Արցախի նախագահ Բակո Սահակյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը՝ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։

«Ես այդպիսի տեղեկություն պատգամավորներին տվել եմ, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ռազմական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վարչապետն իրավասու է այդպիսի առաջարկությամբ հանդես գալու»,- ասաց Բակո Սահակյանը։

Հարցին, թե իր կարծիքով՝ կարիք կա՞ Քննիչ հանձնաժողով ստեղծելու, Բակո Սահակյանը պատասխանեց․ «Իմ կարծիքը եղել է այն, որ ցանկալի է, որ նման հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են իրենց ծառայությամբ ու գործունեությամբ օգնելու, եթե կան չբացահայտված պահեր, բացահայտելու, եթե կա լրացուցիչ ճշտումներ մտցնելու անհրաժեշտություն, այդ ճշտումները մտցնելու»։

Լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ ապրիլյան պատերազմից առաջ հետախուզությունը ճշգրիտ տվյալները տվել է։ «Ես դրա համար էլ ասում եմ՝ եթե կա այդպիսի անհրաժեշտություն լրացուցիչ աշխատանք կատարելու, ցանկալի է, որպեսզի այդ խմբում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր ի վիճակի են իրենց մասնագիտական կարողություններով օգտակար լինել»,- պատասխանեց Բակո Սահակյանը։