Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարցին՝ Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ եք, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ զրույց, շփում՝ այո։ «Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»։

Արդյոք ղեկավարների հանդիպման անդրադարձ եղե՞լ է և ուրվագծվո՞ւմ է առաջիկայում, ԱԳ ղեկավարը հորդորել է՝ մի փոքր էլ համբերել։ «Մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի և հանդիպման համար, ու հյուրընկալող կողմը պետք է ասի՝ ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»։ Հստա՞կ է արդյոք, որ Վաշինգթոնն է հյուրընկալելու, Զ. Մնացականյանն արձագանքել է, որ ակնկալվում է։

Հարցին՝ Մամեդյարովը նորից պնդել է, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային գործընթաց, ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են՝ ինչ են բանակցում, Զ. Մնացականյանը նշել է. «Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»: