Հակոբ Ինջիղուլյանն այն ռազմագերին է, որը 2013 թվականի օգոստոսի 8-ին տեղանքում չկողմնորոշվելով հատել էր արցախա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տարածքում։ Մեկ տարի մնալով ադրբեջանական գերության դժոխքում՝ 2014-ի օգոստոսին Ինջիղուլյանը մեծ ջանքերի շնորհիվ տեղափոխվեց երրորդ երկիր՝ Ռումինիա, եւ հենց նույն տարում էլ վերադարձավ հայրենիք: Ի՞նչ պայմաններում է այսօր ապրում Հակոբ Ինջիղուլյանը, հասցրե՞լ է արդոք իրագործել երազանքները:

Բաքուն ու Կասպից ծովը Հակոբ Ինջիղուլյանը տեսավ արդեն, երբ գերության մեկ տարին թողնում էր հետեւում, իսկ Բաքու մտել էր, կամ ավելի ճիշտ գերի ընկած Հակոբին բերել էին աչքերը կապած։ Բաքվից հեռացավ իր հետ տանելով ծանր ու դաժան հուշեր, որոնք ամեն օր սեւ գծի նման անցնում են աչքի առջեւով, ու կյանքը արեւոտ տեսնելու՝ հույս ու լույս տալիս:

Հակոբ Ինջիղուլյանի գերության մեջ հայտնվելու լուրը՝ անձամբ եմ Հանրային ռադիոյի եթերում կարդացել, եւ 5 տարի անց՝ առիթ ունեցա հանդիպելու ադրբեջանական բանտախցի դժոխքը հաղթահարած Հակոբին՝ երեխանների եւ տիկնոջ ընկերակցությամբ: Մարինեի՝ տիկնոջ հետ Հակոբը հանդիպել է գերությունից հետո՝ պատահական, ու սիրահարվել: Այսօր ամուսինները՝ երկու երեխա ունեն՝ 3 տարեկան Գայանեն, 2 տարեկան՝ Գեւորգը, իսկ հոկտեմբերին լույս աշխարհ կգա՝ երրորդ բալիկը:

Անունը դեռ չենք որոշել՝ ուրախ աչքերով պատմում է Հակոբը, որի զրույցը հաճախ ընդհատվում էր երեխաների չարաճճիությունների եւ լացի պատճառով, ու օգնության էր գալիս՝ կինը Մարինեն.

«Ես Հակոբենց կողքի գյուղից եմ՝ Օշականից: Հիշողոթւունների դեմ պայքարեցինք միասին: Իր հայրենասիրութունը ինձ գրավեց: Գերության մասին, ինչ պետք է գիտեմ, ինչն էլ գաղտնիք է՝ չգիտեմ: Հակոբի լավատեսությունը օգնեց մեզ, միշտ նայում ենք առաջ: Ապրում ենք այս տանը՝ մեկ սենյականոցում, երկու երեխա ունենք, երրորդին՝ սպասում ենք: Հակոբի գերության ժամանակ վարկեր են կուտակվել, որը դժվարացնում է մեր առօրյան: Եթե չլինի, կարծում եմ հեշտ կլինի»:

Հիշողությունները հաղթահարված են, բայց ցավը՝ ապաքինված չէ: Հակոբն այսօր աշխատում է ՊՆ, Արարատում վարձով է բնակվում: Շնորհակալ է պետության ցուցաբերած աջակցությունից, բայց սոցիալական դժվարությունները ավելացրել է վարկային բեռը: Ասում է, սիրում եմ հայրենիքս եւ մեկ րոպե անգամ չեմ մտածում Հայաստանից հեռանալու մասին: Ցանկանում եմ ծառայել հայրենիքիս՝ հպարտորեն ասում է Հակոբը, ու կրկին շեշտում, որ գերության տարիներին հույս չուներ, որ կհասնի Ոսկեվազ՝ ծննդավայր: Ի դեպ, երկրից մեկնելու առաջարկ Հակոբն ստացել է բարեկեցիկ Ֆինլանդիայից:

«Եթե ես ցանկություն չունենայի գալու՝ ավելի լավ կյանքս կդասավորեի: Իմ խղճի դեմ պատասխան տալու համար վերադարձել եմ Հայաստան: Հիմա մեր երկրում ոնց կմատածեն իմ գերության եւ վերադարձի մասին, իրենց գործն է: Կարեւորը Հայաստանի իշխանություններն են, որոնց ես շատ հարգում եւ սիրում եմ, ինձ վստահում են: Հետո էլ, մեր զինվորները, երբ ձերբակալեցին ադրբեջանցի դիվերսանտներ, իրենցից մեկի մոտ եղած տեսախցիկի մեջ կար իմ հարցազրույցը, որը ամբողջությամբ ապացուցում է իմ անմեղությունը: Աստվածն էր իմ կողքին կանգնած՝ սկզբից մինչեւ վերջ, որ արկի վրա չեմ կանգնել, շատ բաներ կան: Ես Աստծո մարդ եմ»:

Հակոբը ծառայել է Ասկերանում, չի վերադարձել այն վայրը, որտեղ 2013 թվականին մոլորվել էր, ցանկություն չունի, բայց եւ երբեք չի մոռանա, թե ինչպես հայտնվեց գերության մեջ, ինչպես իրեն ընդունեց ադրբեջանական ընտանիքը, ինչ զրկանքներ կրեց առաջին երկու օրերին: Օրեր, որոնք երբեք չեն ջնջվի հիշողությունից՝ ասում է Հակոբը:

«Գիշերը ջուր բերելու ժամանակ մոլորվել եմ, հայտնվել ադրբեջանական գյուղում: Թակել եմ դուռը, ինձ թվաց արցախցու տուն է: Ինձ դիմավորեցին տարեց ամուսիններ՝ կին, տղամարդ եւ երիտասարդ տղա: Խնդրեցի ինձ ասեն՝ թե՞ որտեղ է մարտական հերթապահության տեղը: Տարօրնակ լեզվով խոսեցին, հասկացա, թե որտեղ եմ: Վախեցա չփախա, դանակ պահեցին, զինվորներ կանչեցին, կապեցին, մեկ օր թողեցին այնտեղ, հետո տարան Բաքու»:

Հակոբ Ինջիղուլյանը սիրում է ամառային արեւոտ օրերը, մռայլ եղանակ չի սիրում: Բաքվում արեւ չեմ տեսել՝ ասում է: Օրացույցային մեկ տարի անցկացրել է բանտախցում, պարբերաբար հարցաքնն են, կտտանքների ենթարկել, սոված եւ ծարավ օրեր է անցկացրել, բայց միշտ հավատացել է, որ սեւ օրերը վերջանալու են: Ադրբեջանցիները հավատացին, ավելի ճիշտ վստահ էին, որ մոլորվել եմ, դրա համար ուղարկեցին երրորդ երկիր, նաեւ աշխարհին մարդասեր երեւալու ցանկություն ունեին՝ ասում է ադրբեջանական գերության դժոխքը հաղթահարած Հակոբը: Արդո՞ք հայ այլ գերիների տեսել է Բաքվի ռազմական ոստիկանության բանտախցում։

«Սովորական բանտարկյալների խուց էր՝ մեկ աթոռ, մեկ սեղան, անկողին, եւ բարձր պատուհան: Ադրբեջանցիներ էին, թե՝ ոչ չգիտեմ, բայց շատ ադրբեջանցիներ կային, որոնք Գյումրու, Արցախի բարբառով շատ լավ էին խոսում։ Դա կասկածի տեղիք էր տալիս: Այն ադրբեջանցի դիվերսանտը, ում մոտ գտնվել էր իմ ձայնագրությունը, հենց ինքը շատ լավ էր խոսում Գյումրու բարբառով: Ասում էր, որ իր մայրը հայ է, ինքը՝ Վրաստանից: Բաքվում տեսել եմ 5 հոգանոց հայ ընտանիքին, որոնք ապաստան էին խնդրում, նրանց հետ գաղտնի կապերն էլ եմ ունեցել: Իրենց հետ էլ էին շատ վատ վերաբերվում: Ես առաջին հարկում էի, իրենք՝ երկրորդ: Մենակ եմ եղել խցում, լսել եմ, որ այդ խցում են սպանել Կարեն Պետրոսյանին, Մանվել Սարիբեկյանին: Իրենք ինձ ասել էին, որ պետք է վատաբանես երկիրդ, նախագահին, բայց բոլորս գիտենք՝ թե ով է թուրքը»:

Հակոբն առողջական վիճակից չի դժգոհում, բուժզննություն պարբերաբար անցնում է: Շատ լավ տեղյակ է, որ գերության ընթացքում գերեվարվածներին ադրեբեջանցիները տարբեր ներարկումներ են անում։

Հակոբին էլ են ներարկել, ասում է երկու անգամ, հարցազրույցից առաջ, որպեսզի տեսախցիկի առաջ պատմի ադրբեջանական քարոզչամենքենայի հորինածը՝ ներքին լսարանի համար ականջ շոյող պատմություններ: Հակոբը երկրորդ ծննդյան օր ունի, Բաքուն լքելու օրը՝ 2014 թվականի օգոստոսի 26. «Բաքուն տեսել եմ հետ գալուց, աչքերս փակ մտել եմ, բաց՝ դուրս եկել: Համացանցի միջոցով այս ընթացքում ադրբեջանցիները չեն փորձել կապ հաստատել իմ հետ, մի քանի անգամ սոցցանցերիս էջերն են կոտրել»:

Հինգ տարի անց էլ Հակոբը պնդում է, որ հայտնվել է ադրբեջանական գյուղում՝ մոլորվելով: Եթե չխոսեի ու ինձ չպահեի իրենց ասածով՝ կգնդակահարեին, իսկ ուզում էի տուն վերադառնալ՝ ադրբեջանական գերության ծանր օրերը վերհիշելով ասում է Հակոբ Ինջիղուլյանը:

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

armradio.am