Lragir.am-ը գրում է․ Գեղասահքի երեւանյան դպրոցն այլեւս չի կրելու Իրինա Ռոդնինայի անունը, հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նախագիծն ընդունվել է Լույս խմբակցության նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ փետրվարին Իրինա Ռոդնինան Բաքվում մասնակցել է հակահայկական միջոցառման, ինչը բուռն արձագանք է առաջացրել Հայաստանում:


Թերեւս, սա աննախադեպ իրադարձություն է, երբ Հայաստանի ազգային շահի ոտնահարումը հանգեցնում է կարեւոր խորհրդանիշը ջնջելուն: Մինչեւ հիմա ամեն ինչ հակառակն էր: 2015 թվականի հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից հետո ռուսական բազային քաղաքում անհատույց նոր տարածքներ տրամադրվեցին: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը նույնպես չհրաժարվեց խորհրդանիշերից, եթե չհաշվենք, որ Հայաստանի հասցեին անպատշաճ խոսքերից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այլեւս չի հայտնվել Երեւանում:

 

Հատկանշական է, որ գեղասահքի դպրոցի անվանափոխությունը տեղի է ունենում ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմի հետ աղաղակող միջադեպից հետո, որին Զվարթնոց օդանավակայանում ռուս սահմանապահները մի քանի ժամ պահել էին: Ուկրաինացի պատգամավորը Ռուսաստանում անցանկալի անձանց ցանկում է, եւ նրան դրա պատճառով քիչ էր մնում չթողնեին մտնել Հայաստան:

Միջադեպին պաշտոնական արձագանք դեռ չի եղել: Հայաստանի կառավարությունը չի պատասխանել հարցադրմանը, թե Զվարթնոց օդանավակայանում ռուս սահմանապահները դեռ որքան պետք է անձնագրային հսկողություն իրականացնեն: Կա՞ն ժամկետներ: Հայաստանի ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասում է, որ ինքնիշխանությունը ենթադրում է, որ պետությունն ունի սեփական սահմանների բանալին: Օդանավակայանում օտար սահմանապահի ներկայությունը հակասուվերենության խորհրդանիշն է:

Իրինա Ռոդնինայի դպրոցի անվանափոխությունը կարող է առաջին քայլը լինել վախերի հաղթահարման ճանապարհին, որոնք ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին առկա են Հայաստանում: Ռուսաստանի քարոզչությունը եւ Հայաստանում ազդեցության գործակալները շռայլորեն սնում են այդ վախերը, եւ հանրային գիտակցությունը թունավորված է վախերով:

Վերջերս, օրինակ, հակահայկական թեզեր հեռարձակող ռուսական ալիքները Հայաստանում արգելելու առաջարկին բարձրաստիճան մեդիա պաշտոնյան ակնարկել է, որ դա կարող է տարածքային կորուստների պատճառ դառնալ, ինչպես Վրաստանում եւ Ուկրաինայում եղավ: Ի՞նչ կարող ենք կորցնել, ո՞վ մեզնից հողեր կխլի: Այս հարցերը պատասխաններ չունեն, բայց կա վախ, որը տորպեդահարում է Հայաստանի ինքնիշխան քայլերը:

Այս վախերը թույլ չեն տալիս Հայաստնաին լյուստրացիա անել, առանց որի դժվար է նոր հարաբերություններ կառուցել երկրում: Քանի դեռ չգիտենք, թե ով է օտարերկրյա պետության գործակալ, դժվար է դատել քաղաքական քայլերի դրդապատճառների մասին: Օրինակ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը Ռուսաստանի քաղաքացի է, նրա օգտին բոլոր փաստարկները կորցրին ուժը: Նույնը վերաբերում է Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարողին, որը, պարզվել է, ապաստան է խնդրել Ռուսաստանում: Անգամ նրա նախկին գործընկերները չէին կարողանում թաքցնել հիասթափությունը:

Խորհրդանիշները շատ կարեւոր են միջպետական հարաբերություններում, եւ մեծ մայրաքաղաքներում դա լավ հասկանում են: Ի՞նչն է կարեւոր Հայաստանի համար: Որքա՞ն ենք շարունակելու մեր վրա կրել գաղութի խորհրդանիշերը: