Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Սարգիս Վարդանյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը:

Տուժողների իրավահաջորդները բողոքել են Սարգիս Վարդանյանի դեմ ու պնդել են, որ նա ենթարկվի պատասխանատվության ու խստագույն պատժի:

Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Ռուբեն Բալոյանն է, իսկ տուժող Խաչիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Զարուհի Վարդանյանը:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատական քննության ընթացքում դռնբաց պայմաններում հրապարակվել է ամբաստանյալի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունների զննության արձանագրությունը: Մասնավորապես՝ հրապարակվել է Սարգիս Վարդանյանի և Սուրեն Մ.-ի այն խոսակցությունը, որի ժամանակ Սարգիսն առաջարկել էր, որ Սուրենն իր վրա վերցնի վթարի մեղավորությունը.

«Սարգիս-Հալալ ախպերդ կարա՞ քեզ մի բան խնդրի»:

«Սուրեն-Հա, ո՞նց չի կարա»:

«Սարգիս-Ոտքի վրա ձիգ ձևի քեզ պահի, բ…-ի տղա ըլնեմ, մինչև վերջ, Աստվածիս արև, տղու պես հետդ եմ…»:

«Սուրեն-Տոչնի ա սաղ… Կասեմ՝ վատ եմ զգացել պռոստը ինձի…»:

Սակայն Սուրենի՝ «մեղայականով» ներկայանալու կեղծ լինելը կարճ ժամանակում բացահայտվել է, Սուրենին բաց են թողել, դրանից հետո Սուրենը Սարգիսի եղբայր Սերժի հետ հեռախոսային խոսակցությունում ասել է.

«Սուրեն-Կամերաներով սաղ դրած-նկարած… Աբովյան-խաչմերուկի կամերաներով… Էդի բերին ցույց տվին,ասին՝ ո՞ւր ես, ինձի չտեսան…»:

«Սերժո-Բա ո՞ւմ տեսան…»:

«Սուրեն-Չեմ մանում, ընդեղ սաղ խառը խշտի… 100 տոկոս սաղ էրևում էր, հատ-հատ սաղ էրևում ա…»:

«Սերժո-Էդի հեսա Շամշյանը կգցի սայտ…»:

«Սուրեն-Չեմ մանում ոնց ա էղել… Էն կամերաներից կար՝ ֆռովիներից, սաղ սենց ֆռցրե նկարել էին… սաղ էրևում ա՝ ընդեղ ինչա, ոնցա…»:

Գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հրապարկումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Մարտիրոսյանը ևս մեկ անգամ միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը պահանջի ու պաշտպանական կողմին տրամադրի Սարգիս Վարդանյանի մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերահսկում իրականացնելու թույլտվության վերաբերյալ բոլոր նյութերը:

Դատական նախորդ նիստում փաստաբանը հիմնավորել էր միջնորդությունը՝ անդրադառնալով նաև միջնորդության դեմ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների գրավոր առարկություններին:

Դատական այս նիստին նախկին դատախազ, ներկայումս փաստաբան ու ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Մարտիրոսյանը կրկնեց նախորդ նիստերին ներկայացրած միջնորդության հիմնական շեշտադրումները՝ նշելով, թե դատարանը դրանք կարող է դիտարկել «Ի լրումն» պաշտպանական կողմի միջնորդության:

Հիշեցնենք, որ ողբերգական պատահարից հետո ոստիկանությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նշելով, թե Սարգիս Վարդանյանը կասկածվում է ծանր հանցագործություն կատարելու համար. ըստ որոշ տեղեկությունների՝ նա դիտավորությամբ էր հարվածել ոստիկանական մեքենային ու նրա գործողություններում կարող էին լինել դիտավորությամբ տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներ, որոնց արդյունքում տուժողները մահացել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին, 2-րդ մասերով:

Հետաքննության մարմինը դատարանին միջնորդել էր թույլատրել «Սարգիս Վարդանյանի կողմից շահագործվող» հեռախոսահամարների ելքային ու մուտքային զանգերի վերահսկում օպերատիվ-հետախուզական գործողության իրականացումը: Դատարանն էլ որոշմամբ տվել է այդ թույլտվությունը՝ արձանագրելով, թե որոշումը կայացրել է ներկայացված «նյութերը» հետազոտելով ու կողմերին լսելով: Սակայն գործի քննության ընթացքում չի հաստատվել վարկածը, թե Սարգիս Վարդանյանը դիտավորյալ ծանր հանցագործություն է կատարել: ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով քրեական գործ չի հարուցվել, Սարգիս Վարդանյանն այժմ մեղադրվում է անզգույշ, միջին ծանրության հանցագործության՝ երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի ու պատահարի վայրը թողնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Պաշտպան Մարտիրոսյանը դարձյալ մի քանի անգամ նշեց ու ընդգծեց, որ Սարգիս Վարդանյանը չի կատարել ծանր հանցագործություն, բայց այդ անվան տակ դատարանից թույլտվություն է ստացվել, ու գաղտնալսվել են ինչպես Սարգիսի, այնպես էլ տվյալ գործի հետ ոչ մի կապ չունեցող անձանց հեռախոսազրույցները՝ խախտելով մարդկանց հեռահաղորդակցության սահմանադրական իրավունքը:

Ըստ Հ. Մարտիրոսյանի՝ փաստաբան Ջաղինյանը ժամանակին դիմել է տարբեր կառույցների, սակայն նրան չեն տրամադրել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը» թույլատրելու՝ ոստիկանության կողմից դատարան ներկայացված միջնորդությանը կցված նյութերը:

Պաշտպանը, որ ամբողջ իր խոսքը ձևակերպում էր պաթետիկ ու մեղադրական ոճով, առանձնահատուկ շեշտեց. «Պաթետիկ տոնով արձանագրում եմ, որ սրա համար պետք չէ, որ անցումային արդարադատություն լինի»:

Դատարանը պահանջեց, որ պաշտպանական կողմը ներկայացնի, թե կոնկրետ ո՞ր կառույցներին է դիմել վերոհիշյալ նյութերը ստանալու պահանջով ու ինչ պատասխաններ է ստացել: Հ. Մարտիրոսյանը նշեց, որ այդ գործողությունները կատարել է ամբաստանյալի մյուս պաշտպանը՝ փաստաբան Ջաղինյանը:

Դատարանը հարցրեց՝ ի՞նչ կապ ուներ տվյալ դեպքում «անցումային արդարադատությունը», որին հղում կատարեց պաշտպանն իր խոսքում:

Պաշտպանը, որ յուրաքանչյուր հարցին ծավալուն պատասխան էր տալիս, այս անգամ ընդգծեց. «Փոքր-ինչ փորձեմ ծավալվել…»: Այնուհետև նշեց, թե այնպիսի խախտումները, ինչպիսիք թույլ են տրվել այս գործի քննության ժամանակ, «պատուհաս են դարձել մեր գլխին… Էս մարդուն մեղադրել եք ծանր հանցագործության մե՞ջ, նյութերը տրամադրեք…»: Ըստ պաշտպանի՝ պետությունն ու կառավարությունը նաև այս դեպքերի համար են կյանքի կոչում անցումային արդարադատությունը:

Պաշտպանը ևս մեկ անգամ անդրադարձավ մեղադրող Մարգարյանի կողմից հնչեցված առարկությանը, թե Սարգիս Վարդանյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելու վերաբերյալ որևէ ապացույց նշված չէ մեղադրական եզրակացության մեջ: Բայց պաշտպանն ընդգծեց, որ մեղադրանքի հիմքում, որպես այլ ապացույց, դրված են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման վերծանումները: Պաշտպանն ընդգծեց՝ օրենքով հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր հանցագործության կատարման համար: Օրենքի այս կարգավորումը շրջանցելու համար է, ըստ պաշտպանի, իր պաշտպանյալին վերագրվել ծանր հանցագործությունը, որը հետագա քննությամբ չի հաստատվել:

Դատարանը մի քանի անգամ ընդհատեց պաշտպանին՝ դիտողություն անելով, թե նա կրկնում է արդեն ասված մտքերը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռ. Բալոյանն ընդդիմացավ. «Արդեն հինգ նիստ է՝ նույն բանն ենք լսում, ինչքա՞ն կարելի ա՝ մի հատ՝ բանավոր, մի հատ՝ գրավոր… Վերջնական տարբերակը գրավոր տվեք, պատասխանենք… Խնդրում եմ, սահմանափակեք պաշտպանի ելույթը, թե չէ հաջորդ նիստերին չեմ գա…»:

Մեղադրող Մարգարյանն էլ նշեց. «Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ… Ես հասկանում եմ, որ պաշտպանը ձգտում է միշտ վերջին խոսքն ասել, թող միշտ վերջին խոսքն ասի, բայց ես հիմա էլ պնդում եմ, որ մեղադրանքի հիմքում դրված չէ պաշտպանի նշած ապացույցը…»:

Դատարանը դիտողություն արեց կողմերին՝ «հաջորդ նիստերին չգալու», «վերջին խոսքն ասելու» արտահայտությունների համար, միաժամանակ դիմեց պաշտպան Մարտիրոսյանին, որ նշի այնպիսի հանգամանքներ, որոնց մասին դեռ չի խոսել դատարանում:

Պաշտպանն ընդունում էր, որ կրկնություններ է թույլ տալիս, բայց դա, ըստ պաշտպանի, արդարացում ուներ. «Երևում է, թե ճշմարտության կրկնությունը որքան անցանկանալի է»: Պաշտպանը նաև որոշակիորեն բարձրացրեց ձայնը և դա բացատրեց հուզական վիճակով:

Դատարանը կողմերին հորդորեց «առանց հուզմունքների» շարունակել նիստը:

Ի վերջո, պաշտպանն արտաբերեց կողմերի սպասած արտահայտությունը՝ Բավարարվում եմ ներկայացրածով:

Դատարանը հորդորեց, որ պաշտպանն ամբողջական տեսքի բերի միջնորդությունն ու դրա «հավելումները» և գրավոր ներկայացնի դատարանին, որպեսզի կողմերը հնարավորություն ունենան ծանոթանալու և իրենց դիրքորոշումը հայտնելու:

Բայց պաշտպանը հայտարարեց, որ պատրաստ է գրավոր միջնորդությունը ներկայացնել դատարանին ու մեղադրողին, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանին այն չի ներկայացնելու, քանի որ նա իր ծավալուն միջնորդությանը մի քանի բառով էր առարկություն ներկայացրել. «Ես երեք ժամ հերքել եմ Բալոյանի առարկությունները, որ նա մի քանի տողով… քամահրական վերաբերմունքով դիրքորոշում հայտնի՞»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը «ծանր չտարավ» պաշտպանի կողմից միջնորդության գրավոր տարբերակն իրեն չներկայացնելու հայտարարությունը, այլ դիմեց դատարանին՝ խնդրելով տրամադրել վերջին նիստերի ձայնագրությունների կրիչները ու ժամանակ՝ դիրքորոշումը ձևակերպելու համար:

Դատարանը բավարարեց Ռ. Բալոյանի միջնորդությունը:

Վերջում անազատության մեջ գտնվող ամբաստանյալը հայտարարեց. «Ամեն ամիս մեկ անգամ է նիստ լինում, ես երեխա ունեմ, որին չեմ տեսել, կարելի է, չէ՞, որ իմ մասին էլ մտածեք»:

Կողմերը որոշակի համաձայնություններ ձեռք բերեցին հետագա նիստերի անցկացման օրերի վերաբերյալ: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 5-ին: