Մայիսի 31-ին հայտնի դարձավ, որ միաժամանակ արձակուրդ են մեկնում նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պետք է նկատել, որ վարչապետի արձակուրդը անսպասելի չէ, քանի որ ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում նա խոսել էր մայիսի վերջին կամ հունիսի սկզբին մեկ-երկու օր հանգստանալու մտադրության մասին:

Անսպասելի է այն, որ վարչապետի հետ համաժամանակ արձակուրդ է մեկնում նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը: Այստեղ իհարկե զուտ կառավարման համակարգի տեսանկյունից արտառոց քիչ բան կա, քանի որ նախագահը չունի գործդիր ֆունկցիա եւ այնպես չէ, որ վարչապեի բացակայությամբ նա պետք է կատարի որոշ լիազորություններ, կամ հակառակը՝ նախագահի բացակայությամբ պետք է կատարի վարչապետը:

Այդուհանդերձ, զուտ քաղաքական համատեքստի առումով Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի համաժամանակյա արձակուրդը հետաքրքիր է:

Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանին է ներկայացնում ՍԴ դատավորի նոր թեկնածություն: Այդ թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է: Այդպիսով, ՍԴ դատավորի ինտրիգը հնարավոր է համարել ավարտված: Խորհրդարանի կառավարող նոր մեծամասնությունը մերժել է նախագահ Սարգսյանի արդեն երկու թեկնածուի, ինչի չհայտարարված, բայց ակնառու պաճառն այն է, որ մեծամասնությունը դատավորի պաշտոնում է ուզում տեսնել Վահե Գրիգորյանին: Նա ՀԱԿ համակիր է, Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդ, ներկայում վարչապետ Փաշինյանի խորհրդականն է:

Մայիսի 29-ին խորհրդարանը մերժել էր Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանին: Ապրիլին մերժել էին նաեւ Գերմանիայում ապրող եւ աշխատող իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանին:

Խորհրդարանի մեծամասնությունը նախագահ Արմեն Սարգսյանից փաստացի ստանում է այն, ինչ ուզում էր: Այստեղ իհարկե հետաքրքիր է այն, թե ինչու՞ է նախագահ Սարգսյանը թեկնածու Վաղարշյանի մերժումից գրեթե անմիջապես հետո առաջադրում այն թեկնածուին, որին ցանկանում է ԱԺ մեծամասնությունը: Նա հանձնվու՞մ է, զիջու՞մ:

Դրա համար Արմեն Սարգսյանն ըստ երեւույթին տեսնում է բավական ծանրակշիռ պատճառ եւ հրաժարվում է հարցը դիտարկել այդ՝ հանձնվել-չհանձնվելու կամ զիջել-չզիջելու տիրույթում: Նախագահ Սարգսյանը վեր է կանգնում ինտրիգային այդ ընկալումներից, անկասկած շատ լավ պատկերացնելով, որ իր քայլը տեղեկատվա-փորձագիտական դաշտի մեծամասնության համար դիտարկվելու է իրականում հենց այդ ցածր հարթության վրա:

Բայց, այստեղ է նաեւ պետական-քաղաքական միջազգային մասշտաբի գործչի աշխարհայացքի, դիտարկումների, քաղաքական մասշտաբի եւ ստանդարտների տարբերությունը, երբ խնդիրները դիտարկվում են ժամանակային եւ տարածական ավելի հեռահար կտրվածքով:

Բանն այն է, որ թաշյա հեղափոխությունից գործնականում անմիջապես հետո նախկին համակարգին ուղիղ, թե անուղղակի առնչվող շրջանակներ, եւ հնարավոր է անգամ շրջանակներ արտաքին գոտիներից, վարչապետ-նախագահ, կամ կառավարող մեծամասնություն-նախագահ հակադրության գեներացման ջանքի մեջ են:

Իսկ խնդիրն այն է, որ տնտեսա-քաղաքական հին համակարգի ապամոնտաժումից հետո նորի դեռեւս չձեւավորման պայմաններում կառավարող մեծամասնության հետ Արմեն Սարգսյանի ներդաշնակ եւ հավասարակշռված աշխատանքը Հայաստանի նոր իրադրության համար չափազանց կարեւոր գործոն է: Այստեղ առանցքային նշանակություն ունի նաեւ Արմեն Սարգսյանի միջազգային կապերի հանգամանքը:

Այդ աշխատանքը ապահովում է այն բալանսը, որը պետք է ապահովվեր տնտեսա-քաղաքական կյանքի ամուր ինստիտուցիոնալացումը:

Խոշոր հաշվով, Արմեն Սարգսյանի արագ քայլը հուշում է այն մասին, որ նախագահը նկատել է հետհեղափոխական հավասարակշռության սպառնալիք, շտապելով չեզոքացնել այն Վահե Գրիգորյանի թեկնածության արագ առաջադրումով:

Հետո, Նիկոլ Փաշինյանի հետ համաժամանակ, Արմեն Սարգսյանն էլ մեկնում է հանգստի, վարչապետի հետ համատեղ յուրօրինակ «ակցիայով» դրսեւորելով իրավիճակի կառավարելիությունն ու հանգստությունը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am