«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հունիսի 11-ին նախաձեռնել է խորհրդարանական լսումներ, որոնք վերաբերելու են Երևանում իրացման գոտիների թեմային: Ըստ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության՝ լսումների նպատակն է բազմակողմանի քննարկման առարկա դարձնել Երևան քաղաքի իրացված և հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների՝ տարիների ընթացքում լուծում չստացած խնդիրները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական լսումների այդ նախաձեռնությունը շատ հետաքրքիր է դառնում հատկապես ներկայիս ներքաղաքական իրողությունների, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի և իշխանություններին մարտահրավեր նետելու ունակ հզոր ուժի ստեղծման մասին ազդարարելու ֆոնին:

Ռոբերտ Քոչարյանի թե՛ այդ հայտը, թե՛ ակտիվությունն ընդհանրապես առաջին հերթին մարտահրավեր են այլ քաղաքական ուժերի, մինչ իշխանության հասնելը: Եվ այստեղ առաջինների թվում է առնվազն երկրորդի հավակնություն ունեցող ԲՀԿ-ն, ինչպես միշտ: ԲՀԿ առաջ կանգնում է հարցը՝ Ռոբերտ Քոչարյանի հե՞տ, թե՞ նրա դեմ: Որովհյետև երկրորդ նախագահն իր քաղաքական ակտիվությամբ և հայտով ակնհայտորեն ցույց է տալիս, որ գործելու է բավականին հարձակողական մարտավարությամբ, և դա առաջին հերթին վերաբերելու է հենց, այսպես կոչված, ընդդիմադիր տիրույթում հաստատվելու խնդրին: Կստացվի, թե ոչ՝ սա այլ հարց է, սակայն այն, որ այստեղ լուրջ խնդիրներ են կանգնում ԲՀԿ առաջ, անկասկած է:

Այս ֆոնին էլ ԲՀԿ-ն նախաձեռնում է խորհրդարանական լսումներ իրացման գոտիների թեմայով: Մի թեմա, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Աքիլլեսյան գարշապարներից» մեկն է, քանի որ խնդիրը սկսվել է հենց նրա նախագահության շրջանում: Մասնավորապես, Հյուսիսային պողոտայի շինարարությունից մեկնարկեց իրացման գոտիների բնակիչների շահերի, իրավունքների հարցը: Այդ գործերով են տասնյակ հայցեր գնացել ՄԻԵԴ, և դրանք հերթով բավարարվում են Եվրոպական դատարանում՝ Հայաստանի վրա արժենալով տասնյակ և հարյուրավոր հազար եվրո փոխհատուցումներ սխալ կամ անիրավ վճիռների համար: Ինչ խոսք, Հյուսիսային պողոտայից սկսվածը շարունակվել է կառուցապատման այլ նախագծերի դեպքում, նաև արդեն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Սակայն «իրացման գոտու խնդիր» հասկացությունը հայաստանյան հանրային-քաղաքական կյանք, որպես երևույթ կամ օրակարգային հարց, մտել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, և, փաստորեն, «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական լսումների նախաձեռնությունը ֆորմալ իմաստով որևէ կապ չունենալով երկրորդ նախագահի հետ՝ քաղաքական տողատակում ակնհայտորեն նրան թիրախավորում է՝ առնվազն հնարավոր ենթադրական այն ելույթների առումով, որոնք, ամենայն հավանականությամբ, կհնչեն այդ լսումների ընթացքում:

Ըստ երևույթին, ԲՀԿ-ն այդ կերպ նաև կփորձի ցույց տալ, որ իր և Ռոբերտ Քոչարյանի պլանները ոչ միայն նույնական կամ համատեղելի չեն, այլ նաև հակադիր են: Իսկ կպատասխանի՞ Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ կպատասխանի:

Նյութի աղբյուրը՝ 1in.am