Երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։ Այնուհետև օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նա հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով բենզինը լցրել է իր վրա և ցանկացել է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Մխիթար Ա.-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Նյութի աղբյուրը՝ shamshyan.com