Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում 13-ամյա երեխա է հղիացել, հարազատները պնդում են՝ երկու համադասարանցիներն են բռնաբարել: Երեխայի հղիության փաստը մայրը բացահայտել է 5 ամիս անց, երբ երեխային տարել է Վաղարշապատի հիվանդանոց: Այս մասին Tert.am-ին պատմեց երեխայի մայրը:

«Երեխաս չի կարող կողմնորոշվել, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել, որ ամսի որ օրը: Դասերից հետո երեխաները մնացել են հերթապահության՝ դասարանը մաքրելու: Իրենք ամեն ուրբաթ մնացել են հերթապահության»,- ասաց երեխայի մայրը և հավելեց, որ ունի զույգ աղջիկներ, որոնք սովորում են նույն դասարանում, և դասերից հետո երկու համադասարանցի տղաների հետ են մնացել:

«Քույրերից մեկը դասարանն ավլելուց հետո տարել է աղբը թափելու, հետ է վերադարձել և տեսել, որ դասարանի դուռը փակ է»,- պատմեց նա:

Ըստ երեխայի մոր՝ քույրը դուռը թակել է, ձայն չի եղել, օգնություն է կանչել, բայց դպրոցում ոչ ոք չի եղել: «Նորից է դուռը թակել, դուռը բացել են, և համադասարանցի այդ երեխաները սպառնացել են՝ եթե որևէ մեկին ասեք՝ երկուսիդ էլ կսպանենք, այնպես չանեք, որ ձեզ սպանենք: Քույրը հարցրել է, թե ինչու ձայն չի հանել, պատասխանել է, թե բերանը փակել էին ու բռնաբարել»,- նշեց նա:

Մոր խոսքերով՝ երեխան մտավոր խնդիրներ ունի, առաջին կարգի թոշակառու է, նաև աղիքային խնդիրներ ունի: «Նկատել եմ, որ քաշը ավելացել է, կազմվածքը փոփոխվել է, գլխի եմ ընկել, որ մի բան այն չի, տարել եմ հիվանդանոց, պարզվել է, որ աղջիկս հղի է: Չգիտեմ՝ ինչ կատարվեց ինձ հետ, ինչ եղավ, ուշքի եմ եկել, արդեն աղջկաս հետ Վաղարշապատի ոստիկանության բաժնում էինք»,- ասաց նա և հավելեց.

«Արդեն չորս օր է՝ ինձ ու երեխայիս տանում-բերում են: Երևանի առաջին հիվանդանոցում են հետազոտել, ինը հատ անալիզներ են վերցրել: Բժիշկներն ասել են, որ վնասվածքներ, պատռվածքներ չունի, հետևաբար հղիությունն իր հասակի երեխայից է: Այդ երեխաներին էլ ասում ենք, ասում են՝ դեռ պատասխանները չեն եկել, որ իրենք են: Այդ տղաներին ոչ ոք ոչինչ չի ասում, չեն կանչում ոչ բաժին, ոչ որևէ այլ տեղ: Մենք անտեր, անտիրական ենք, ոչ ոք չունենք գլխներիս, այսպես են վարվում մեզ հետ»:

Նա պատմեց նաև, որ ունի 15 տարեկան տղա, որը հոգեկան խնդիրներ ունի և Խարբերդի մանկատանն է: «Երեք օր գնացել ենք ոստիկանություն, ոչինչ չեն ասել, հիմա էլ փորձում են տղայիս գլխին սարքել: Ուզում են գցել տղայիս վրա, թե իբր նա է արել: Երեկ կանչել էին ոստիկանությունից, ասացի՝ չհասկացա, կաշա՞ռք եք վերցրել, որ հիմա էլ ուզում եք տղայիս գլխին սարքել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ իրենց անիմաստ քաշքշում են: «Հեչ չեն ասում՝ անապահով են, վատ վիճակում են, իմ կողքն էլ ոչ մեկը չկա կանգնած: Դպրոցից ոչ մեկը չի եկել իմ տուն, չի հետաքրքրվել: Ոստիկանությունը միայն մեզ է քաշքշում, այդ տղաներին ոչինչ չեն անում: Պետք է ԴՆԹ-ի թեստ հանձնեն, որ հասկանանք, թե երեխան ումից է: Ասում են՝ երեք-չորս ամիս կտևի, ո՞նց է աղջկանիցս կարողացան արագ վերցնել:

Իմանան՝ ումից ա, ինչից ա, ասում են՝ երեք չորս ամիս տևում է, որ էդ տղաներին ԴՆԹ անեն, այդ ոնց է՝ աղջկանիցս կարողացան արագ վերցնել, իրենցից չէ: Ամեն օր չլչլում են մեզ: Ես այդքան գումար չունեմ, որ երեխեքիս վերցնեմ, տանեմ-բերեմ, հնարավորություն չկա: Մեզ էլ այսպես տանջում են»,- եզրափակեց նա:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից դեպքի վերաբերյալ հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են:

Նյութի աղբյուրը՝ Tert.am