«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վերջին քննադատություններն Արցախում բուռն քննարկումների առարկա են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրերս շատ խիստ բարկացել է Վիտալի Բալասանյանի վրա:

Բ. Սահակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց փոխհարաբերությունները շատ լավ են, իրենք միմյանց հետ «հաց են կիսում», իսկ Բալասանյանն իր պահվածքով պարզապես փչացնում է այդ հարաբերությունները, ավելին՝ բացասաբար ազդում ՀՀ-Արցախ հարաբերությունների վրա:

Այլ կերպ ասած` Վիտալի Բալասանյանի վերջին քայլերն ինքնագործունեության հետեւանք են, այլ ոչ թե Ղարաբաղի իշխանությունների վերաբերմունքի արտացոլում:

Բալասանյանն Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ է ներկայացրել, եւ համառ տեսակետ կա, որ նա իրականում նախընտրական քարոզարշավ է անում այսպես: Պատահական չէ, որ օրերս Արցախի խորհրդարանից եկած պատվիրակության հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե տեսախցիկների առաջ արված հայտարարությունները պետք է համապատասխանեն առանց տեսախցիկների արվող հայտարարություններին:

Ինչեւէ, տեղեկությունը փորձեցինք ճշտել Բալասանյանից, սակայն վերջինս մեր զանգերը թողեց անպատասխան: Իսկ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց Բակո Սահակյան-Վիտալի Բալասանյան զրույցը` խուսափելով հստակ պատասխանել այդ հարցին, սակայն ընդգծեց, որ իրենք մշտապես կողմ են եղել հարաբերությունները չսրող հայտարարությունների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում