ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը` բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է բեթշոփերի գործունեությունը թույլատրել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների` վիճակախաղերով տարվելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ կատալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: Նախագծով նախատեսվում են նաև տարիքային սահմանափակումներ, ինչպես նաև կանխիկ գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում:

 

Օրենքն ամբողջությամբ ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից: Բայց դա չի վերաբերվելու խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում: