Ես Նուր–Սուլթանից մի քիչ շուտ դուրս եմ եկել, որ գամ Ազգային ժողովի հարցուպատասխանին հասնեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ ինքը պնդում էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխարհի որ ծայրում էլ լինի, պետք է ներկա լինի ԱԺ հարցուպատասխանից։

«Անցյալ տարվա դեկտեմբերին որոշվել էր, որ մայիսի 29-ին Նուր–Սուլթանում պետք է լինի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ եւ մենք նախագահող երկիր ենք, այդ ժամանակ չէինք կարող կանխատեսել, որ այս օրը լինելու է Ազգային ժողովի հարցուպատասխան, որովհետեւ Ազգային ժողովը դեռ ձեւավորված էլ չէր։ Երկրորդը՝ նոր խմբագրությամբ սահմանադրության մեջ ձեւակերպումը փոխված է։ Երրորդը՝ հիշում եք, որ Նուր–Սուլթանում ասում էին արագ դուրս են եկել, ես այնտեղից մի քիչ շուտ դուրս եմ եկել, որ գամ Աժ հարցուպատասխանին հասնեմ, ես ասել եմ, որ սովորաբար շարժվում եմ լուսացույցների տակ կանգնելով, օդանավակայանից հանգել եմ, որ ճանապարհները բաց են, որ ես հասնեմ ԱԺ, հասել էի ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերն հանել են, մնացել է մեկ հարց, այնպես որ ձեր գալն անիմաստ է»,–նշեց նա։


Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Փաշինյանը շուտ է հեռացել Նուր–Սուլթանից։ Տարբեր պատճառներ էին շրջանառվում։ Մասնավորապես, որ Փաշինյանին նյարդայնացրել է Պուտինի հետ հանդիպման չեղարկումը, մեկ այլ պատճառ էր նշվում նիստերի դահլիճում արարողակարգով հատկացված տեղը։ Վարչապետի մամուլի քարտուղարը հերքել էր այս տեղեկությունները եւ նշել, որ օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումները տեղի են ունեցել։