Երեւան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում այսօր՝ հունիսի 4-ի առավոտից քաղաքապետարանը ապօրինի շինություն է ապամոնտաժում:

«Կոմիտասի վրա զավթված մայթը վերականգնվում է», -այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաեւ ուղիղ եթերով ներկայացնում էր տեղի ունեցողը:


«Upd. Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը»,-գրել է նա:

Կարապետյանի խոսքով, ակներեւաբար սրճարան կառուցելու նպատակով նորակառույց շենքի կառուցապատողը բավական մեծ տարածք է զավթել մայթից եւ արդեն ամիսներ շարունակ տեւող զգուշացումները անտեսվել են կառուցապատողի կողմից:

Տեղում են իրավապահները, Արաբկիրի թաղապետն ու քաղաքապետարանի ներկայացուցիչը: