Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 3-ին, տարածքային ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության բաժին են հրավիրել 66-ամյա Գոհար Վ.-ին։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա մարտի 22-ին իր թոռնիկի՝ 15-ամյա Հ. Վ.-ի նկատմամբ երեխայի սովորած դպրոցի մոտ գտնվող ավտոտնակների հետնամասում Ռ. Մ.-ն անառակաբարո գործողություններ է կատարել։

Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Ռ. Մ.-ին եւ հրավիրել ոստիկանություն, որտեղ նա կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։