռուսաստանի ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ բողոքեցին` փող չկա, ցածր ենք վարձատրվում, կատակով, թե` «դենեգ նետ, նո վի դերժիծես»»:

Բայց տեսակետ կա, որ հայ-ռուսական հարաբերություններն անամպ չեն, եւ Մեդվեդեւի վարքագիծը մեսիջ է հայկական կողմին։ «Հայ-ռուսական հարաբերությունները գլոբալ առումով բավականին նորմալ են, պրոբլեմներ միշտ են եղել, դա նույնպես նորմալ է. եղել են ե՛ւ Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ մանավանդ սկզբնական փուլում լուրջ անվստահություն կար, ե՛ւ Քոչարյանի ժամանակ. «Գույք` պարտքի դիմաց» գործարքը»:

Սերժի ժամանա՞կ։ «Եղել են՝ երբ Սահակաշվիլին Սերժ Սարգսյանին պարգեւատրեց շքանշանով, ի՞նչ եք կարծում` Ռուսաստանը շա՞տ ուրախացավ»: Հետո ի՞նչ՝ հարեւան երկիր է, քաղաքականություն է։ «Դե, էդ դեպքում Ռուսաստանն էլ զենք է տալիս Ադրբեջանին, էդ էլ է քաղաքականություն, ինչո՞ւ ենք նեղսրտում: Իսկ հայ-ռուսական հարաբերություններում դրական դինամիկա կա»: Որովհետեւ Սիրիա զո՞րք ուղարկեցինք։ «Ինչո՞ւ ոչ. Սիրիա զորք ուղարկեց, կենսաբանական լաբորատորիաները ռուսական փորձագետների համար բացվեցին, վերջիններս ծանոթացան դրանց աշխատանքների հետ, ասվում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փոխվելու․ քիչ չէ»: