SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն գործել։ Ոստիկանները, մոտենալով դեպքի վայրին, կարողանում են ճիշտ հոգեբանական զրույց ունենալ այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, իսկ նա՝ ապակու կտորը ձեռքին, սպառնում էր կտրել դաստակների երակները։

Ոստիկանները քաղաքացուն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Գագիկ Թ.-ն է, ով պատճառաբանել է, որ կենցաղային անլուծելի խնդիրների պատճառով փորձել է դիմել ծայրահեղ այդ քայլին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: