28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ սպանության մեջ մեղադրվող «Վարդա» գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ակումբի տնօրեն Արոյանի պաշտպան Գեորգի Մելիքյանից. «Որոշում է կայացվել իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ անհրաժեշտ պաշտպանության կանոնների կիրառմամբ իրավաչափ ճանաչելու հիմքով»,-փոխանցեց նա։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 6-ին. Ստացված ահազանգի համաձայն «Վարդա» գիշերային ակումբի մոտ հաճախորդը վիճաբանել էր նույն ակումբի տնօրենի հետ՝ գիշերային ակումբ մուտք գործելու հետ կապված, ինչը վերածվել էր ծեծկռտուքի: Միջադեպի ժամանակ 28-ամյա երիտասարդը և ակումբի տնօրենը դանակով հարվածներ էին հասցրել միմյանց , որի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածներից 28-ամյա երիտասարդը տեղում մահացել էր, իսկ ակումբի տնօրենը կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Արարատի մարզային քննչական վարչությունում կատարված քննության արդյունքում պարզվել է, որ տնօրենը գործել է ինքնապաշտպանության շրջանակներում, նրա մոտ դանակ չի եղել. Նա այն խլել է հաճախորդի ձեռքից։ Մասնավորապես, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտպան Գեորգի Մելիքյանը ներկայացրեց՝ մահացած երիտասարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ իր պաշտպանյալը թույլ չի տվել, որ նա ակումբ մտնի եւ պարտքով օգտվի ակումբի ծառայություններից։ «Երբ իմ պաշտպանյալը դուրս է եկել իր ակումբից, այդ մարդը նրա հետեւից գնացել է, նրանց միջեւ վիճաբանություն է եղել, ու նա երկու դանակով հարձակվել է իմ պաշտպանյալի վրա՝ կրծքավանդակին հասցնելով 4 վնասվածք։ Այդ ժամանակ արդեն միջամտել է ակումբի բարմենը, ով եւս դանակի հարված է ստացել սրտի շրջանում»։

Պաշտպանի խոսքով՝ ակումբի տնօրենը փորձել է փախչել, երիտասարդը նորից գնացել է նրա հետեւից եւ դանակով հարվածել արդեն գլխին. «Դրանից հետո իմ պաշտպանյալը խլել է դանակներից մեկը եւ հարվածել նրան։ Նա էլ, երկրորդ դանակը նետելով, փորձել է փախչել, եւ ճանապարհին էլ ստացված հարվածից մահացել է»։

Այսպիսով, սպանության դեպքի առթիվ քրեական գործը կարճվել է, իսկ ծեծի եւ տնօրենի նկատմամբ սպանության փորձի մասով վարույթը կարճվել՝ որոշվել է նաեւ հիշյալ երիտասարդի Ա. Ս.-ի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ-ի 118-րդ եւ 34-104-րդ հոդվածներով՝ մահացած լինելու հիմքով։

Աղբյուր` Փաստինֆո