Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին: Նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն է, նրա թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ երկրները:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպմանը նշել է, որ Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին՝ Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ կառույցի գլխավոր քարտուղարը իր լիազորությունների շրջանակում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։

ՀԱՊԿ գլխավոր թեկնածուի շուրջ սկանդալը ծավալվեց այն բանից հետո, երբ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթարկվեց Յուրի Խաչատուրովը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն է, Հայաստանի ժամկետը լրանում է 2020-ին:

Անցյալ տարվա նոյեմբերին ՀԱՊԿ Աստանայի (ներկայում՝ Նուր Սուլթան) վեհաժողովում Բելառուսն ու Ղազախստանը փորձեցին անցկացնել Զասին թեկնածությունը: Միեւնույն ժամանակ, Աստանայի վեհաժողովում Բելառուսն ու Ղազախստանը քննարկման դրեցին ՀԱՊԿ ընդլայնման ու գործընկերոջ կարգավիճակի հարցերը: ԶԼՄ-ներն այդ ժամանակ գրեցին, որ այդ փոփոխությունների նպատակը նախեւառաջ Ադրբեջանի լոբբինգն էր, նրան գործընկերոջ կարգավիճակով ՀԱՊԿ-ում ընդգրկելը:

ԶԼՄ-ները գրեցին նաեւ, որ Ստանիսլավ Զասը ավարտել է Բաքվի Ռազմական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը եւ սերտ կապերի մեջ է Ադրբեջանի զինվորական վերնախավի հետ: Նա համարվում է Ադրբեջանին Պոլոնեզ համակարգեր վաճառելու «կնքահայրը»: Հնարավոր է Զասը կապված է նաեւ ֆինանսական խոշոր սխեմաների հետ, ինչպիսին է ադրբեջանական սպառազինության ոլորտը, գրում էին ԶԼՄ-ները:

Հայաստանը վետո կիրառեց թե գլխավոր քարտուղարի, թե ՀԱՊԿ ընդլայնման հարցերում:

ՀԱՊԿ Աստանայի այդ վեհաժողովը սկանդալային ստացվեց նաեւ այլ առումներով: Չհաջողվեց համաձայնեցնել համատեղ ՀՕՊ եւ ՀՀՊ հարցը, որը Մոսկվան էր ցանկանում: Լուկաշենկոն եւ Նազարբաեւը չկարողացան կազմակերպել Ադրբեջանի նախագահի այցը Աստանա եւ նրան ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ շնորհել:

Հայաստանի բարձրացրած հարցերն ու մոտեցումները բացահայտեցին, որ այդ մարգինալ բլոկը նույնիսկ մշակված կանոնադրություն չունի այն դեպքերի համար, երբ առաջանան արտակարգ իրավիճակներ: Հայաստանը դրեց հենց այս՝ ՀԱՊԿ բովանդակության ու գործունակության հարցը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե ոչ:

«Խնդիրը ավելի խորն է և բովանդակային ու, անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել», Աստանայից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դատելով նրա հայտարարություններից՝ գլխավոր քարտուղարի խնդիրը Հայաստանը դիտարկել է որպես լծակ՝ ՀԱՊԿ կանոնադրական ճշտումների հասնելու եւ Ադրբեջանի «մուտքն» այս կամ այն կարգավիճակով փակելու համար: Ըստ ամենայնի՝ ՀԱՊԿ բնույթը հասկանալու մասին նրա թեզը հենց այս խնդրին էր միտված:

Փաստացի, Հայաստանը պահպանեց իր քվոտան, թեեւ չկարողացավ նշանակել իր թեկնածուին, եւ բելառուսի թեկնածուն պաշտոնին կանցնի 2020 թ. հունվարի 1-ից, երբ ավարտվի Հայաստանի քվոտան: Միեւնույն ժամանակ, դատելով Զոհրաբ Մնացականյանի խոսքից, համաձայնություն կա նաեւ լրացնել կանոնադրական բացերը:

Զասի հետ հանդիպմանը Մնացականյանը կրկին բարձրացրել է ՀԱՊԿ-ի բովանդակության խնդիրը, ակնարկելով, որ այս կառույցը մինչ այժմ չի կատարել իր դաշինքային գործառույթները: Խնդիրը տվյալ դեպքում Հայաստանն է, որն ըստ էության օտար տարր է այդ մարգինալ բլոկում: ՀԱՊԿ անդամների մեծամասնությունը Հայաստանի դեմ անթաքույց լոբբինգ են անում Հայաստանի թշնամի երկրի՝ Ադրբեջանի օգտին:

Կփոխվի՞ արդյոք այս իրավիճակը: Դժվար թե: Միեւնույն ժամանակ, Հայաստանի դիրքորոշումն ու հարցադրումները մի կողմից բարձրացրել են Հայաստանի դերն այս կազմակերպությունում, մյուս կողմից՝ Հայաստանն ազատվեց ՀԱՊԿ-ի հանդեպ նախկին միակողմանի պարտավորություններից, պատասխանատվության տակ դնելով այդ մարգինալ դաշինքին:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am