Դատական համակարգի վերաբերյալ իր ուղերձում ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Արցախում ընթացող ներքաղաքական գործընթացներին ու ապրիլյան պատերազմին: Փաշինյանը հայտարարեց, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժեր, որոնք փորձում են կիրառել բանաձևը՝ տարաձայնություններ, հակասություններ ու թշնամանք հրահրել Հայաստանի ու Արցախի ժողովրդի միջև:

«Հայաստանում համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցներն ավելի են տուժել: Նախկին համակարգի ներկայացուցիչները գործադրում են իրենց կապերը Արցախում ՀՀ կառավարության ու վարչապետի դեմ ստահոդ լուրեր տարածելու համար:Դրա տակ տեսնում եմ անգամ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ տարածքներ հանձնելու ու դրա պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու մտադրություն: Սա համարում եմ պետական դավաճանություն:

Ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներ այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու:Հասունացել է ժամանակը 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ու մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար:

Շարունակելով Արցախ-ՀՀ թեման՝ կոչ եմ անում Արցախի ժողովրդին՝ ոչ ասել այն ուժերին, որոնց քայլերն ուղղված են ժողովուրդների երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն:

Աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս ՀՀ ժողովրդի ու կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից, մյուս բոլոր ուժերը միայն մեկ նպատակ ունեն՝ արցախցիներին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու համար»: