Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկից Սուրբ Գրիգոր Լուսավորչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված խաչմերուկում Higer մակնիշի 4626 Տ համարանիշի ավտուբուսը վրաերթի է ենթարկել իրեն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 80-ամյա Լևոն Մելոյանն է, իսկ վարորդը եղել է Երևանի բնակիչ՝ 57-ամյա Վահագն Մանուկյանը։ Մինչ հետաքննիչը դեպքի վայրում զննություն էր կատարում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լ. Մելոյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել հիվանդանոցի լուսամուտից և տեղում մահացել։ Նշված փաստով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: