Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1989թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Հրազդան գետը և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Վ-ն և ուղևոր Լ. Ֆ-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել ավտոմեքենայի վրա։

Փրկարարները գետում գտնվող ավտոմեքենայի վրայից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող Ա. Վ-ին և Լ. Ֆ-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ-ից տեղեկություն է հաղորդվել, որ Ա. Վ-ն հոպիտալացվել է մահացած, իսկ Լ. Ֆ-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Ժամը 01:14-ին տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան: