Արդեն մեկ ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, ու վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան: Հետիոտնը, ով բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է, ինչի համար էլ բնակիչները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: