Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը. այս նյութը գրում եմ հատուկ բոլոր այն կառույցների համար, ովքեր փորձում են վարչապետի կոչը նույնականացնել սահմանադրական կարգի տապալման հետ և որակել որպես ճնշում արդարադատության նկատմամբ: Նախորդ նյութում նշել էի, որ իր կոչով վարչապետն ընդհակառակը վերականգնում է սահմանադրական կարգը, հանցավոր ռեժիմի մնացուկ դատավորներից դատական իշխանությունն ազատագրելով և ժողովրդին վերադարձնելով: Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը: Ըստ աղբյուրի` Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ` Վազգեն Ռշտունի՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ, դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Սակայն աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել: Վերոնշյալ անձինք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում սահմանադրական կարգը տապալվել է, թե՞ ոչ: Եթե դա նրանց հաջողվեր, ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը, Վազգեն Ռշտունու գլխավորությամբ, այն հիմքով, որ գործը կասեցված է և գտնվում է Սահմանադրական դատարանում, մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը: Սահմանադրական դատարանը ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ և որոշում կայացներ, որ Քոչարյանի արարքների հետևանքով սահմանադրական կարգը չի տապալվել: Եվ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ազատվում էր իր հիմնական մեղադրանքից՝ սահմանադրական կարգի տապալումից: Նույն աղբյուրը նաև նշել է, որ Քոչարյանը և պաշտպանական կողմը նախօրոք տեղյակ են եղել կայացվելիք որոշումից, ավելին այն քննարկվել է իրենց հետ: Նրանց խաղաքարտերը խառնվել են, երբ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ահազանգել է դավադրության մասին և կոչ արել ժողովրդին հավաքել Նոր Նորքի դատարանի մոտ: Ստիպված Քոչարյանին դատարան չեն բերել` մտավախություն ունենալով, որ ժողովուրդը չի թողնի նրան հեռանալ դատարանից: Այն մասին, որ Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ, ըստ նույն աղբյուրի, Ռ.Քոչարյանը Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու, հեռացել է այնտեղից, նախօրոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով: Այստեղ արդեն հարցեր են առաջանում նաև Արդարադատության նախարար Զեյնալյանին: Կարծում եմ` այս պարագայում խոսել արդարադատությանը միջամտելու կամ ընդհանրապես դատական համակարգի մասին ավելորդ է: Այն ոչ միայն չկա Հայաստանում, այլ պետք է ազատագրվի և նորն ստեղծվի: Այնպես, որ խորհուրդս վարչապետի գործողություններում անօրինականությունների հիմքեր փնտրողներին՝ եթե վերը նկարագրվածի 10%-ը ճիշտ է, ապա մենք գործ ունենք ՀՀ պետության և ժողովրդի դեմ պլանավորված դավադրության հետ, այլ ոչ թե արդարադատության հետ և վարչապետը պարտավոր է կանխել և վնասազերծել, իսկ հարուցված քրեական գործով պետք է պարզվեն դավադիրների ողջ շրջանակը: Այնպես, որ հանգիստ նստեք տեղներդ և սպասեք զարգացումներին»: