Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Դավիթ Սանասարյանի գործին, տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենը սկզբում իրեն մի քանի անգամ առաջարկել է գործը փոխանցել Հատուկ քննչական ծառայությանը, նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում «նեղվում են այդ կասկածներից», որ գործի քննությունը ոչ օբյեկտիվ է, բայց ինքը դեմ է եղել:


«Կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեզ վերաբերող գործերը: Այսինքն՝ մենք չունենք քաղաքական կամք, և ուրիշը պետք է մեզ հետ կապված քրեական գործերը քննի»,- ասաց Ն.Փաշինյանը:

Սակայն, ըստ նրա, եթե օբյեկտիվության համար պետք է գործը գնա ՀՔԾ, ինքը բացարձակ խնդիր չի տեսնում:

Վարչապետը բացառեց, որ որևէ մեկը որևէ մեկի ոտքի տակը քանդի.

«Չի կարող այդպիսի երևույթ լինել, չի կարող գործը օբյեկտիվ չքննվել: Սանասարյանն իմ ընկերն էլ ա, ու ի՞նչ»:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ մի քանի անգամ ասել է, որ եթե իր ընտանիքի անդամին էլ վերաբերի, նշանակություն չունի. «ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն»:

Նա հորդորեց քաղաքական հաշվարկներ չփնտրել:

Վարչապետը նշեց, որ իր ունեցած տվյալներով, և իր աղբյուրը միակողմանի չի, միայն ԱԱԾ-ն չի, որ ասում են «քյոհնա ԱԱԾ-ականներ են, կխաբեն», նաև իր թիմակիցներն են իր աղբյուրը, խոսել է նաև Դավիթ Սանասարյանի հետ: Նա բացառեց ոչ օբյեկտիվ քննությունը, հակառակ դեպքում պատիժ է սպասում: